Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ԱԺ-ում լրագրողները հարցրեցին՝ BBC-ին տված ձեր հարցազրույցը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց, մասնավորապես, կարծիք եղավ, որ դուք անհրաժեշտ շեշտադրումները չարեցիք առնվազն այն մասին, որ Ղարաբաղը հայկական տարածք է եւ որ մենք պայքարում ենք ազգերի ինքնորոշման համար՝ ի՞նչ կասեք այս մասին: Նախարարը պատասխանեց, որ արդեն խոսել է այդ մասին եւ ավելացնելու բան չունի:
Մեր հարցին՝ ինչո՞ւ չարձագանքեցիք հաղորդավարի այն պնդմանը, թե դա հայկական տարածք չէ, ձեզ քննադատում են դրա համար՝ նախարարը պատասխանեց. «Կան տարբեր մոտեցումներ, տարբեր մեկնաբանություններ: Այդ մեկնաբանությունները հնչել են, եւ ես շատ ուրախ եմ, որ հնչել են այդ հարցազրույցը՝ հաշվի առնելով հեղինակությունը եւ ծանրությունը եւ կշիռը, նշանակությունը այդ տիպի հարցազրույցի: Ես միտված, գիտակցված գնացել եմ դրան, որովհետեւ դա լավագույն առիթն էր ներգրավելու երկխոսության մեջ: Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, կարելի է ներգրավվել դրա մեջ եւ ասել՝ բա ինչի՞ այս ստորակետը այն ստորակետից հետո չդրվեց, բայց միգուցե կասեմ նաեւ, որ շատ ուրախ եմ, որ այդ հաղորդումը ստացավ բավական լայն ճանաչում Հայաստանում եւ հուսով եմ, որ կշարունակեն դիտել մեր հայրենակիցները դա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ