Էդուարդ Աղաջանյանը շարքային չինովնիկական տեսակետից ճիշտ է վարվել, որ չի գաղտնազերծել վարչապետի եւ կառավարական ամառանոցի ծախսերը: Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
Երեկ ԱԺ-ում կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կառավարական ամառանոցների վերանորոգման ծախսերի, վարչապետի համար 540 հազար դոլարանոց ավտոմեքենայի եւ նոր ինքնաթիռի գնման մանրամասները չի բացահայտել, նշելով՝ օրենքով դրանք գաղտնի են: Հոկտանյանը գտնում է՝ սխալ է, որ այդ ծախսերը թափանցիկ չեն: Նա հիշեցրեց տարիներ առաջ նախկին իշխանությունները, երբ այս տեսակ գնումները գաղտնի էին դարձնում հակակոռուպցիոն կենտրոնը մեծ աղմուկ բարձրացրեց: Հոկտանյանի խոսքերով՝ «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարվեց, եւ այն ժամանակ որեւէ հիմնավոր բացատրություն չտրվեց, ուղղակի հիմնավորում էին անվտանգության խնդիրներով:
Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է. «Պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական եւ ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի եւ ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները»:
«Երբ այն ժամանակ այս ամենի տրամաբանությունը փորձում էինք հասկանալ, բացատրվում էր անվտանգության տեսանկյունից, թե՝ թշնամի պետությունները կարող են…բնականաբար, այլ համարժեք բացատրություն սրան չէր լինի: Բայց մենք այն ժամանակ ասում էինք, որ մտահոգությունը գնման ձեւերն են՝ մեկ անձից գնումը հնարավոր է չարաշահվի, ուռճացված գներով արվեն: Մենք նաեւ նշում էինք՝ հասկանում ենք, որ կարող է անվտանգության ապահովման խնդիր լինել, բայց ինչո՞ւ այդ գնումները սահմանափակ չափով չգաղտնազերծվեն: Մենք չլսեցինք հիմնավոր բացատրություններ, որ այդ ամենը պետք է գաղտնիք լինի, այն ժամանակ չբարեհաճեցին բացատրել, բայց գոնե հիմա կարող են բացատրել»,-ասաց Հոկտանյանն՝ անդրադառնալով Աղաջանյանի՝ գնումների մասին տեղեկություններ չտալուն:
Կարդացեք նաև
Արդյոք 70% քվե ստացած, լեգիտիմ իշխանության դեպքում էլ գաղտնի գնումներում կոռուպցիոն ռիսկեր չկա՞ն, մեր այս հարցին ի պատասխան Հոկտանյանն ասաց՝ կոռուպցիոն ռիսկեր միշտ կան. «Անկախ նրանից իշխանությունը լեգիտիմ է, թե՝ ոչ, խնդիրը կա, եւ կոռուպցիայի խնդիր կա լրիվ ժողովրդավար երկրներում էլ: Եթե կա մեկ անձից գնում ու դա գաղտնի է, որի մասին ոչինչ չգիտես, կասկածը միշտ կա՝ անկախ լեգիտիմությունից: Լեգիտիմ իշխանությունն էլ կարող է կոռումպացված լինել: Նախկին իշխանությունում, ըստ միջազգային համաթվով, կոռուպցիան համակարգային էր»: Հոկտանյանը չի բացառում, որ այսօր էլ միջին կամ ստորին օղակներում կոռուպցիոն դրսեւորումներ լինեն, բայց այդ մասին հստակ պատասխան կլինի, երբ հրապարակվի կոռուպցիայի համաթիվը:
«Եթե գաղտնի է՝ կոռուպցիոն լուրջ ռիսկ կա: Ինձ համար նշանակություն չունի նախկին, թե՝ ներկա իշխանություն, ճիշտ չեմ համարում այն մոտեցումը, որ այս նոր իշխանությունները լավն են, ու արդարացված է օրենքով սահմանված այդ արարողակարգային եւ մյուս ծախսերը գաղտնի թողնել: Նման արդարացումն անընդունելի է ինձ համար: Արդարացված չէ գաղտնի գնումներից որոշ տվյալներ չհրապարակելը»,-այս կարծիքին է Հոկտանյանը: Նա նշեց, որ օրենքը վերանայելու կարիք կա եւ պետք է հիմա բացատրեն՝ ինչո՞ւ անվտանգության ապահովման տեսակետից չի կարելի թափանցիկացնել, ու ասել որոշ տվյալներ.«Մյուս կողմից էլ խնդիր կա՝ եթե ի վերջո պարզվի, որ որոշ բաներ կարելի է ասել, որքանո՞վ կլինի ճշգրիտ այդ տեղեկատվությունը, թե՞ կասեն՝ դե, գիտեք եղել է մրցույթ եւ այլն, կամ չի եղել, եղել է այս գինը, չենք կարող ավել բան ասել, եւ մենք չենք կարող պարզել՝ արդյոք ճ՞իշտ են ասում»:
Հոկտանյանի խոսքերով. «Ֆորմալ, շարքային չինովնիկական տեսանկյունից Աղաջանյանը ճիշտ է վարվել: Բայց իրենից չպետք է պահանջել, թե՝ ինչո՞ւ չի ասում, նախ պետք է պարզել՝ ինչո՞ւ է գաղտնի, եւ փոփոխությունների գործընթաց սկսել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ