Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես քայլեցինք Թումանյանի ոտնահետքերով

Նոյեմբեր 01,2019 12:30

Վաղուց, շատ վաղուց էր, երբ առաջին դասարանցի լինելով, ձմռան օրերին փորձում էի դպրոցի բակում իմ ուսուցիչների թողած թարմ ձյան ոտնահետքերով քայլել, դրանով երջանկանալ ու համոզվել, որ ես էլ մի օր նրանց պես հարգարժան կդառնամ: Հիմա արդեն հասնելով թոշակի տարիքի նախաշեմին, ով կմտածեր, որ նույն պատանեկան ապրումներով պիտի պարուրվեմ, երբ ավագ դպրոցի մի խումբ աշակերտների հետ մեկնելով Թբիլիսի, անցա Թումանյանի ոտնահետքերով:

Ճամփորդությունը կազմակերպել եւ ֆինանսավորել էր Հյուսիսային համալսարանը: Մեծ բանաստեղծի ծննդյան  հոբելյանական տարվա կապակցությամբ համալսարանը դպրոցականների շրջանում թումանյանական թեմաներով մրցույթ էր հայտարարել, եւ հաղթած շուրջ 20 աշակերտներին առիթ էր ընձեռվել այցելել Թբիլիսի` մեծ բանաստեղծի տուն-թանգարան: Միկրոավտոբուսում թումանյանական մթնոլորտ էր: Ճանապարհին դպրոցականները Թումանյանից քառյակներ էին ասմունքում, «Անուշ» օպերայից խմբային երգեր հնչեցնում: Եվ պիտի խոստովանեմ, թումանյանական ոգին մեր մեջ ավելի էր կենդանանում, երբ միկրոավտոբուսը անցնում էր Լոռվա հրաշագեղ ձորերով: Կարծես, ճամփորդներիս երգն ու ասմունքը մի նոր ուժ էր ստանում ու մեծ լոռեցու ստեղծագործություններին այդ ճանապարհին կենդանի շունչ հաղորդում:

Ինչեւէ, հասանք Թբիլիսի եւ աշակերտների հետ այցելեցինք Թումանյանի տուն-թանգարան: Ամեն ինչ շատ հուզիչ էր: Ճանապարհին կուտակված թումանյանական ոգու կրակը էլ ավելի բորբոքվեց, երբ սկսեցինք շքամուտքի աստիճաններով բարձրանալ Ամենայն հայոց բանաստեղծի բնակարան: Այստեղ ամենուր Թումանյան էր, թե մեր սրտերում եւ թե մեր աչքերում, որոնք ագահորեն կլանում էին բանաստեղծի տուն-թանգարանի ցուցանմուշները ու մեզ տեղափոխում շուրջ հարյուր տարվա վաղեմություն: Բոլորս պարզապես փորձում էինք այդ միջավայրից գեթ մի փոքր «թումանյանական մասունք» պոկել ու տանել մեզ հետ:

Ամեքիս հոգիները պարզապես հուզմունքից թրթռում էին, երբ թանգարանի զբոսավարը մեզ թույլ էր տալիս թիկնել Թումանյանի թախտին, անգամ նստել մեծ բանաստեղծի գրասեղանի աթոռին եւ լուսանկարվել: Թումանյանական ոտնահետքերով մեր այդ քայլերը եւ խորհրդավոր էին, եւ շատ հուզմնալից: Համոզված էի, որ ամենքս նայելով թանգարանի ցուցանմուշներին, մտովի պատկերացնում էինք եւ վայելում տեսարաններ, թե ինչպես ենք թեյ խմում Վերնատանը, զրուցում բանաստեղծի հետ, քննարկում գրականություն, լուծում ազգային հարցեր…

Ամեքիս հուզմունքը հասավ իր գագաթնակետին, երբ աշակերտներից մեկը հանկարծ անկաշկանդ մոտեցավ դաշնամուրին, «Անուշ» օպերայի երաժշտության հնչյուններով ողողեց թանգարանի սենյակը, իր շուրջը մագնիսի պես ձգելով բոլորիս, եւ ստիպելով խմբով երգել «Ամպի տակից ջուր է գալիս….»:

Չէի կարողանում հուզմունքից թաքցնել արցունքներս: Երկարամյա իմ կենսափորձում երբեք այդքան հուզիչ չէի ըմբոշխնել այդ չքնաղագեղ մեղեդին: Ու հաստատ, պատճառը նորից թումանյանական թանգարանի պատերն էին, որոնք հարյուրամյակի խորքից  յուրովի էին մեկնաբանում Թումանյանի ստեղծագործությունները, հատուկ նրբերանգներ հաղորդում, որ պիտի զգայինք հենց Թումանյանի ոտնահետքերով քայլելիս:

Եվ ահա, այդ քայլերը ի վերջո մեզ տարան հայ մեծերի պանթեոն, Խոջիվանքի գերեզմանատուն, ուր հանգչում է մեծ բանաստեղծի շիրմը: Քանի-քանի անգամ եմ եղել Թբիլիսիում,  մտքովս անգամ մի պահ չանցկացնելով այցելել Ամենայն հայոց բանաստեղծի շիրիմին: Ու այս անգամ, երբ դա ինձ հաջողվեց, մի զարմանահրաշ բան պատահեց:

Պայծառ, արեւոտ երկնքում անսպասելի  հայտնվեց սառը եւ սաստիկ քամի, որն իր ուժգնությամբ կարծես թույլ չէր տալիս մեզ հետ բերած ծաղիկները միանգամից դնելու շիրմաքարին: Քամին ապտակում էր այտերիս, շշնջում  ականջիս ու կարծես ակնարկում. «արդյոք շատ չե՞ս ուշացել այցելելու գրականության հսկային»: Ու ես հոգուս խորքում այդ պահին իսկապես ինձ մեղավոր էի զգում, որ Թումանյանի ոտնահետքերով իմ քայլքը գուցե փոքր-ինչ ուշացրել եմ… Եվ այ քեզ զարմանք, կարծես մեծահոգի հայը այս անգամ էլ ներողամիտ գտնվեց եւ  քամու սաստկությունը միանգամից մարեց, թույլ տալով մեզ մոտենալ շիրիմին  եւ ծաղիկներ խոնարհել Ամենայն հայոց բանաստեղծի գերեզմանին: Ու ես այս անգամ, գոնե ինձ համար, մի նոր Թբիլիսի հայտնաբերեցի, որը բնավ նման չէր նախկինում բազմակի անգամ այցելած այդ քաղաքին:

Օրվա վերջին, Վրաստանի մայրաքաղաք ժամանած մեր խումբը, հաճելի տպավորություններով  եւ հուզումնախառն հոգով, հետդարձի ճամփան բռնեց դեպի Երեւան: Աշակերտները դեռ շարունակում էին մտովի, անբացատրելի տպավորություններով ու կախարդանքի ուժով քայլել թումանյանական ոտնահետքերով ու նորից ու նորից զգալ մեծ լոռեցու ստեղծագործական խորունկ ուժը, որ հաստատ դեռ պիտի ուղեկցեր բոլորին` իրենց ողջ կյանքի ընթացքում:

Արմեն ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

տնտեսագիտության դոկտոր,  պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
31.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930