«Այսքան որ ասում են սրան ձերբակալեցին, բռնեցին, ո՞ւր են այդ գումարները, դա պետք է երևա»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նա վստահեցրեց՝ ժողովուրդը հոգնել է ձերբակալություններից և հավելեց. «Ինչի՞ վրա են ծախսում այդ գումարները. թանկարժեք մեքենաների՞, կառավարական առանձնատների թանկարժեք վերանորոգմա՞ն: Պետական պաշտոնյա կա այսօր, որ տնից դուրս է գալիս, և ոչ ոք չի երաշխավորի, որ առանց կողմնացույցի հետ կգնա տուն: Մարդիկ զվարճանում են, բայց ժողովուրդն ի՞նչ է շահել դրանից: Եթե ժողովուրդը չի շահում, ուրեմն կառավարություն գոյություն չունի»:
Գևորգ Պետրոսյանը վրդովվեց՝ մարդ կա կյանքում անգամ հեծանիվ չի նստել, այսօր շքեղ դասի ինքնաթիռներից չի իջնում. «Արդյոք այս մի քանի մարդու բարեկեցության համա՞ր է հեղափոխություն արվել: Բավական է տեսարաններով կերակրել ժողովրդին. այսօր սրան ձերբակալեցին, վաղը՝ նրան, ժողովուրդն արդեն զզվել է այս ձերբակալությունների թեմայից, նրան հետաքրքրում է հացի խնդիրը»:
Պատգամավորը մտահոգություն հայտնեց՝ Ռուսաստանը արհամարհում է, հեգնում Հայաստանին, թուրքերը սպառնում ու կրակում են, Վենետիկի հանձնաժողովը ապտակում է. ո՞րն է առաջընթացը:
Կարդացեք նաև
Հիշեցնելով, որ վաղը ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նիստում Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպում է լինելու, պատգամավորը նշեց. «Վենետիկի հանձնաժողովից ինձ պիտի գան, համոզեն, որ ես ոտքերս պիտի տնկեմ, ասեմ կնոջս՝ գնա, աշխատի, քանի որ սոցիալական կարծրատիպերը փոխվե՞լ են: Վենետիկի հանձնաժողովից պիտի գան համոզեն, որ ընտանիքում զուգընկերները սոցիալական երևո՞ւյթ է, էն էլ ինձ՝ լոռեցո՞ւս»:
Անդրադառնալով նախարարների աշխատավարձերի բարձրացմանը՝ Գևորգ Պետրոսյանը հարցրեց. «Վարչապետն ասաց, որ պետք է պահել արդարության սկզբունքը: Մեր բոլոր նախարարները նույն արդյունավետությա՞մբ են աշխատում, որ բոլորի աշխատավարձը կրկնապատկվել է»:
Բյուջեի ծախսերի հետ կապված՝ Գևորգ Պետրոսյանին հետաքրքրում է այն հարցը, թե որն է արդյունավետությունը, երբ մի կողմից օպտիմալացումներ են անում՝ իբր բյուջե են խնայում, մյուս կողմից՝ այդ գումարները ծախսում են պատգամավորների գործուղումների վրա. «Այսօր որևէ հաշվետվողականության մեխանիզմ չկա, թե պատգամավորը, որ պետության հաշվին թռչում է այստեղ, այնտեղ, նկարվում է Եվրոպայի այս կամ այն հյուրանոցում, սա ինչի՞ է ծառայում: Մի ձեռքով խնայողությունների մասին խոսել, մյուսով նման բաների համար թալանել, դա նպատակահարմար չէ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ