«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կկատարվի։ Ասել է թե՝ նշված օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելով՝ գործադիրը մտադիր է Երեւանում թեթեւացնել երթեւեկությունը։
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում եւս լրացում կկատարվի։
Հայտնի դարձավ, որ այս օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տրանսպորտի ոլորտի զարգացմանը խոչընդոտող խցանումների վերացմամբ, որին կնպաստի ավտովթարների ժամանակ ճանապարհի երթեւեկելի մասի արագ վերականգնումը։ Ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության՝ հասարակական տրանսպորտի կառուցվածքը վերջին տարիներին զգալիորեն փոխվել է երթուղային տաքսիների ներմուծմամբ, մեծ ավտոբուսների եւ տրոլեյբուսների քանակի կրճատմամբ եւ մետրոպոլիտենի օգտագործման նվազմամբ, ինչի արդյունքում շատացել է նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը՝ ավելացնելով նաեւ ճանապարհներին խցանումների քանակը։
Գործադիրը հույս ունի, որ օրենքների նախագծերի ընդունմամբ կհստակեցվեն երթեւեկության մասնակիցների պարտականությունները, նրանց պատասխանատվության ենթարկելու հիմքերը, եւ արդյունքում կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները։
Կարդացեք նաև
Հայտնի դարձավ, որ ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցություն ունենալու դեպքում վարորդը պետք է անմիջապես կանգնեցնի տրանսպորտային միջոցը, ապա, ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված կարգով միացնի վթարային լուսային ազդանշանը եւ չտեղաշարժի ինչպես տրանսպորտային միջոցը, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները։ Ի դեպ, տեղեկացնենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հետվթարային անվտանգությունն ապահովելու նպատակով պետք է միացված լինեն նաեւ օգնության համար դեպքի վայրին անմիջապես մոտ կանգնեցված տրանսպորտային միջոցների վթարային լուսային ազդանշանները։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում