Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Asa Garment» ընկերության ֆաբրիկայի բացման արարողությանը:
Ալեքսանյանի ավագ դստեր ներկայացմամբ՝ «Ալեքս տեքստիլ» ընկերությունը սկսել է գուլպաների արտադրությամբ՝ հարյուր աշխատակիցներով, իսկ չորս տարի անց աշխատակիցների թիվը հասավ հազար հինգ հարյուրի: Ապա ընկերությունը սկսել է զբաղվել հագուստի եւ գործվածքի արտադրությամբ:
Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Կարապետյանի խոսքով՝ այժմ համագործակցում են իտալական «Սարտիս» ընկերության հետ, արդյունքում հիմնադրվել է «Սարտեքս» հայկական ընկերությունը: Նրա ներկայացմամբ՝ եկող տարի Արտաշատում նոր արտադրություն կբացեն՝ տնային տեքստիլի:
Փաշինյանը շրջել է ֆաբրիկայի տարածքում, ծանոթացել արտադրությանը:
Լրագրողների հետ զրույցում «Սարտեքս» ընկերության գործադիր տնօրեն Մխիթար Աղաբեկյանն ասաց, որ այս ընկերությունը իտալական «Սարտիս» եւ հայկական «Ալեքս տեքստիլի» հիմնադրած ընկերությունն է, որn այս տարի է հիմնադրվել: Ընկերությունն արտադրում է իտալական հայտնի բրենդերի հագուստ, որն ամբողջությամբ արտահանվում է Իտալիա, որտեղից էլ եվրոպական երկրներ: Այս պահին կա չորս հարյուր աշխատակից: Նախատեսում ենք քառասուն արտադրական հոսքագիծ բացել, որը թույլ կտա ունենալ մինչեւ երկու հազար հինգ հարյուր աշխատակից: Աշխատավարձերը 70-100 հազար դրամ է»:
Տնօրենը խոստացավ` դերձակներին վերապատրաստելուց հետո աշխատավարձը կբարձրացնեն մինչեւ 170 հազարի՝ գործարքային աշխատանքի միջոցով:
Կարդացեք նաև
Մխիթար Աղաբեկյանն ասաց, որ նպատակ ունեն, որ Հայաստանում տեքստիլ արտադրությունը զարգանա ոչ այն հիմքով, որ աշխատուժն էժան է, այլ՝ որակ է ապահովում. «Մենք ցանկանում ենք «Արտադրված է Հայաստանում» ապրանքային նշանը լինի որակի երաշխավոր»:
Իտալական նշված ընկերության հիմնադիրը իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանն է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ