ԵՊՀ-ն 20000 ֆունտ արժողությամբ բրիտանական դրամաշնորհ էր ստացել, սակայն ծրագիրը կանգնած էր դադարեցման վտանգի առաջ, քանի որ բրիտանացիների հետ պայմանագրի ստորագրումը ինչ-ինչ պատճառներով ձգձգվում էր: Aravot.am-ի տեղեկություններով, ըստ երեւույթին, պատճառն այն էր, որ մայր բուհից որեւէ մեկը չէր ցանկանում անվճար ղեկավարել Creative Spark ծրագիրը, եւ այն ստիպված ստանձնել էր դասախոսներից Տիրայր Վարդազարյանը` ներգրավելով ուսանողներից Գոհար Ավագյանին: Creative Spark-ը համալսարանական ծրագիր է, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից և իրականացվում է Բրիտանական խորհուրդների միջոցով:
Aravot.am-ը ԵՊՀ միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է տեւական ժամանակ հետաձգվում պայմանագրի ստորագրումը: Պրոռեկտորն ընդամենն ասաց, որ այն այսօր վերջապես ստորագրվել է, եւ կարող ենք հանգիստ լինել:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, պայմանագիրը ստորագրվել է, երբ հնարավոր տապալման մասին լուրը հասել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին, վերջինս զայրացած իր մոտ է կանչել Իսրայելյանին ու հաշիվ պահանջել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ