Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Բաթոյանը վստահեցնում է՝ իրենց գումար չեն տվել, որ Ստամբուլյան կոնվենցիայի ցույցերի դեմ պայքարեն. ինչ-որ խումբ դժգոհ է, բայց դա ամբողջ բնակչության մոտեցումը չէ

Նոյեմբեր 01,2019 16:03

2020-ի բյուջեի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ սոցիալական ոլորտին հատկացվող գումարները միշտ քիչ են. «Այս տարի շուրջ 48 մլրդ դրամով ավելի շատ է հատկացվել սոցիալական ոլորտին, ավելացրած գումարի մեծ մասն ուղղված է կենսաթոշակների բարձրացմանը միջինը 10 տոկոս, ժողովրդագրական ծրագրերի իրականացմանը՝ առաջին, երկրորդ երեխայի դեպքում միանվագ աջակցմանը, մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքին ուղղված աջակցությունը: Ինչպես նաեւ մենք նոր ծրագրեր ենք իրականացնելու հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցմանը, բռնության ենթարկված անձանց համար ապաստարանների ծառայությունների տրամադրմանը եւ այլն»:

Հարցին՝ 2050-ին ինչպե՞ս եք հասնելու 5 մլն բնակչության ցուցանիշին՝ նախարարը պատասխանեց, որ այդ ուղղությամբ միայն մեկ ոլորտ չի կարող աշխատել, դա մի քանի գործողությունների մեծ խումբ է. «Մենք պիտի կարողանանք ապահովել, օրինակ, կանանց համար աշխատանքի եւ պարտականությունների համատեղելիության հարցը, բնակարանային ապահովումը մարզերում, քաղաքային բնակավայրերում, պիտի կարողանանք զբաղվածության խնդիր լուծել, տնտեսական ակտիվությանը նպաստենք: Կարեւոր են ցերեկային եւ խնամքի ծառայությունների մատչելիությունը եւ հասանելիությունը, այլապես երեխա ունենալու մասին որեւէ մեկը չի մտածի»: Նա ասաց, որ սպասում են նաեւ ներգաղթի գործընթացների:

Նախարարն ասաց, որ նպաստներից տնտեսում են ունեցել 2,7 մլրդ դրամի ու իրական նպաստառուներին չեն կրճատել. «Սա նշանակում է, որ կոռուպցիոն ռիսկը նվազել է, հասցեականությունը բարձրացել է: Այն մարդիկ, ովքեր անարդարացիորեն օգտվել են այս համակարգից, վստահ եմ, որ նրանց թիվը նվազել է»:

Հարցրեցին՝ հեղափոխությունից հետո կենսաթոշակների ընդամենը 10 տոկոս բարձրացումը քիչ չէ՞՝ Բաթոյանը պատասխանեց, որ միշտ քիչ է, բայց 27մլրդ դրամ է հատկացվել դրա համար. «Մենք խոսում ենք 502 հազար մարդու մասին: Ես չգիտեմ այն թիվը, թե որն է բավարար կենսաթոշակի կամ նպաստի համար: Որեւէ մեկի համար 40 հազար դրամը շատ ցածր է, մյուսի համար շատ բարձր է: Մենք ունենք այն, ինչ ունենք»:

Մամուլում հրապարակումներ եղան, որ եվրոպական տարբեր դոնորական կազմակերպություններից 6000 եվրո է եկել Հայաստան, որ Ստամբուլյան կոնվենցիայի քարոզչություն անեն, հարցին՝ կա՞ նման բան, թե՞ ոչ՝ Զարուհի Բաթոյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ»:

Հարցին՝ հիմա Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ցույցեր են, իշխանությունները պլանավորո՞ւմ են պայքարել դրա դեմ ու քարոզչություն իրականացնել՝ նախարարը պատասխանեց, որ դրա կարիքը չի տեսնում. «Մենք պետք է ոչ թե հակաքարոզչության դեմ պայքար մղենք, այլ մենք պիտի իրազեկենք մարդկանց, թե ինչի մասին է մեր քաղաքականությունը: Եթե խոսքը կոնվենցիայի մասին է, իրազեկենք, թե ինչի մասին է կոնվենցիան, ինչ է բռնությունը, ինչ է նախատեսվում իրականացնել եւ հանրության հետ խոսենք: Մենք կարիք ունենք մեր ծրագրերի մասին ավելի շատ խոսելու, բարձրաձայնելու: Անկախ նրանից, թե ով դրանից գոհ կլինի, ով՝ դժգոհ, մենք պետք է իրազեկման աշխատանքներ իրականացնենք եւ դա ամենեւին չպետք է լինի ի հակադրություն ինչ-որ հակաքարոզչության»:

Նախարարը վստահեցրեց, որ նախարարությանը որեւէ ֆինանսավորում չի տրամադրվել դրա համար եւ դրա կարիքը չկա:

Բաթոյանն ասաց, որ ինչ-որ խումբ հավանաբար դժգոհ է, բայց դա ամբողջ բնակչության մոտեցումը չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930