Լրահոս
Օրվա լրահոսը

Բոյկոտելը սխալ է

Նոյեմբեր 01,2019 10:00

Մասնագիտական բնագավառում որոշակի փորձառություն ձեռք բերելուց հետո ես համոզվեցի, որ լրագրողական եւ ընդհանրապես հասարակական պրակտիկայում որեւէ մեկին բոյկոտելն առողջ մոտեցում չէ: Քաղաքական գործունեությունն այլ բան է. օրինակ, երբ կուսակցությունը բոյկոտում է ընտրությունները, կամ խորհրդարանական խմբակցությունը բոյկոտում է ԱԺ նիստը, դա քաղաքական պայքարի ձեւ է, եւ տվյալ քաղաքական ուժն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում նման միջոցի արդյունավետության համար:

Բայց սխալ է, երբ հասարակական կազմակերպությունը «բոյկոտում է» որեւէ լրատվամիջոցի: Սխալ է նաեւ, երբ լրատվամիջոցներն են բոյկոտում որեւէ կազմակերպության կամ անձի. նյութի «հերոսի» առումով սահմանափակում չպիտի լինի, չի կարելի է առաջնորդվել նրանով, թե այդ «հերոսը» քեզ համար քաղաքական առումով կամ անձնապես համակրելի՞ է, թե՞ ոչ, կամ արդյոք նա քեզ երբեւէ հայհոյել է կամ ցավ պատճառել: «Սա իշխանություն է», «սա ընդդիմություն է», «սա նախկին իշխանություն է», «սա 20 տարի առաջ հորեղբորս վատություն է արել»՝ այդ ամենը պրոֆեսիոնալ մոտեցում չէ. եթե տվյալ իրադարձությունը կամ անձնավորությունը, քո կարծիքով, հետաքրքիր է սպառողի համար, նրան չի կարելի շրջանցել:

Ինչպես արդեն ասացի, կա նաեւ «հակառակ» հիվանդությունը, որը սրվել է հեղափոխությունից հետո: Հատկապես իշխանության ներկայացուցիչները եւ կողմնակիցները հաճախ ստանձնում են դատավորի (կամ գուցե դատախազի) դեր եւ իրենց դատավճիռն են կայացնում՝ սա լրատվամիջոց է, իսկ սա ոչ թե լրատվամիջոց է, այլ «մութ ուժերի» շահերը պաշտպանող… որակումները թողնում եմ ընթերցողի երեւակայությանը:

Իշխանության երկրպագուները նաեւ սիրում են ուսուցողական տոնով խոսել այն մասին, որ խոսքի ազատությունը չի նշանակում սանձարձակություն եւ այլն: Նման գնահատականները վերջերս հիմք դարձան «բոյկոտի» համար՝ «ոչ լրատվամիջոցների» համար միջոցառումը լուսաբանելու «դուռը փակվեց»:

Դա սխալ մոտեցում է՝ ոչ ոք ոչ մեկի դատավորը չի կարող լինել (բացի, բնականաբար, այն դեպքերից, երբ խախտվում է օրենքը, եւ պիտի գործեն պետության կողմից նշանակված դատավորներ): Իհարկե, կան աշխարհում ընդունված լրագրության մասնագիտական եւ էթիկական չափանիշներ: Բայց «սանձարձակության դեմ պայքարողներին» շատ էլ դուր է գալիս, երբ այդ չափանիշները խախտում են իշխանության կողմնակից լրատվամիջոցներն ու հեղինակները՝ այդ դեպքում նրանք «լայքում» եւ «սրտիկում» են ընդդիմախոսներին ուղղված սանձարձակ արտահայտությունները, բայց հակառակ կողմից դրսեւորվող նույնատիպ վարքը նրանց համար անընդունելի է:

Այստեղից հորդոր. պետք չէ ոչ մեկին բոյկոտել: Պետք է փորձել առնվազն խաղաղ համագոյակցել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Գրող (գրել բայից), մարդ, որը գրում է գեղարվեստական արժեք ունեցող նյութեր։
    http://profil.am/?p=9571

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930