Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ չի եղել արտաշիրիմում, ինչո՞ւ է կեղծ թուղթ եկել սեւ գլխարկի հետ կապված». խաղաղ պայմաններում զոհվածների ծնողները ԱԺ-ում էին

Հոկտեմբեր 31,2019 15:10

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փակ նիստին մասնակցում էին տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, ինչպես նաև 2017 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը: Նիստին ներկա էին նաեւ Քննչական կոմիտեի, Զինվորական դատախազության եւ ՊՆ-ի ներկայացուցիչներ:

Սեւազգեստ մայրերը արդեն տարիներ շարունակ պահանջում են իրենց զոհված որդիների գործերի արդար քննություն, տարիներ շարունակ նրանք բողոքի ցույցեր են անում թե նախագահի նստավայրի, թե կառավարության շենքի մոտ:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այս նիստով նպատակ ունեին`ի վերջո գտնել այն ուղին, որով հետագայում պետք է առաջ շարժվել, ցավոք առայժմ չի ստացվել: Նիստը թեժ է եղել: Նաիրա Զոհրաբյանը հասկացել է, որ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների համար «այն կողմում կանգնածները դեռ թշնամիներ են», մինչդեռ ինքն այդ կարծիքին չէ: Զոհված զինվորների ծնողների եւ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ վիճաբանությունը վերածվել է վիրավորանքների, իրար վրա ջուր լցնելու, ինչի արդյունքում նիստն ընդհատվեց և վերջիններս լքեցին քննարկումը:

Զոհվածների ծնողները պնդում են, քանի որ նույն համակարգը մնացել է, ապա այդ համակարգը, այդ քննիչները իրենց թշնամիներն են, քանի որ կոծկել են իրենց որդիների գործերը:

«Տալիս եք տրամաբանական հարցեր՝ ինչո՞ւ չի եղել արտաշիրմում, ինչո՞ւ է կեղծ թուղթ եկել սեւ գլխարկի հետ կապված…  իրենք ասեցին`դուք եք խնդրել` ձեր տղայի հետ կապված, որ սեւ բերետ տան` ձեր տղայի պատիվը բարձր պահելու համար: Ասացին՝ կուղարկենք թուղթը: Հիմա կուղարկեն`մենք ձեզ հետ միասին կասենք, թե դուք եք ճիշտը, թե իրենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը`պատասխանելով զայրացած եւ վրդովված ծնողների տարբեր դիտարկումներին, թե հին համակարգի քննիչների հետ, որոնք կոծկել են իրենց որդիների գործերը, չեն ցանկանում քննարկումներ ունենալ:

Արթուր Ղազարյանի մայրն, ի դեպ, պնդեց, որ ինքը որեւէ խնդրանքով չի դիմել եւ խաղաղ պայմաններում զոհված իր որդու արյան համար պետք է պատասխան տան բոլոր մեղավորները:

Նաիրա Զոհրաբյանը ժամանակ խնդրեց` ևս մեկ անգամ հանձնաժողովում քննարկումներ անցկացնել եւ հասկանալ, թե ո՞րն է այն ձեւաչափը, որով հնարավոր կլինի արդյունավետ քննարկում իրականացնել, քանի որ այսօր չհաջողվեց անգամ մեկ քայլ մոտենալ այն խնդրին, որը հանձնաժողովը նախատեսել էր:

Ծնողները պահանջում էին, որ հաջորդ քննարկումը լինի բաց, դրան ներկա լինեն պաշտպանության նախարարը, արդարադատության նախարարը, զինդատախազը, եւ փաստաբանները:

Այսօրվա քննարկումը փակ կազմակերպելը տիկին Զոհրաբյանն այսպես բացատրեց`«Իրենք ասել են, հնարավոր է ցուցադրվեն տեսագրություններ, որոնք որոշ ծնողների շատ վատ վիճակի մեջ կդնեն»: Զոհվածների ծնողները պնդեցին, որ չի եղել մի իրավիճակ, որն իրենց վատ վիճակի մեջ կդնի: Հաջորդ քննարկումը կլինի բաց:

Ավելի ուշ ծնողներին մոտեցավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Ծնողները խնդրեցին, որ նա Նիկոլ Փաշինյանի հետ իրենց հանդիպումը կազմակերպի:

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով վարչության պետ Արթուր Մելիքյան էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոչինչ չեն կոծկում, իրեղեն ապացույցներն էլ չեն ոչնչացվում: Նա տեղեկացրեց, որ կան գործեր, որոնք գտնվում են ԱԱԾ-ի քննության տիրույթում: Վերաբացված գործերի շրջանակում Քննչական կոմիտեում էլ գործեր կան`քննիչների վարքագծի հետ կապված:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031