Կալանքի որոշում տված դատարանը հիմք էր ընդունել քննիչի ներկայացրած հարցաքննության արձանագրությունների առաջին էջերը:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ս. Մարաբյանի նախագահությամբ հոկտեմբերի 25-ին հրապարակվեց ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղադրվող Սամվել Այվազյանի՝ թվով 5-րդ խափանման միջոց կալանքի, պաշտպանների՝ Ա. Ծառուկյանի եւ Գ. Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքի որոշումը: Այն է՝ վերաքննիչ բողոքը բավարարել, քննիչի՝ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը մերժել:
Սամվել Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնել եւ նրան անհապաղ ազատել կալանքից: Այդպես էլ եղավ. Ս. Այվազյանը ազատության մեջ հայտնվեց:
Կարատեի մարզիչ Ս. Այվազյանի պաշտպանները տեղեկացնում են, որ քրեական գործը մակագրվեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (Ավան եւ Նոր Նորք նստավայր) դատավոր Վ. Գրիգորյանին: Երեկ ժամը 17:15-ին նշանակվել էր Ս. Այվազյանի խափանման միջոց կալանքի հարցի քննարկումը: Մինչ դատարան գնալը, ինչպես «Առավոտին» տեղեկացրեց պաշտպան Գ.Հովհաննիսյանը. «Ս. Այվազյանը ՀՔԾ-ին էր հանձնել հաղորդում հանցագործության մասին, որը Ս. Այվազյանին ապօրինի կալանավորման, ապօրինի կալանքի տակ պահելու, քրեական գործի նյութերը քննիչի կողմից հրապարակելու, պաշտոնեական դիրքի չարաշահման, լիազորությունների անցման մասին էր»:
Կարդացեք նաև
Ս. Այվազյանը պաշտպանների միջոցով կոչ էր արել. «Բոլոր նրանք, ովքեր հավատում են իմ անմեղությանը, լինել իմ եւ իմ պաշտպանների կողքին»:
Սամվել Այվազյանն ապօրինի է համարել կալանքը, այն համարելով քննիչի եւ դատախազության քմահաճույք:
«Դատավոր Ս. Մարաբյանի կողմից կայացվող դատական ակտը երկար կյանք չի ունենա: Մնալու եմ եւ պայքարելու եմ իմ անմեղության համար»,-նշել էր Ս. Այվազյանը:
Սամվել Այվազյանին մեղադրանք էր առաջադրվել վանաձորցի քրեական հեղինակություն, գործով տուժող Շալիկո Մանուչարյանի՝ Շալոյի մահափորձի համար:
Հիշեցնեմ, թե մեղադրական կողմը ինչի համար է նրան մեղադրում. «Սամվել Այվազյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա Եվգենի Կաչակի եւ գործով չպարզված մի խումբ անձանց հետ ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ապօրինաբար կյանքից զրկել Վանաձոր քաղաքի բնակչին, որի համար Ղազախստանի Հանրապետությունից ՀՀ է հրավիրել ընկերոջը՝ Եվգենի Կաչակին: Վերջինս երկար տարիներ ծառայել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության ջոկատում, ՀՀ ոստիկանության զորքերում՝ որպես դիպուկահար, ինչի մասին քաջատեղյակ է եղել Սամվել Այվազյանը, քանի որ նախկինում միասին աշխատել են Ղազախստանի Հանրապետությունում՝ Ալմա-Աթա քաղաքի «Եվրոպոլիս» ընկերությունում՝ որպես թիկնապահ»:
Պաշտպանական կողմն ահազանգել էր, որ՝ «Քննիչը 11 ամիս դատարան է ներկայացրել անձանց հարցաքննության արձանագրությունների առաջին էջերը, իր միջնորդության մեջ ոչ թե նշել է, որ պետք է կատարվի նախաքննություն, այլ նախաքննական ավարտ հայտարարելու, քրեական գործի նյութերին ծանոթացնելու, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու, ինչպես նաեւ նույնիսկ հոգացել է, որ դատարանը ժամանակ ունենա որոշումներ կայացնելու եւ նախնական դատական նիստ նշանակելու համար»:
Ըստ պաշտպանների, առաջին ատյանի դատարանում գործը լսվել եւ որոշում էր կայացվել՝ առանց հիմնավոր կասկածը հիմնավորող որեւիցե նյութի (նյութերի բացակայությամբ) եւ հիմքերի, ինչպես նաեւ հարցաքննության արձանագրությունների առաջին էջերով, առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու: Մինչդեռ, գործում կար պաշտպանների՝ հետազոտել նաեւ քրեական գործի մի քանի նյութեր միջնորդությունը, որով ակնհայտ կդառնար Ս. Այվազյանի անմեղությունը:
Այս գործով, ինչպես նախորդ հրապարակման մեջ տեղեկացրել եմ, Շալիկո Մանուչարյանը՝ Շալոն, իրեն տուժող չի համարում, եւ չի ցանկանում ընդհանրապես ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ ծանոթանալու քրեական գործի նյութերին:
Գործի նյութերը, որոնք գտնվում են պաշտպանների մոտ, խոսում են մի բանի մասին. 11 ամիս շարունակ հարցաքննված անձինք տվել են արդարացնող ցուցմունքներ, եւ ըստ էության, դրանցում չկա հիմնավոր կասկած: Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 18-ին հետաձգել էր դատական նիստը, քանի որ քննիչի եւ դատախազի կողմից ներկայացվել էին հետաձգման դիմումներ:
Նշենք, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.– Ավան եւ Նոր Նորքի նստավայրում խափանման միջոցի հարցին երեկ չանդրադարձան: Սամվել Այվազյանն ազատության մեջ է դեռ, մեկ ժամ շուտ էլ նիստից առաջ ներկայացել էր դատարան, հանձնել դիմում:
«Առավոտ» օրաթերթ
31.10.2019