Մեկ տարի առաջ նոյեմբերի 1-ին կյանքից հեռացավ լեգենդար ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանը:
Այսօր մահվան տարեդարձի օրը Կոմիտասի անվան պանթեոնում կայացավ Յուրի Վարդանյանի մահարձանի բացման արարողությունը, որին ներկա էին նրա հարազատները, ընկերները, այդ թվում նաեւ՝ աշխատանքային, մարզաշխարհի ներկայացուցիչներ, պետական եւ քաղաքական գործիչներ:
Գեւորգ Լոռեցյան, ԿԳՄՍ փոխնախարար. «Միայն Յուրի Վարդանյանի անունը լսելիս, արդեն հպարտություն ես ապրում, որովհետեւ նա այն մարդը, այն մարզիկն է եղել, որը հայկական սպորտի պատմության մեջ մեծ հետք է թողել: Ճիշտ է, լեգենդար մարզիկն արդեն մեկ տարի մեր հետ չի, բայց նրա անունը շարունակում է նույն հնչեղությամբ ապրել մեր հետ, եւ նրա վաստակը, նվաճումները շարունակելու են կրթել երիտասարդների շատ սերունդներ, որոնք իրենց առջեւ նպատակ են դրել՝ նմանվել Յուրի Վարդանյան լեգենդին:
Յուրի Վարդանյանը մեծ ավանդ է ունեցել ոչ միայն Գյումրիում ծանրամարտի զարգացման գործում, այլեւ Հայաստանում: Այսօր նրա հիշատակը հարգելու եկել են նաեւ մարդիկ տարբեր երկրներից, եւ դա ասում է, որ Յուրի Վարդանյանը ոչ միայն հայերինն է այլեւ ամբողջ աշխարհինը»:
Դերենիկ Գաբրիելյան. ՀԱՕԿ փոխնախագահ. «Յուրի Վարդանյանի մասին մի կարծիք կա՝ հարյուր կամ հազար տարին մեկ անգամ են ծնվում Յուրի Վարդանյանները: Նա համաշխարհային ծանրամարտի լեգենդն է, ու բոլորիս սրտում այդպիսին էլ մնացել է: Յուրայի նման տղաներն են փառք ու պատիվ, ճանաչում բերել Հայաստանին: Այս առումով Յուրան շատ ավելի մեծ աշխատանք է կատարել, քան նրանք, որոնք դրսում դիվանագետ են աշխատում: Յուրան նաեւ այդ դերն էլ է կատարել՝ աշխատելով Վրաստանում Հայաստանի դեսպան: Նա երկրի պատիվը բարձր պահելու համար «զոհաբերել» է իր երիտասարդ տարիները: Մինչ նրա հասակակից երիտասարդները վայելում էին կյանքը, Յուրան գիշեր-ցերեկ մարզվում էր: Այսօր մենք այստեղ ենք՝ հիշելու Յուրի Վարդանյանին եւ հարգանքի տուրք մատուցելու: Երբեմն մտածում եմ, թե Աստված ինչո՞ւ այդքան երիտասարդ տարիքում իր մոտ տարավ Յուրի Վարդանյանին: Երբ մտնում ենք պարտեզ, ամենագեղեցիկ ծաղիկն ենք հավաքում, երբ մտնում ենք այգի, ամենալավ ու ամենահամեղ միգն ենք վերցնում: Գուցե, Աստված էլ է այդպես վարվել»:
Վաչիկ Վարդանյան, Շիրակի մարզպետարանի սպորտի բաժնի պետ. «Յուրի Վարդանյանը 20-րդ դարի հայ լեգենդար մարզիկն է, մարդ, որն աշխարհին ավելի ճանաչելի է դարձրել Հայաստանը եւ ինչու չէ՝ նաեւ իր ծննդավայրը՝ Լենինականը: 1980 թվականին Մոսկվայի օլիմպիական խաղերում նրա սխրագործությունից հետո հայկական շատ ընտանիքներում ծնվող արու զավակներին Յուրի էին կոչում: Նաեւ նրա հաղթանակների եւ սխրագործությունների շնորհիվ է, որ ծանրամարտը Հայաստանում արդեն շատ երկար տարիներ առաջատար մարզաձեւերից մեկն է ու շարունակում է զարգանալ: Բարի հիշատակ լեգենդար գյումրեցուն»:
Ռազմիկ Ստեփանյան, «Հայաստան» մարզական միության նախագահ. «Յուրի Վարդանյանի մասին շատ բան ասելու անհրաժեշտություն չկա: Նրա անուն-ազգանունն արդեն ամեն բան ասում է թե որպես մարզիկի, թե որպես մարդկային տեսակի, իսկ նրա հետ շփված մարդկանց համար նաեւ՝ որպես ընկերոջ: Մենք Յուրայի հետ ոչ միայն շփվել ենք աշխատանքի բերումով, այլեւ ընկերություն ենք արել, միասին Խորհրդային Միության հանրապետություններում եւ արտասահմանում ենք եղել: Ամեն տեղ նրան ճանաչում, ընդունում ու հարգում էին: Յուրայի միայն ներկայությունը շատ հաճախ բավական էր, որպեսզի հարցեր լուծվեին»:
Լեւոն Ջուլֆալակյան, օլիմպիական խաղերի չեմպիոն. «Ամբողջ աշխարհն էր ճանաչում Յուրի Վարդանյանին: Նա միայն հայ ազգի համար բոլոր ժամանակների լեգենդար մարզիկը չէր: Նա մարդ է, որը հրաշքներ է գործել ծանրամարտում, մարդ, որին հարգել են բոլոր ճանաչողները: Ասում էին, թե Յուրի Վարդանյանն ինչ մարզաձեւով էլ զբաղվեր, նույնպիսի բարձունքներ էր նվաճելու: Ու դա իրականությանը համապատասխանում է: Նա բոլոր տվյալները ունեցել է եւ տաղանդավոր է եղել: Որքան տեղյակ եմ, տեղից ցատկում էր 2 մետր բարձրություն, շատ լավ վոլեյբոլ էր խաղում: Բայց միայն բնական տվյալները բավարար չեն: Արդյունքները գալիս են աշխատասիրության, նպատակասլացության պարագայում, ինչի պակաս Յուրի Վարդանյանը չի ունեցել: Ցավոք, ժամանակից շուտ հեռացավ կյանքից: Բայց մարդու գործն է մնում անմահ: Յուրի Վարդանյանը հիշվելու է դարեր»:
Մհեր Անանյան, Յուրի Վարդանյանի օրոք եղել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարը. «Ովքեր Յուրի Վարդանյանի հետ շփվել են տարբեր առիթներով, տարբեր տեսանկյունից կարող են նրա մասին կարծիք հայտնել: Բայց այդ կարծիքները հիմնականում համընկնում են. Յուրի Վարդանյանը միշտ աչքի է ընկել մարդկային որակներով եւ հայրենասիրությամբ: Նրա հետ աշխատելն ինձ համար շատ հեշտ էր, որովհետեւ նա ուներ ղեկավարի համար անհրաժեշտ ամենակարեւոր հատկանիշներից մեկը՝ լսելու ունակությունը: Նա լսում էր, ընկալում եւ հետո միայն որոշումներ կայացնում: Այն ժամանակահատվածը, որ Յուրի Վարդանյանն աշխատեց որպես նախարար, կարծում եմ, մարզիկներն ավելի լավ կգնահատեն: Մենք կարողացել ենք որոշ ռեֆորմներ ու փոփոխություններ անել, որոնք, կարծում եմ, այսօր էլ մարզաշխարհում կիրառվում են: Այսօր այստեղ են Յուրայի ընկերները, նրան ճանաչողները եւ չճանաչողները, որովհետեւ Յուրի Վարդանյանը, բոլորի հիշողության մեջ տպավորված է որպես լեգենդար մարզիկ եւ լավ մարդ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ