Հոկտեմբերի 31-ին մարզպետ Հայկ Չոբանյանն աշխատանքային այց է կատարել Բարեկամավան։ Մարզպետը նախ ծանոթացել է դպրոցի շենքային պայմաններին և խոստացել է անել հնարավորը՝ այս տարի դպրոցի պայմանները և կրթության որակը բարելավելու համար։
Այնուհետև Հայկ Չոբանյանը հանդիպել է գյուղի բնակչության և ուսուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկել է առկա խնդիրները։ Անդրադարձ է եղել գյուղատնտեսության ոլորտին։ Այս պահին Բարեկամավանում մշակվում է 45 հեկտար ցորեն, բայց գյուղն ունի 60 հեկտարի հնարավորություն։ Հայկ Չոբանյանն իր խոսքում նշել է, որ այդ պոտենցիալը պետք է օգտագործվի։
-Ամենակարևոր բաները ցավոք սրտի բացակայում են։ Բոլորս պետք է հավատանք, որ այս խնդիրները կարողանալու ենք լուծել և պետք է մեր հնարավորության չափով մասնակիցը լինենք դրանց լուծմանը։ Այստեղ ոչ մի փլված տուն չպետք է լինի, նույնիսկ եթե տեր չունի, որովհետև սա մեր գյուղն է, մենք ենք ապրում այստեղ։ Մենք պետք է կամք և դիմացկունություն ունենանք դրան հասնելու համար,- ասել է Հայկ Չոբանյանը։
Բարեկամավան համայքը գազաֆիկացված չէ, ջուր շատ քիչ են ունենում, փողոցային լուսավորության հարցը մասամբ է լուծված։ Տրանսպորտի հարցը առաջիկայում կլուծվի։
Տավուշի մարզպետարանի աջակցությամբ Բարեկամավան համայքնի բնակիչներն այս տարի անվճար փայտ կունենան։ Մոտակա ժամանակներս կլուծվի նաև գազաֆիկացման հարցը։
Կարդացեք նաև
Տավուշի մարզպետարան