Երևանը և Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ շարունակում են բանակցել լրագրողների փոխայցելությունների շուրջ, երկխոսության դրական ելքի հույսերը պահպանվում են: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցություններից հետո:
Արտգործնախարարը հիշեցրել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման արդյունքներով «մարդասիրական մի շարք քայլերի հեռանկարներ» են ձևավորվել։ «Այդ ժամանակ քննարկվել են նաև հարցեր՝ կապված պահվող անձանց, զոհերի մարմինների, լրագրողների փոխադարձ այցելությունների հետ, որպեսզի իրավիճակը մի փոքր մեղմանա և վստահության մթնոլորտ ստեղծվի: Լրագրողների մասով, որքան գիտեմ…, ԵԱՀԿ քարտուղարության միջնորդությամբ, ընթանում է երկխոսություն, հույս կա»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է պահվող անձանց փոխանակմանը, ըստ Լավրովի, սպասումներն այնքան էլ լավատեսական չեն, սակայն այս ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ