Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. Արվեստի ոչ մի գործ չի կարող վտանգ սպառնալ ազգային անվտանգությանը. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 01,2019 13:07

«Իմ նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու։ Սատանիզմի հիմքով համերգների չեղարկում այլեւս չի լինելու Հայաստանում, մտացածին հիմքերով ինչ-որ բաների չեղարկում չի լինելու։ Արվեստը լինելու է ազատ, որովհետեւ անկախ պետություն գրավականներից մեկն ազատ արվեստն է»,– նման հայտարարությամբ է հանդես եկել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով օրերս մեծ աղմուկ բարձրացրած «Մել» ֆիլմին, որն արծարծում է սեռային փոքրամասնությունների թեման:

Ռուբեն Բաբայանը վստահ է՝ արվեստում ցենզուրա չպետք է լինի, եւ նախարարի դիրքորոշումը ողջունելի է. «Մենք արվեստի ասպարեզում հաճախ ուրիշ չափանիշներով ենք հանդես գալիս՝ կենցաղայինից մինչեւ կրոնական՝ մոռանալով, որ արվեստը կարելի է դատել միայն արվեստի կանոններով։ Հաճախ արվեստի գործը կարող է ընկալվել որպես քարոզ, բայց դա քարոզ չէ։ Համաշխարհային արվեստը զգայուն թեմաների շոշափման բազմաթիվ օրինակներ ունի՝ սկսած Նաբոկովի «Լոլիտա» վեպից մինչեւ Վիսկոնտիի «Մահ Վենետիկում» ֆիլմը։ Արվեստի ուսումնասիրության առարկան մարդն է։ Այստեղ արգելված թեմա չի կարող լինել։ Արգելված կարող է լինել քարոզը, թեման՝ ոչ։ Ամեն բան կախված է նրանից՝ ինչպես ես մատուցում թեման, ինչ ասելիք ես դնում տվյալ գործի հիմքում։ Էականը դա է՝ ուզում ես մարդուն գեղարվեստական գործ հրամցնել, թե քարոզ»։

Պարոն Բաբայանը պնդեց՝ արվեստի ոչ մի գործ չի կարող վտանգ սպառնալ ազգային անվտանգությանը, շատ դժվար է սահմանել ցենզուրա ասվածը, որոշել՝ ովքեր պետք է լինեն սահմանագիծ գծողներն ու ինչ սկզբունքով պետք է դա անեն։ «Ես ինչ-որ գործի մեջ քարոզ եմ տեսնում, մյուսը՝ ոչ։ Ինչպե՞ս պետք է որոշվի՝ ինչն արգելել, ինչը՝ ոչ։ Չի կարելի անհատներին տալ նման գործառույթ։ Այս նուրբ թեմայի շուրջ չի կարելի կոպիտ դատողություններ անել»,–շեշտեց զրուցակիցը։

Հիշեցնենք, որ վերջերս հատկապես երկու թեմայի շուրջ աղմուկ բարձրացավ։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի մասին ֆիլմ է նկարահանվելու։ Ֆիլմի հիմքում սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեման է, ներկայացված է Մելի ու Ծաղիկի (պայմանական անուն) սիրո պատմությունը, նրանց անցած դժվարին ուղին։ Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ։

Իսկ հոկտեմբերին էլ Երեւանի պետական տիկնիկային թատրոնում պետք է կայանար լեհական Vader խմբի համերգը, բայց քանի որ հայ հանրության շրջանում դժգոհություններ հնչեցին այն մասին, որ խումբը սատանիստական է, համերգը չեղարկվեց։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930