Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լրատվական դաշտում նոր կարգավորումներ են սկսում գործել. Տիգրան Հայրապետյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշման մասին

Նոյեմբեր 01,2019 14:25

«Լրատվական դաշտում նոր կարգավորումներ են սկսում գործել և դրանք արդեն պարտադիր նշանակություն ունեն դատարանների համար: Հասարակությունն այս չափորոշիչները պետք է իմանա»,- «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված քննարկմանը տեղեկացրեց փաստաբան  Տիգրան Հայրապետյանը:

Նա հայտնեց, որ օրերս Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց, որով արդարացրել էր Ժիրայր Սեֆիլյանին և արդարացրել իրենց բողոքը ու որոշակի կարգավորումներ հնչեցրել լրատվամիջոցների կողմից կատարվող գործողությունների առնչությամբ. «Այս որոշումը տեղին է: Դատարանը նաև իրավական որոշակի գնահատականներ էր տվել, որոնք ամբողջովին փոխելու են այս պահին լրատվական դաշտում տիրող հրապարակումների թե՛ որակը, թե՛ բովանդակությունը: Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները և՛ պատճառաբանող ուղղորդող նշանակություն ունեն, և ճիշտ կլինի, որ լրատվամիջոցները տեղյակ լինեին այս որոշումից: Եթե մինչև այս Վճռաբեկ դատարանն ավելի լայն էր մեկնաբանում խոսքի ազատության իրավունքը, այս վերջին որոշմամբ՝ բավականին խիստ չափորոշիչներ է սահմանել, ավելի խիստ, քան եվրոպական դատարանը մինչև այս որոշումներով կայացրել է: Բայց չէի ասի, որ դա Եվրոպական կոնվենցիայի խախտում է, ուղղակի չափից ավելի խիստ են»:

Տիգրան Հայրապետյանն ասաց, որ դատարան էին դիմել «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սուր անկյուն» հաղորդման ընթացքում 2016-ին հեռարձակված Ժիրայր Սեֆիլյանի հրամանատարական որակների մասին պատմող ռեպորտաժի հետ կապված, որում բացասական ֆոնի ներքո էին ներկայացվում այդ որակները և կասկածի տակ դրվում. «Դիմել էինք դատարան, որ հերքեն այդ տեղեկությունները և ներողություն խնդրեն: Առաջին ատյանի դատարանում եկան Ժիրայր Սեֆիլյանի ականատեսները, որոնք ռեպորտաժում ներկայացված դեպքի հետ կապված խոսում էին, բայց դատարանը որևէ գնահատականի չարժանացրեց: Վերաքննիչ բողոքն էլ մերժվեց, դիմեցինք Վճռաբեկ դատարան, և հեղափոխությունից հետո մեր բողոքն ընդունվեց վարույթ ու մեկուկես տարի հետո մեր բողոքը վերջերս բավարարվեց»:

Հենց այս որոշմամբ էլ Վճռաբեկ դատարանը արդարացրել է Ժիրայր Սեֆիլյանին և որոշակի կարգավորումներ հնչեցրել լրատվամիջոցների կողմից կատարվող գործողությունների առնչությամբ, ինչպես նաև իրավական որոշակի գնահատականներ էր տվել: Փաստաբանն ասաց՝ ոչ թե սպասում էին լրագրողների գործողությունները սահմանափակող կարգավորումներ կմտցնի Վճռաբեկ դատարանը, այլ ուղղակի իրենց բողոքի հիմքերը կքննի և կնայի, կասի՝ արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանը այն, ինչ գնացել է եթերով և արդյոք բարեխիղճ վերարտադրո՞ւմ է եղել և այն չի՞ եղել քաղաքական պատվեր: Տիգրան Հայրապետյանն ասաց, որ Վճռաբեկ դատարանը զերծ է մնացել այս ամենից, փոխարենը նոր չափանիշներ է սահմանել. «Դատարանը պարտավորեցնում է լրատվամիջոցին, որ հերքում հրապարակվի: 12-14 րոպե Ժիրայր Սեֆիլյանի մասին էր խոսվում ռեպորտաժում, նույնչափ այժմ հատկացվի Ժիրայր Սեֆիլյանի կենսագրությանը, հերքվի այդ փաստերը և այդ չափով խոսվի Սեֆիլյանի մասին: Դեռ առաջին ատյանի դատարանը գործը պետք է ընդունի վարույթ, դատական նիստի օր նշանակի: Կարելի է կանխատեսել, որ առաջին ատյանի դատարանը կլսի Սեֆիլյանին և որոշում կկայացնի»:

Որոշման մասին փաստաբանը մանրամասնեց. «Այս որոշմամբ գնահատողական դատողությունների առումով բավականին խիստ չափորոշիչներ են սահմանել: Անթույլատրելի է անձի արժանապատվության ոտնահարումը կարծիքի տարածման ազատության շղարշի ներքո: Ենթադրվում է, որ այս գործընթացը կա և վճռաբեկ դատարանը փորձում է իրավական կարգավորումներ մտցնել: Ասում է, եթե քաղաքացին քաղաքացուն վիրավորելիս չունի այդքան իրավաբանական ընկալում և կրթություն և ինչ-որ առումով հասկանալի է, որ կարող է չափորոշիչներ խախտի, բայց ԶԼՄ-ները, որոնք արհեստավարժ անձինք են և մամուլի տեղեկություններ տարածողներ, իրենք պարտավոր են բարեխիղճ գործունեություն իրականացնել այս ոլորտում: Առաջին սահմանափակումն այն է, որ հրապարակելով որևէ գնահատողական դատողություն, լրագրողը պարտավոր է ողջամիտ բոլոր միջոցները ձեռնարկել տեղեկության իրականության համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար: Լրագրողը պետք է լսի նաև այն անձին, որի մասին գնահատողական դատողություն է անում: Երրորդն այն է, որ անգամ գնահատողական դատողությունը պետք է հիմնվի բավարար փաստական կազմի վրա»:

Փաստաբանը նշեց, որ զրպարտության մասով Վճռաբեկ դատարանը հետևյալ ձևակերպումն է տվել. «Լրագրողի գործունեությունը չի կարող հետապնդել քողարկված կերպով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ: Այս առումով ևս երկու կարգավորում կա: Ըստ որոշման՝ փաստացի տվյալներ հրապարակելով՝ լրագրողը պետք է ապացուցի, որ մինչ հրապարակումը ձեռնարկել է այնպիսի միջոցառումներ, որոնք հնարավորություն են ընձեռել հանգելու այն եզրակացությանը, որ փաստացի այդ տվյալները կարող էին համապատասխանել իրականությանը: Հրապարակելով անձը պետք է նշված տվյալները բացահայտ, բարեխիղճ և հավասարակշռված ներկայացնի: Բարեխղճ ենթադրում է առանց փաստերի փոփոխման շարադրանքը: Վճռաբեկն ասում է, եթե քաղաքական գործիչը հանդես է գալիս որպես մասնավոր անձ, ապա վերջինիս վերաբերյալ քննադատության հետ կապված կիրառելի են Կոնվենցիայի սահմանափակումները: Այսինքն՝ պետք չէ ասել, որ նա հանրային անձ է և բաց է քննադատություններին կամ փաստերը նրա հետ կապված հրապարակելուն»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930