Խոսելով իր հնարավոր ձերբակալության մասին՝ Սերժ Սարգսյանը հուզական դատողություններ է անում, թե «եթե ինձ ձերբակալելով՝ մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի… եթե ինձ ձերբակալելով՝ մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան…» եւ այլն, ապա «թող ձերբակալեն»։ Ուշադրություն դարձրեք՝ ոչ մի խոսք այն մասին, որ իրեն ձերբակալելու հիմքեր չկան, որովհետեւ ինքը ոչ մի հանցանք չի գործել։ Դրա փոխարեն Սերժ Սարգսյանն ընդամենը ասում է, որ իր ձերբակալությունից ժողովուրդն ու պետությունը ոչինչ չեն շահի։
Իրավական պետություններում, ի դեպ, որեւէ մեկին ձերբակալել-չձերբակալելու որոշումը կայացվում է՝ հաշվի առնելով բացառապես այդ մարդու արարքները, եւ ոչ թե այն՝ պետությունն ու ժողովուրդը դրանից կշահե՞ն, թե ոչ։ Իսկ կոնկրետ մեր դեպքում՝ եթե հանկարծ երբեւէ պարզվի (եւ ապացուցվի), որ Սերժ Սարգսյանն այնպիսի արարքներ է գործել, որոնք ենթադրում են ազատազրկում, ապա դա պետության եւ հասարակության համար կունենա եւ՛ դրական, ել՛ բացասական հետեւանքներ։ Դրականն այն կլինի, որ նախ՝ գուցե հնարավոր լինի վերականգնել պետությանը հասցված վնասը (եթե այդպիսի մեղադրանք լինի), եւ երկրորդ՝ դա նաեւ կանխարգելիչ հետեւանքներ կունենա, որովհետեւ պետության հաջորդ ղեկավարները մեկառմիշտ կհիշեն, որ նման հեռանկար է սպառնում նաեւ իրենց, եւ կգործեն բացառապես օրենքի շրջանակներում։
Իսկ բացասականն այն կլինի, որ պետությունների նախկին ղեկավարների ազատազրկումն ինքնին ողջունելի չէ, ինչ-որ իմաստով խաթարում է իշխանությունների ժառանգականությունը եւ անգամ ազդում է պետությունների միջազգային հեղինակության ու պետական ինստիտուտների նկատմամբ վստահության մակարդակի վրա։ Բայց սա՝ իմիջիայլոց, որովհետեւ Հայաստանն իրավական պետություն է, եւ արդարադատությունն իրականացվում է ոչ թե ըստ «պետական շահի» կամ «հանրային պահանջի», այլ ըստ տվյալ անձի արարքում հանցակազմի առկայության կամ բացակայության։
Ինչ վերաբերում է ժողովրդի՝ Սերժ Սարգսյանի ձերբակալության դեպքում «գոհ ու երջանիկ լինելուն», ապա վստահաբար՝ ոչ մի նորմալ մարդ չի երջանկանա ուրիշին ճաղավանդակների ետեւում տեսնելով։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում