«Կան միֆեր, որ մեր դիվանագետներն ապրում են շռայլ»,- այսօր խորհրդարանում, ԱԺ տնտեսական եւ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա պատգամավորներին առաջարկեց`միասին շրջել մեր դեսպանություններով եւ տեսնել, թե ինչպե՞ս են ապրում մեր դիվանագիտական ծառայողները:
ԱԳ նախարարին վրդովվեցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցը`դիվանագիտական ծառայողների բնակվարձի, ընտանիքի անդամների ծախսերի փոխհատուցումների հետ կապված:
Նախարարը նախ բացատրեց, որ դիվանագիտական ծառայությունը պետական ծառայություն է եւ ունի իր անվտանգային պայմանները եւ վերաբերվում է բազմաթիվ զգայուն հարցերի: Նախարարն ասաց`մենք 28 տարվա ընթացքում կարողացել ենք ձեւավորել դիվանագիտական ծառայության եւ դրա կառավարման մեր ազգային համակարգը:
Կարդացեք նաև
«Կա ընկալում, որ դիվանագիտական ծառայությունը ենթադրում է շամպայն եւ այլն, եւ այլն»,- հումոր արեց նախարարը`հավելելով, որ դիվանագիտական ծառայության մշտական պրոֆեսիոնալիզացումը կարեւոր է, ինչն արվում է ռոտացիայի սկզբունքով: Այսինքն, մարդը մեկ անգամ ծառայություն է անցնում ներսում, հետո`դրսում. «Դա ենթադրում է նաեւ մարդու անձնական կյանքին անդրադարձ, դա նշանակում է, որ երբ մարդը տեղափոխվում է`ստիպված է սկսել զրոյից: Ապրել կյանք, հետո տեղափոխվել, հետո նորից սկսել… Այդ ամենն արվում է պետության համար եւ պետությունը պարտավոր է դա կազմակերպել լավագույնս: Սա վերաբերվում է ցանկացած դիվանագիտական ծառայության»:
Նախարարը մանրամասնեց՝ բնակվարձից եւ կրթական ծախսերից զատ կան նաեւ սոցիալական, առողջապահական ծախսեր, մարդուն Հայաստանից դուրս եւ հետ տեղափոխելու ծախսեր եւ համեմատության համար նշեց, որ Հայաստանի պարագայում, չափազանց համեստ են այդ ծախսերը. «35 միլիոն դոլարը, որը մենք ծախսում ենք դիվանագիտության վրա, չափազանց համեստ թիվ է`համեմատած մեզ համեմատելի երկրների հետ`սկսած հարեւանությունից»:
Հետո նախարարը ավելի մանրամասնեց`կան երկրներ, որտեղ հնարավոր է ուսումն անվճար ապահովել`համակարգն է այդպիսին, կան երկրներ, որտեղ ընտրությունը բարդ է դառնում`լեզվի, անվտանգության եւ այլ առումներով. «Դրանք այն երկրներն են, որտեղ առաջին հայացքից, ամեն ինչ շատ լավ է թվում: Յուրաքանչյուր դեպքում լուծումն անհատական է եւ հաշվի են առնվում այդ երկրին բնորոշ պահանջները: Կա երկիր, որտեղ ասենք 40 հազար դոլար է անհրաժեշտ. անհրաժեշտ է, բայց անհնար: Այդ դեպքում բանակցում ենք`ողջամիտ համաձայնության գալու համար»: Նախարարը նաեւ նկատեց, որ լինում են դեպքեր, երբ ապահովագրական գումարներն այնքան մեծ են լինում, որ ստիպված են լինում դա անել միայն դիվանագետի երեխաների համար`հսկայական պատասխանատվություն վերցնելով մարդու կյանքի անվտանգության համար:
Սահմանված կարգով, տարեկան 12 հազար դոլար է նախատեսվում դիվանագետի մեկ երեխայի ուսման համար: Այժմ նախարարությունում քննարկում են թե եղած գումարի սահմաններում ինչպե՞ս կարելի է արդյունավետ կազմակերպել այդ եւ մնացած ծախսերը:
Արտակ Մանուկյանը համամիտ չէ դիվանագիտական ծառայության համար տարանջատում մտցնելուն: Ասում է`կա պետական ծառայություն եւ մեկ սոցիալական փաթեթ: Նա գիտի, որ նախկինում անարդյունավետ ծախսեր են նաեւ եղել: Նաեւ առաջ բերեց բնակարանային ծախսերի մասով`քննարկել երկրները, որտեղ սեփականություն է հնարավոր ձեռք բերել, ինչն ավելի արդյունավետ կլինի պետության համար:
Ոստիկանության եւ դիվանագիտական ծառայության համեմատությունը Զոհրաբ Մնացականյանին բարկացրեց. «Ծառայությունն ունի իր յուրահատկությունը: Դուք ուզում եք, որ մենք մարդուն ուղարկենք դուրս եւ ասենք, որ չենք անդրադառնում իր… երբ ասում ենք 12 հազար, միանգամից ենթադրվում է, որ բոլորը չարաշահում են: Սխալվում եք: Չի կարող լինել իրավիճակ, երբ մարդուն պոկում ենք իր ընտանիքից, ուղարկում այլ երկիր, որի պայմաններն ու գներն այլ են եւ ասենք`ինչպես ուզում եք, ինչ ուզում եք արեք»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ