Այսօր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում էր ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը, հայտարարեց, որ նյութական պահանջ չունի, սակայն կցանկանար, որ այլեւս երբեք զանգվածային հավաքների ժամանակ չկիրառվեն «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ։ Ալեն Սիմոնյանը նիստին ներկայացել էր որպես տուժող:
Պարոն Սիմոնյանի տեղեկացմամբ, դատավոր Հարություն Մանուկյանը հայտնել է, որ գրություն է ստացվել տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանից, որ չի կարողանա այսօր ներկայանալ նիստին, ինչի պատճառով էլ դատական այսօրվա նիստը հետաձգվեց:
Դատավարության կողմերը նշեցին, որ գործի նյութերի հետազոտման փուլն է, եւ պաշտպանը կարող է հետագայում ծանոթանալ դրանց։
Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել 2018 թվականին հեղափոխության օրերին՝ ապրիլի 16-ին եւ 22-ին Երեւանում «Զարյա» տեսակի ութ լուսաձայնային նռնակ կիրառելու, իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար: Մեղադրանքը Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով է՝ հանրորեն վտանգավոր արարքներ:
Կարդացեք նաև
Լեւոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետեւանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ:
Լեւոն Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ