Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՎ-ով վարակված երեխան մինչ «Արաբկիրը» բազմաթիվ բուժկենտրոններում է բուժվել. «Կարող է կենցաղային պայմաններում է վարակվել». Արսեն Թորոսյանը՝ ցավալի դեպքի մասին

Նոյեմբեր 01,2019 13:50

Այսօր ԱԺ-ում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրեցինք մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքի հետ կապված փակագծերը բացել, քանի որ մինչ այդ կցկտուր տեղեկություններ էին հրապարակվել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է քաղաքացու՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումն այն մասին, որ 2019թ. օգոստոսի կեսերից մինչև հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս թոռնուհին ստացիոնար բուժման մեջ է գտնվել «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ վերջինիս մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ, որով երեխան մինչ այդ վարակված չի եղել: Նախնական տվյալներով՝ երեխան ամիսներ շարունակ պարբերաբար ջերմել է եւ 2019թ. օգոստոսի 20-ին տեղափոխվել «Արաբկիր» ԲԿ:

Նախարարը պատասխանեց. «Փակագծերը կբացի հավանաբար քննությունը, դրանից ավելի ինֆորմացիա չեմ կարող տրամադրել: Ունենք ցավալի դեպք, երեխայի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ, նա բուժում է ստանում, փորձում ենք առողջությունը վերականգնել, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա»:

Նա ասաց, որ իրեն հայտնի չէ, թե որ բուժկենտրոնում է հիվանդացել երեխան. «Եթե իմանայինք, ամեն ինչ պարզ կլիներ եւ քննության կարիք չէր լինի: Երեխան բազմաթիվ բժշկական կենտրոններում բուժում է ստացել: Հնարավոր է, որ դա բժշկական կենտրոնում էլ տեղի ունեցած չլինի: Հաստատվել է միայն, որ ծնողները չունեն ՄԻԱՎ վարակ: Կարող է կենցաղային պայմաններում է վարակվել, ոչ ծնողներից»:

Հարցրեցինք, թե կոնկրետ ո՞ր բժշկական կենտրոններում է եղել երեխան, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ ողջ ցանկն անգիր չի կարող ասել, հետո դա ոչինչ չի տալու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930