Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես դեռահասը հետ կանգնեց ինքնասպանության հասցնող սոցցանցային խաղերից

Նոյեմբեր 01,2019 13:00

Մենք ապրում ենք արագ փոփոխվող ու զարգացող աշխարհում, որն էլ մեզ համար օր առ օր պատրաստում է նոր մարտահրավերներ: Այս անգամ այն իր արտացոլումը գտավ վտանգավոր խաղերի մեջ, որոնք արդեն տեւական ժամանակ է, ինչ իրենց գործունեությունը ծավալում են սոցիալական ցանցերում. Նպատակը մեկն է՝ անել այն, ինչ հրահանգվում է: Սկզբում հանձնարարությունները բավական «անմեղ» են, օրինակ՝ նկարիր ձեռքիդ կետ կամ գրիր դաստակիդ բանալի բառերը, լուսանկարիր եւ ուղարկիր մեզ: Հաջորդիվ դրանք ավելի բարդանում են, հրահանգիչը հանձնարարում է դիտել ամբողջ օրը միայն սարսափ ֆիլմեր, ածելիով ինչ-որ գրառում կատարել ձեռքին, կտրել երակներն ու լուսանկարել, իսկ ահա վերջում՝ 50 օր հետո՝ գործել ինքնասպանություն:

Այսօր զրույց կունենաք մի դեռահասի հետ, որը բավականին երկար ժամանակ տարված էր նմանատիպ խաղերով, սակայն կարողացել է իր մեջ ուժ գտնել ու հետ կանգնել նման վտանգավոր «զբաղմունքից»: Անունն իր խնդրանքով չենք հրապարակում, խաղի անունը նույնպես` չգովազդելու համար:

– Ինչպե՞ս եւ ո՞ւմ միջոցով լսեցիք խաղի մասին:

– Խաղը տեսա Ֆեյսբուքում, ճիշտն ասած, խաղի նկարը ինձ դուր եկավ՝ երկնքում կետ էր պատկերված: Մտնելով նկարի տակ արված մեկնաբանությունները՝ տեսա, որ մի աղջիկ վատ մեկնաբանություններ  է թողել, որն էլ հետաքրքրեց, փնտրեցի խաղը, գտա ու սկսեցի խաղալ:

– Երբ սկսեցիք խաղալ, զգո՞ւմ էիք վախ, թե՞ պարզապես այն համարում էիք ժամանցի մի ձեւ:

– Կարելի է ասել, որ վախ կար, ինչը ավելի շատ էր ձգում խաղալուն: Ինչը ինձ համար արգելված է, դա ավելի հետաքրքիր է:

– Ո՞րն է եղել ձեր կատարած առաջին առաջադրանքը:

– Առաջին առաջադրանքը կապույտ կետ նկարելն էր: Օրինակ, թմրամոլները, որ կախվածություն են ունենում նարկոտիկից ու անընդհատ օգտագործելուց հաճույք են ստանում, ու ուզում շատ քանակով օգտագործել, կհամեմատեմ ինձ հետ, էդ կերպով էլ ես էի ուզում  խաղայի, ու հասնեի ավելի բարդ առաջադրանքներին:

– Ըստ ձեզ՝ ինչի՞ց դրդված էիք կատարում այդ առաջադրանքները:

– Դրդված չէի ասի, իմ վրա,  ի տարբերություն մնացած երեխաների, որոնց վրա կուրատորը խոսքով կամ վախեցնելով ազդում էր, իմ մոտ հակառակն էր, ես գիտեի, որ արգելված է, բայց ուզում էի, հիմա արդեն մտածում եմ, որ դա ավելի դեռահաս տարիքի հետ էր կապված:

– Ունեցե՞լ եք ցանկություն հասնել վերջին առաջադրանքին՝ գործել ինքնասպանություն:

– Ցանկություն երեւի չէ, որ կարդում էի քոմենթները խաղի մասին, բոլորը իրենց փորձն էին գրում վերջին առաջադրանքին հասնելու մասին, ես էլ ուզում էի հասնեի ու իմը գրեի, թե ոնց հաղթահարեցի:

– Ինչպե՞ս կբնութագրեք ձեր պահելաձեւը այդ շրջանում: Արդյո՞ք ծնողները չեն նկատել տարօրինակություններ պահվածքի կամ խոսելաձեւի մեջ:

– Ծնողների առումով միշտ եմ մեկուսացած եղել, վստահ էի, որ իմ վարքի մեջ տարօրինակ ոչ մի բան չէին նկատի, միշտ էդ դիրքի մեջ էի: Բայց մեկուսացվածությունը կար, ցանկանում էի կտրվել բոլորից: Երկար ժամանակ կախվածություն ունեի Ֆեյսբուքից, շատ էի շփվում ընկերներիս հետ, բայց խաղի պատճառով դա էլ կորցրի:

– Եղե՞լ են պահեր, երբ ցանկացել եք խոսել, պատմել ինչ-որ մեկին ձեզ հետ կատարվածի մասին:

– Չէ, էդ պահին դու չես ուզում խոսել կամ կիսվել, քո մոտ էդ պահին խանդ կա, որ դու ուզում ես էդ զգացողությունը մեջդ պահել, թեկուզ ինքը վատն է, բայց մենակ քոնը լինի: Բացի դա, ասելու դեպքում քննադատելու էին, իսկ ես դրա պակասը, հավատացեք, չունեի:

– Երբեւէ  ունեցե՞լ եք զգացողություն այդ ուժի առկայության մասին ձեր կողքին, ձայների կամ տեսիլների միջոցով:

– Երբ երկար ճանապարհ էի գնում ու նայում էի երկնքին, սարսափում էի, ենթագիտակցությանս մեջ կապույտ կետն էր երկնքում: Չեմ ժխտի, խաղի ազդեցությունը մեծ էր:

– Ինչպե՞ս կանգ առաք, ինչը կամ ով կանգնեցրեց ձեզ:

– Չափից շատ նյարդային էի արդեն, գոռում էի տնեցիների վրա առանց պատճառի, թեկուզ որպիսությունս էին ուզում իմանային, մեկ է գոռում էի: Չեմ ժխտի, ունեմ կամք` կարողացա հետ կանգնել: Բացի դա, իմ սիրելի խումբը՝ BTS-ը, նոր տեսահոլովակ հանեց՝ «Come back»-ն էր, տարվեցի իմ խմբով ու դժվար, բայց մոռացա խաղի մասին:

Զրուցեց

Աննա ՉԻԲՈՒԽՉՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
31.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930