Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի հյուրին` ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանին նույնպես հարցեր ուղղեցինք մանկության վերաբերյալ, որը նա անցկացրել է Երեւանի հին եւ հայտնի թաղամասերից մեկում` Կրիվոյում:
Պարոն Ոսկանյանն ասում է, որ թաղամասն ուներ բազմաթիվ տարրեր` հայկական ավանդական աշխարհայացքից, նաեւ քրեական մշակույթի որոշ տարրեր, սակայն այն մեր զրուցակցի ձեւակերպմամբ, կարեւոր առանձնահատկություն էլ ուներ. «Փողոցը մարդուն դաստիարակում էր արժեքներով, որոնք վերաբերում էին այնպիսի կարեւոր հատկանիշների, ինչպիսիք էին հարգանքը մեծերի հանդեպ, սեփական տեղի եւ դերի ճիշտ գնահատումը, ոչ թե գերագնահատումը, որը շատ դեպքերում բնորոշ է մեր ժողովրդի զանազան ներկայացուցիչներին»:
Կարծում է, որ «փողոցային» դաստիարակությունն ու կյանքի դպրոցը սովորեցնում են պատրաստ լինել նաեւ կյանքի դժվարություններին, հետագայում էլ հետ են պահում ռիսկի դիմելուց, այնպիսի գործողություններ իրականացնելուց, որոնց իրավացիության մեջ վստահ ես, բայց որոնք պարունակում են որոշակի վտանգներ:
Մեր զրուցակիցը հավելում է, որ այն շրջանում, երբ իր մանկությունն է ապրել, Հայաստանում հետաքրքիր ավանդույթ կար` մարդիկ հյուր գնալիս միմյանց գիրք էին նվիրում. «Իմ հայրը երկար տարիներ վարորդ է եղել: Նրա վարորդ ընկերները, որոնք, մեղմ ասած, աղերս չունեին մտավորական կոչված երեւույթի հետ, մեր տուն գալիս գրքեր էին նվեր բերում, այդպես էլ հայրս էր գրքեր տանում հյուր գնալիս… Գիրքը չափազանց կարեւոր էր մեր սերնդի կյանքում: Ինձ համար, որպես աշխարհայացք ձեւավորող գրականության նմուշ, բնականաբար, եղել է Րաֆֆին` «Խաչագողի հիշատակարանը», «Կայծերը», «Խենթը» եւ այլ ստեղծագործություններ, նաեւ Արցախին վերաբերող «Խամսայի Մելիքությունները»:
Կարդացեք նաև
Պատմական աշխարհայացքը ձեւավորվել է Լեոյի գործերի հիման վրա. «Մեր սերունդը ինչ-որ իմաստով երջանիկ էր, քանի որ չկար համացանցային աշխարհը, ուստի մենք ապրում էինք գրքերի աշխարհում: Չնայած ամեն սերունդ ունի իր առաքելությունը, իր գործիքակազմը, եւ ներկա սերունդը շատ ավելի հեշտ հասանելիությամբ կարողացել է յուրացնել այն ամենը, ինչ մենք յուրացնում էինք օրերով սպասելով, որ գրադարանից պատվիրված գրքերը հասնեն մեզ…Կարծում եմ՝ գիրքը եւ գրքի առկայությունը տանը դաստիարակչական նշանակություն ունեին…Մեր մանկության, պատանեկության տարիների բոլոր ընտանիքներում դաշնամուր կար, շատերը դաշնամուր նվագել չգիտեին, բայց դաշնամուրը աշխարհայացք եւ մարդու հոգում որոշակի մշակութային տարր էր ձեւավորում: Դա բերում էր նրան, որ թեկուզ շատ բարձր մակարդակի կրթություն չունեցող անձն ունենում էր հարգանք կրթության, գիտության, մշակույթի հանդեպ, երեւույթ, որը, ցավոք, մեզանում վերացել է: Այժմ մեքենայի անվադողի մշակույթն է մտել դաշնամուրի մշակույթի փոխարեն, մարդիկ հիանում են իրենց մեքենաներով եւ ոչ թե գրադարանով»:
Հարցրինք, թե ինքն ինչպես է դաստիարակում իր զավակներին: «Ես հիմա եմ հասկանում իմ ծնողների քաշած չարչարանքը, որովհետեւ ամենադժվար բանը զավակ դաստիարակեն է…Մենք հաճախ զբաղված ենք աշխատանքով, մեզ վեհ թվացող նպատակներին միտված գործողություններով, ու մոռանում ենք մեր զավակների դաստիարակության մասին: Ես էլ բացառություն չեմ: Պետք է խոստովանեմ, որ ես էլ չափից դուրս քիչ ժամանակ եմ հատկացնում իմ երեխաներին, բայց այսուհանդերձ հիմնական գաղափարը, որ կուզենայի նրանց մեջ սերմանել, դա բարությունն է ու ճշմարտացի լինելը»:
Ափսոսում է, որ մեր հասարակության մեջ սուտ խոսելը դարձել է տարածված հատկանիշ, մարդիկ կարողանում են անգամ միմյանց աչքերի մեջ նայելով սուտ խոսել:
Անդրադարձ եղավ գիտությամբ զբաղվող մարդու կերպարի կարծրատիպերը իր կողմից փշրելուն: Իրանագետն ասաց, որ իր կարծիքով՝ ընդհանրապես մարդը պետք է լինի կյանքով լեցուն, իսկ Հայաստանում գիտությամբ զբաղվելը ունի յուրահատկություն. «Մենք չենք կարող բացառապես սպիտակ ձեռնոցներով ամբողջ օրը աշխատել միայն գրադարաններում: Հայաստանը լինելով համեմատաբար փոքրաթիվ ռեսուրսներով պետություն` չի կարող իրեն շռայլություն թույլ տալ ունենալու միայն սպիտակ ձեռնոցներով գիտնականներ: Ես կարծում եմ, որ մենք պետք է հետեւենք մի կարեւոր սկզբունքի` այն, ինչը անում ենք տեսական տիրույթում, պետք է տեղափոխվի նաեւ կիրառական տիրույթ»:
Վարդան Ոսկանյանը նշեց, որ ի սկզբանե ավելի շատ հետաքրքրված է եղել հայոց պատմությամբ, որը, բնականաբար, աղերսներ ունի իրանական պատմության հետ: Դա էլ ստիպել է ընտրել արեւելագետի իր մասնագիտությունը: Ընդգծում է, որ արեւելագիտության ֆակուլտետը ձեւավորում է հատուկ աշխարհայացք, ինչի իմաստով պարտական է այս ֆակուլտետում իրեն դասավանդած բոլոր մարդկանց: Նա առանձնացրեց հատկապես Գուրգեն Մելիքյանին` նրան բնորոշելով որպես նշանավոր իրանագետ եւ նշանավոր մարդ:
Վարդան Ոսկանյանը կարծում է, որ հայերն իրանցիներից սովորելու բաներ ունեն, ինչպես ժամանակի հանդեպ վախի բացակայությունը. «Իրանցիները համարում են, որ ժամանակը ծորում է, եւ շատ դեպքերում շտապելու կարիք չկա: Դա ինչ-որ առումով մի քիչ տարօրինակ է մեզ համար, բայց փորձը ցույց է տալիս, որ ժամանակի իրենց ընկալումը, որը գալիս է շատ վաղուց եւ կարծրատիպ է իրանցիների ուղեղներում, իրենց պարագայում ճիշտ է աշխատում: Իրանում կա նույնիսկ Զրադաշտականությունից ձեւավորված մի ուղղություն՝ Զրվանականություն` ժամանակի պաշտամունքը: Իրանցիները շատ դեպքերում սպասելով ու դիմացինին հոգնեցնելով են հասնում հաջողության, իսկ մենք, չգիտես ինչու, միշտ շտապում ենք, հնարավորություն չենք ունենում մի պահ կանգ առնելու ու մտածելու»:
Իրանցի հոգեւորականությանն էլ անդրադարձ եղավ: Իրանագետը շեշտեց, որ իրանցի հոգեւորականությունը վճռորոշ դերակատարություն ունի շատ խնդիրների կարգավորման հարցում, մանավանդ, եթե Քրիստոնեությունը հաճախ խուսափում է քաղաքական դրսեւորումներից, ապա Իսլամը առանց քաղաքականության չի կարող լինել: Հետեւաբար, նրա համոզմամբ, եթե Իրանի հետ փորձում ենք գրանցել հաջողություն տարբեր ոլորտներում, հոգեւորականությունը կարեւորագույն շերտ է, որի հետ պետք է աշխատել եւ ունենալ հարաբերություններ:
Ընկերների մասին էլ խոսեցինք: Վարդան Ոսկանյանը նշեց, որ ընկերության հիմնական չափորոշիչը ներել կարողանալն է եւ ընկերոջը լիովին վստահելը, որոնք ընկերությունը ամուր պահելու գրավական են: «Ես ունեմ ընկերական մի քանի շրջանակներ` մանկության ընկերներ, ուսանողական տարիների ընկերներ, կյանքի ընթացքում ձեռք բերած ընկերներ: Ընկեր եմ համարում նաեւ իմ ասպիրանտներին, աշակերտներին, որոնք այսօր վարպետներ են»,-ասում է մեր զրուցակիցը:
Իրանցի եւ հայ կանանց իրավունքներից եւ ընտանիքում դերակատարությունից էլ խոսեցինք: Ոսկանյանն ասաց, որ ընտանիքի հանդեպ զգացական ու խնայող մոտեցումը բնորոշ է երկու ժողովուրդներին, իսկ կնոջ դերի առումով ունենք մեծ տարբերություն. «Իրանուհին կամ պարսկուհին, թեեւ շատ դեպքերում պաճուճված է Իսլամին բնորոշ հագուստի առանձնին տարրերով, սակայն ընտանիքում ավելի մեծ դերակատարություն եւ իշխանություն ունի, քան հայ կինը… Շատ դեպքերում ընտանիքի ղեկավարումը իրականացվում է իրանցի կնոջ կողմից»:
Իսլամական մշակույթի եւ կենցաղի նմուշ համրիչին էլ անդրադարձանք, որը Արեւելքում կրոնական որոշակի ներգրավվածության ցուցիչ է,սակայն Հայաստանում ասոցացվում է որոշակի ենթամշակույթի կրողը լինելու հետ: «Իրանում տարածված է համրիչի օգտագործումը, ի տարբերություն հայկականի, իրանական համրիչում 99 քար կա, քանի որ Աստված ունի 99 պատվանուններ, որոնցից յուրաքանչյուրը քաշելիս պետք է արտաբերես»,-ասում է իրանագետը: Խոստովանում է, որ ինքը եւս Իրանում անտարբեր չի կարողանում անցնել գեղեցիկ համրիչների կողքով ու դրանցից ձեռք է բերում եւ , երբեմն, ավելի ազատ միջավայրում օգտագործում է:
Վարդան Ոսկանյանն իրեն հաջողակ եւ լավատես մարդ է համարում: Ասում է՝ առավելապաշտ չէ, երազանքները մարդկային տիրույթում են ու իրականացել են` լավ ընտանիք, սիրված աշխատանքով զբաղվելու հնարավորություն, լավ ընկերներ եւ այլն: Ունի մեկ-երկու ցանկություն, որ դեռ չի իրականացրել, օրինակ, ցանկանում է լինել Աֆղանստանում, Սամարղանդում եւ Բուխարայում: Տանել չի կարողանում խռովկաններին, ասում է՝ դա իր պատանեկության տարիներին արատ էր համարվում տղամարդու համար, իսկ այսօր խռովկանության չափաբաժինը Հայաստանում, ցավոք, մեծացել է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով:
Լուսանկարները՝ Նարեկ Ավագյանի եւ Վարդան Ոսկանյանի անձնական արխիվից:
Չեր խանգարի իրանագետից էլ սովորել….