Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժքույրը նախապես չի ծանուցվել աշխատանքից ազատման մասին

Նոյեմբեր 01,2019 14:00

Ա. Ս.-ը  Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում որպես բուժքույր աշխատանքի է անցել 1975 թվականից: 2017 թվականին կենսաթոշակային տարիքը լրանալուն պես, 2006 թվականից անորոշ ժամկետով կնքված նրա աշխատանքային պայմանագրում փոփոխություններ են արվում: Պայմանագիրն անորոշից վերածվում է որոշակի ժամկետով կնքվածի եւ երկարաձգվում մինչեւ 2018 թ. դեկտեմբերի 30-ը:

Ա. Ս.-ը չէր էլ պատկերացնում, որ մեկը մյուսին հաջորդող աշխատանքային պայմանագրերի կնքումն, ի վերջո, ստիպելու է իրեն խախտված իրավունքների վերականգնման նպատակով դիմել դատարան։

Մինչ հերթական աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը՝ 2018թ. նոյեմբերին Ա. Ս.-ը  հասցնում է մասնակցել նաեւ Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից անցկացված «Բուժքրոջ աշխատանքն առաջին բուժօգնության ցուցաբերման ժամանակ»  թեմայով վերապատրաստման դասընթացին եւ ստանում է վկայական: 2019թ. հունվարի 1-ին, Ա. Ս.-ի աշխատանքային պայմանագիրը երկարացվում է եւս 6 ամսով՝ մինչեւ 2019 թ. հուլիսի 7-ը: Հուլիսի 1-ին կնքվում է նոր համաձայնագիր՝ դարձյալ աշխատանքային պայմանագրի երկարացման վերաբերյալ, որով էլ Ա. Ս.-ի  աշխատանքային պարտականությունները շարունակվում են եւս 1 ամիս՝ մինչեւ օգոստոսի 10-ը:

2019 թ. օգոստոսի 12-ին Ա. Ս.-ն ազատվում է աշխատանքից՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաեւ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` նախքան դրա գործողության ժամկետի լրանալը (…) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի 63 տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի 65 տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով)  եւ 111-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով (Գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն 10 օր առաջ): Գործատուն, սակայն, բացի նրանից, որ ակնհայտ խտրական մոտեցում է ցուցաբերում Ա. Ս.-ի հանդեպ, խախտում է նաեւ Աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածը, որով  նախատեսվում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի լուծման, այդ թվում նաեւ՝ ծանուցման կարգը: Տվյալ դեպքում բուժքույրը նախապես չի ծանուցվում աշխատանքից ազատման  մասին:

Սեփական իրավունքների պաշտպանության ու իրավական աջակցության խնդրանքով Ա. Ս.-ը դիմում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ: Գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի խոսքով՝ իրենք դիմել են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել 2019 թ. օգոստոսի 12-ի թիվ 63 հրամանը, պոլիկլինիկայի եւ Ա. Ս.-ի միջեւ կնքված աշխատանքային պայմանագիրը համարել անորոշ ժամկետով կնքված։

Տվյալ դեպքում  անորոշ ժամկետով կնքված պայմանագրի փոփոխությունն արվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի խախտմամբ՝ առանց գործատուի կողմից բուժքրոջ մասնագիտական կարողությունների գնահատման:  Կենսաթոշակային տարիքը լրանալը դիտարկելով որպես հիմք՝ գործատուն աշխատողին ազատել է աշխատանքից՝ ցուցաբերելով խտրական մոտեցում: Հաշվի առնելով գործատուի կողմից աշխատանքից ազատման հարցում ոչ իրավաչափ գործողությունները՝ Ա.Ս.-ի շահերի պաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը դիմել է դատարան եւ պահանջել վերականգնել բուժքրոջն իր աշխատանքում, ինչպես նաեւ գործատուից գանձել միջին աշխատավարձ՝ հօգուտ Ա. Ս.-ի՝ հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ընթացքի համար:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Առավոտ» օրաթերթ
31.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930