Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերային արվեստը «արտահանվում» է Արցախ

Նոյեմբեր 01,2019 13:30

Լեւոն Ջավադյանի տեսլականն իրականություն է դառնում

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի երգիչները առաջին անգամ հանդես են եկել արցախցի հանդիսատեսի առջեւ։

Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ այս նախագիծը իրականացրել է «Տաղանդավոր երիտասարդների զարգացման» հիմնադրամը, օպերային թատրոնի երիտասարդական ծրագրի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության ու ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարության հետ համատեղ։

«Երիտասարդական օպերային ծրագրի երգիչների մասնակցությամբ համերգներ ունեցանք Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում, Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջում։ Նախատեսված երկու համերգից բացի, ծրագրի երգիչները հնչեցրին «Պատարագ» Դադիվանքում եւ Գանձասարում։ Իսկ ծրագրի վոկալի մասնագետ, վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանի եւ իմ կողմից վարպետության դասեր անցկացրեցինք Սայաթ-Նովայի անվան քոլեջում»,- հայտնեց մեր զրուցակիցը, ապա հավելեց, թե հնչել են արիաներ ու ռոմանսներ հայ, ռուս եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններից։

Հարցին, թե ո՞րն էր արցախյան համերգների գերնպատակը, պարոն Ջավադյանը պատասխանեց. «Այս նախագծով վերջակետ չդրվեց Երիտասարդական օպերային ծրագրի եւ Արցախի 2 նախարարությունների համագործակցությանը։ Սա ընդամենը սկիզբն էր։ Առանց մանրամասնելու նշեմ նաեւ, որ 2020թ. Տիգրանակերտում կիրականացնենք օպերային բեմադրություն։ Իսկ գերնպատակը, ըստ էության, հետեւյալն է. օպերային արվեստը հանրահռչակել Արցախում, ստեղծել ամուր զարգացման հիմքեր հայ կատարողական արվեստի հետագա զարգացման եւ հանրահռչակման համար,  ընդլայնել երիտասարդ օպերային երգիչների մասնագիտական ուսուցման հնարավորությունները, բացահայտել նոր սերնդի ստեղծագործական հնարավորություններն ու ինքնարտահայտման հնարավորություններ ստեղծել։ Ի վերջո, այս ամենն ուղղված է ազգային օպերային արվեստի պահպանմանն ու տարածմանը եւ ինչու ոչ՝ զարգացմանը»։

Զրույցի ընթացքում  Լեւոն Ջավադյանը Արցախի Հանրապետությունից «տեղափոխվեց» Հայաստանի Հանրապետություն, ավելի շատ՝ հայաստանյան մարզեր։ «Առաջիկայում նման նախագիծ կիրականացնենք Գյումրի եւ Մասիս քաղաքներում, նաեւ Դիլիջանի միջազգային դպրոցում։ Այսինքն՝ համերգներ ու վարպետության դասեր։ Տեսե՛ք, Գյումրին, ինչպես եւ Շուշին, մշակութային մայրաքաղաք է իր հիանալի ավանդույթներով։ Իսկ, օրինակ, Արարատի մարզում հենց Մասիս քաղաքում չեմ կարծում, թե այդքան աշխույժ է «կյանքը» կոնկրետ դասական երաժշտարվեստի ոլորտում։ Դիլիջանի դպրոցում էլ ուսանում են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, ուստի  որոշել ենք այնտեղ ներկայացնել միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ»,-  տեղեկացրեց Ջավադյանը։ Հավելեց նաեւ, թե նմանատիպ ծրագրեր են ցանկանում իրականացնել իր խոսքերով՝ Երեւանի ծայրամասային երաժշտական դպրոցներում։

Հիշեցնենք, որ Ազգային օպերային թատրոնում Երիտասարդական օպերային ծրագիրը հիմնվել է 2016թ.։ Այս տարիների ընթացքում ծրագրում ընդգրկված երգիչները բազմաթիվ հաջողություններ են գրանցել միջազգային հարթակներում, մասնավորապես՝ մրցույթներում։ Նրանցից շատերը ընդգրկված են թատրոնի խաղացանկային ներկայացումներում, հաճախ ծրագրի մասնակիցները հանդես են գալիս մենահամերգներով նույնպես։ 2018թ. միայն ծրագրի մեներգիչների մասնակցությամբ բեմադրվեց Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը (բեմադրող դիրիժոր՝  Հարություն Արզումանյան, բեմադրող ռեժիսոր՝ Ժիրայր Փափազյան)։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930