Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քթի «նորաձեւության» մինուսներն ու պլյուսները

Նոյեմբեր 01,2019 12:00

36-ամյա Դիանան արդեն 3 տարի է՝ «տառապում է»։ Դիմել է քթի պլաստիկ վիրահատության, որի արդյունքից դժգոհ է մնացել եւ մինչ այսօր չի համակերպվում նոր քթին։

Դիանային դուր չի եկել իր քիթը։ Իր խոսքով՝ առանձնապես մեծ քիթ չի ունեցել, սակայն մտածել է, որ այն իրեն չի սազում։ Որոշել է վիրահատել եւ ստացվել է այն, ինչ ստացվել է։

Այժմ ունի շնչառական խնդիր, որն այն ժամանակ չի եղել։ Կա նաեւ քթից հոսք, որը վիրահատող բժիշկը գնահատել է իբրեւ ալերգիա, բայց Դիանան պնդում է, որ ալերգիա երբեք չի ունեցել։ Իսկ քթի ծռությունը, ասում են, թե իրեն է թվում։

Այսօր նման դեպքերի կարելի է հաճախ հանդիպել։  Քթի պլաստիկ վիրահատությունները դարձել են կոսմետիկ հարդարման մի մասը, որի շնորհիվ կանայք, աղջիկները, երբեմն էլ տղամարդիկ շտկում են իրենց թերություններն ու խնդիրները, զգում են իրենց ավելի ինքնավստահ եւ հարմարավետ։

Քթի պլաստիկ վիրահատության անհաջող արդյունքը միշտ չէ, որ բժշկի մեղքով է լինում։ Պլաստիկ վիրաբույժ Զոհրաբ Անտոնյանի խոսքով՝ երբեմն լինում են դեպքեր, որ կրկնակի վիրահատության կարիք է լինում:  «Ռինոպլաստիկան  իրենից բարդ վիրահատություն է ներկայացնում եւ  նույնիսկ ամենալավ եւ հայտնի վիրաբույժների մոտ նման դեպքեր հաճախ են լինում»,- ասում է վիրաբույժը։

Ոմանք կարծում են, որ պլաստիկ վիրահատած բոլոր քթերը միանման են, եւ անկախ նրանից, թե ով է եղել բժիշկը, որքան պրոֆեսիոնալ է կատարված վիրահատությունը, միեւնույն է, վիրահատած քիթը տարբերվում է բնականից։

Վիրահատվածների կամ պարզապես կողքից հետեւողների մեծ մասի մոտ էլ այն կարծիքն է ձեւավորված, որ յուրաքանչյուր բժիշկ ունի իր «ձեռագիրը». վիրահատած քթի ձեւից կարելի է ենթադրել, թե ով է եղել վիրաբույժը։

Լինում են նաեւ դեպքեր, երբ դժվարանում են որոշել, թե որ քիթն է վիրահատած, եւ որը՝ ոչ. կա՛մ վիրահատությունը ծայրաստիճան բնական գեղեցիկ է դարձրել քիթը, կա՛մ բնական քիթը վիրահատված լինելու չափ գեղեցիկ է։ Ինչեւիցե, վերջին շրջանում վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենից շատ պլաստիկ վիրահատության ենթարկվող օրգանը քիթն է։ Շատ դեպքերում անձը ունենում է շնչառական խնդիր, որի լուծումը պարզապես հնարավոր չի լինում առանց վիրահատական միջամտության։ Իսկ երբեմն էլ պլաստիկ վիրահատության դիմում են մոդայիկ երեւալու, եղած չնչին թերությունը շտկելու եւ ավելի գեղեցիկ դառնալու համար։ Այս վերջինը ոմանց կարծիքով հենց այն է, ինչի պատճառով վիրահատվողը չի հավանում արդյունքը, չի հարմարվում նոր կերպարին եւ անհարմարվածության զգացումն էլ տանում է կոմպլեքսավորման, որն ավելի քիչ է լինում նախքան վիրահատվելը։ Պետք է ընդունել, որ բացի պլաստիկ վիրաբույժ լինելուց, հարկավոր  է լինել նաեւ հոգեբան՝ այցելուին ճիշտ խորհուրդ տալու եւ սխալ քայլից ետ պահելու համար։ Իր խոսքում Զոհրաբ Անտոնյանն ասաց.  «Այցելուի սխալ որոշմանը համաձայնող բժիշկն ավելի մեծ սխալ է գործում, քան հենց ինքը՝ այցելուն, այդ քայլին դիմելիս»։ Ասում են՝ գեղեցկությունը զոհեր է պահանջում, բայց այս մտքին համաձայն չէ վիրահատությունից դժգոհ մնացած Դիանան։ «Պետք չէ գեղեցկությանը զոհ դառնալ։ Նախքան նման քայլի դիմելը, հարկավոր է լավ մտածել, որովհետեւ  քթի վիրահատությունը բախտի բան է»,- ընդգծում է նա։ Հավելում է, որ պարզապես պետք է սիրել այն մարմինը, որի մեջ ապրում ենք, այն առավելություններն ու անգամ թերությունները, որոնք տրվել են ի ծնե։ Միշտ էլ դուրեկան է լինել գեղեցիկ եւ խնամված, բայց ոչ երբեք նորաձեւությանը՝ գերի։

Սյուզի ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մարդը գեղղեցիկ է իր յուրօրինակությամբ,այլ ոչ թե մնացածների նմանությամբ…..:Օրինակ,Սևակ Ամրոյանը հիմա,որի երգերը ինձ հիացնում էին,դեմքը խաթարելուց հետո կորցրել է իր այննքան հաճելի ձայնը,իսկ դեմքին նայելուց …..:Կարճ ասած՝դուր չի գալիս,իմ համար որպես երգիչ նա գոյություն չունի….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930