Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ուսուցչի նվազագույն աշխատավարձը կկազմի շուրջ 108 հազար դրամ

Հոկտեմբեր 31,2019 16:36

Հայաստանում առաջին անգամ պետական մակարդակով սահմանվում է ուսուցչի նվազագույն աշխատավարձը: Առաջարկվող ֆինանսավորման նոր բանաձևով,  ըստ աշխատավարձի հաշվարկի գործակիցների, ուսուցչի նվազագույն աշխատավարձը կկազմի շուրջ 108 հազար դրամ` մեկ դրույքաչափի համար (հարկերը ներառյալ): Դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայումը պայմանավորված է հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ, արդարացի բաշխման և դպրոցների ֆինանսավորման ու ուսուցիչների վարձատրության հետ կապված տարիներով կուտակված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի նիստում, այն ուժի մեջ կմտնի 2020 թ. հունվարի 1-ից և կդառնա իրավական երաշխիք, որ այսուհետ մեկ դրույք դասաժամ պարապող որևէ ուսուցիչ սահմանված չափից ցածր չի վարձատրվի:

Ներկայացնելով նախագիծը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այժմ դպրոցների ֆինանսավորման գործող բանաձևով ուսումնական հաստատություններին հատկացվող գումարն ուղղակիորեն կախված է սովորողների թվից. «Այս մոտեցումը որդեգրվել է 2001 թվականից` նպատակ ունենալով խթանել մրցակցությունը դպրոցների միջև:  Սակայն, հաշվի չի առնվել, որ բազմաթիվ դպրոցներ համայնքում միակն են, և դրանցում սովորողների քանակը պայմանավորված է տվյալ համայնքի բնակիչների թվով, ուստի այս դպրոցները չեն կարող մրցակցել խոշոր համայնքների ուսումնական հաստատությունների հետ: Իրականությունն այն է, որ փոքր դպրոցներին հատկացվող գումարները չեն  բավարարում նվազագույն ծախսերի համար, և այս իրողությունից ելնելով, տարիներ շարունակ մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը փոքրաթիվ համակազմով դպրոցների համար  բյուջետային միջոցների վերաբաշխում են կատարել: Այսինքն` այն գումարները, որոնք կուտակվում էին մեծ դպրոցներում, վերաբաշխման միջոցով  հատկացվում էին փոքրերին, որպեսզի կարողանան ապահովել նաև այդ դպրոցների բնականոն աշխատանքը»,-կառավարության նիստում զեկուցել է նախարարը: Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ` նոր բանաձևով, բացի աշակերտների թվից, փոքր համակազմով դպրոցների համար հաշվի է առնվելու նաև կոմպլեկտավորված դասարանների թիվը, որով պայմանավորված է ծախսերի հիմնական մաս կազմող ուսուցիչների վարձատրությունը:  Ըստ այդմ` թերհամալրված են համարվում տարրական դպրոցում մինչև 72, հիմնական դպրոցում մինչև 162,  միջնակարգ դպրոցում մինչև 207,  վարժարաններում ու ավագ դպրոցներում մինչև 135 աշակերտ ունեցող  հաստատությունները: Մեծ համակազմ ունեցող դպրոցների ֆինանսավորումը կիրականացվի նախկին սկզբունքով:

Ամենակարևոր փոփոխությունը դպրոցի ֆինանսավորման բանաձևում այն է, որ սահմանվում է ուսուցչի երաշխավորված նվազագույն աշխատավարձ` անկախ սովորողների թվից: Նախարարի խոսքով` այս պահին ամրագրվել է 108 հազար դրամ սահմանաչափ՝ մեկ դրույքի համար, սակայն  բյուջետային հետագա հաշվարկների արդյունքում այդ թիվը կարող է բարձրանալ մինչև 125 հազար դրամի: Ամեն տարի 10 տոկոսով աշխատավարձի բարձրացում ունենալու դեպքում` 4 տարի անց ուսուցչի աշխատավարձի հարաբերակցությունը մեկ շնչին ընկնող Համախառն ներքին արդյունքի հաշվով էականորեն կբարելավվի: Առաջարկվել է նաև դպրոցի ֆինանսավորման բանաձևից հանել դասագրքերի արժեքի փոխհատուցման և կրտսեր դպրոցի սննդի համար նախատեսված գումարները, քանի որ պետական բյուջեով այդ նպատակների համար առանձին հատկացումներ են արվում:

Անդրադառնալով որոշմանը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրթության համակարգում մենաշնորհների ձևավորումն ընդունելի չէ, և առաջնային խնդիր է ֆինանսական միջոցների համաչափ բաշխումը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: Նշենք նաև, որ ուսուցչի նվազագույն աշխատավարձի սահմանումը չի նշանակում, թե որևէ ուսուցչի աշխատավարձ կնվազի: Այն դպրոցներում, որտեղ  ուսուցիչները մինչ այժմ ստացել են ավելի բարձր աշխատավարձ, կշարունակեն վարձատրվել բարձր գործակիցներով: Աշակերտների թվով կամ այլ հանգամանքներով պայմանավորված մինչ այս ավելի ցածր վարձատրվող մանկավարժները ռեֆորմի արդյունքում կունենան աշխատավարձի երաշխավորված բարձրացում:

ՀՀ ԿՐԹՈԻԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031