Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյանը՝ Լավրովի հետ ստորագրվելիք փաստաթղթի եւ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստանն է եւ վերջ» հայտարարությանը «միս ու արյուն» տալու մասին

Նոյեմբեր 01,2019 15:09

Aravot.am-ն այսօր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հարցրեց՝ կա տեսակետ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստանն է եւ վերջ» հայտարարությունը «միս ու արյուն» չի ստանում, որովհետեւ դիվանագիտական հարթակում հասկանում են, որ դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է, ինչպե՞ս կմեկնաբանեք: Նախարարը պատասխանեց, որ այդ տեսակետը, որ հնչեցվում է, որոշ պարզունակություն ունի. «Հայաստանի կողմից ղեկավարի մակարդակով հնչեցվել է շատ հստակ, որ մենք ձգտում ենք այնպիսի լուծման, որն ընդունելի է բոլոր կողմերի համար: Եվ այդ առումով մենք շարունակում ենք սպասել համահունչ հայտարարությունների Ադրբեջանից: Դեռեւս մենք լսում ենք միայն առավելապաշտական եւ միակողմանի հայտարարություններ, որոնք չեն անդրադառնում մեր մտահոգություններին, մեր գերակայություններին եւ սա չի նպաստում բանակցությունների բնականոն պրոգրեսին»:

Հարցին՝ Լավրովի այցի գլխավոր ակնկալիքը ո՞րն է լինելու, խոսվում է ինչ-որ փաստաթղթի մասին՝ լաբորատորիաներին վերաբերող՝ նախարարը պատասխանեց. «Ես չեմ մեկնաբանելու որեւէ բան, որը բանակցվում է: Ինչ վերաբերում է իմ գործընկերոջ՝ Լավրովի այցին, սա լինելու է պաշտոնական այց մեր ռազմավարական գործընկեր երկրի արտաքին գործերի նախարարի կողմից: Վստահ եմ, դուք նկատել եք, որ մենք ունենք բավականին դինամիկ շփումներ, բավական ակտիվ երկխոսություն եւ մեր օրակարգը չափազանց լայն է թե՛ երկկողմանի հարցերին վերաբերող, թե տարածաշրջանային, թե՛ գլոբալ առումով մեր համագործակցությանը տարբեր հարթակներում, որտեղ մենք աշխատում ենք այլ երկրների հետ տարբեր ինտեգրացիոն գործընթացներում, ինչպիսին է անվտանգության բնագավառում ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, մենք ունենք տարածաշրջանային տարբեր զարգացումներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են մեր օրակարգին, որը նույնպես մեր երկխոսության, մեր համագործակցության թեմա է: Մենք ունենք նաեւ գլոբալ հարցեր, մենք համագործակցում ենք գլոբալ հարթակներում՝ ՄԱԿ-ից սկսած, մինչեւ այլ»:

Նախարարն ասաց, որ հարմար բան չէ, երբ աղբյուրները հանում են ինչ-որ տեղեկություններ եւ ստեղծում ինչ-որ անտեղի թեմա:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը:
Այսօր այս առնչությամբ Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ սա չափազանց կարեւոր է հայ ժողովրդի համար՝ արդարության հաստատման առումով, նաեւ ավելի լայն իմաստով. «Սա բավական կարեւոր է նաեւ նման ոճրագործությունների կանխարգելման համար: Բնականաբար, մենք ողջունել ենք շատ հստակ այս իրողությունը, որոշումը, բանաձեւի ընդունումը եւ սա շատ կարեւոր է բոլոր առումներով: Մենք ունենք միլիոնավոր հայրենակիցներ ԱՄՆ-ում, որոնց համար սա շատ էական է, որ իրենց երկրի կողմից, իրենք այդ երկրի քաղաքացիներ են, եւ այդ երկրում իրենք ապրում, ստեղծագործում, աշխատում, նպաստում են երկրի զարգացմանը, հաջողություններին ու այն, որ արդարությանն ուղղված այս բանաձեւն ընդունվեց ԱՄՆ-ի կողմից, նաեւ շատ էական է այդ առումով: Դա արտահայտում է մեր հայրենակիցների սպասելիքները: Մեզ համար՝ որպես ՀՀ, սա չափազանց էական ներդրում էր նորից արդարության հաստատման առումով եւ շատ էական էր նաեւ ոճրագործությունների կանխարգելման առումով»:

Մեր հարցին՝ դա վտանգ չունի՞ իր մեջ, որ Թուրքիային «կգցի ՌԴ-ի գիրկը», ինչը մեզ համար վտանգավոր է՝ նախարարը պատասխանեց, որ գեոքաղաքական գնահատականներից զերծ կմնա այս ճեպազրույցի շրջանակներում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930