Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես ՍԴ դատավորներին օրինական կաշառք են առաջարկում, այնպես Նաիրի Հունանյանի հետ հանցավոր պայմանավորվածության են ցանկանում գալ». Վահե Եփրիկյան

Հոկտեմբեր 31,2019 14:50

«Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորումների վերաբերյալ երկու բողոքներն էլ մերժվել են դատարանների կողմից, սակայն որոշումները դեռ չենք ստացել»,- անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանքին՝ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց փաստաբան Վահե Եփրիկյանը:

Նա նշեց, որ պատրաստվում են գրավի նոր միջնորդություններ ներկայացնել տղաների վերաբերյալ՝ հույս ունենալով, որ առաջին ատյանի դատարանում գոնե մի փոքր իրավաբանական մասնագիտական արժանիքներ ունեցող դատավորների վարույթում կհայտնվեն այդ գործերը, որ իր պաշտպանյալները ժամ առաջ հայտնվեն ազատության մեջ:

Եվս մեկ անգամ Վահե Եփրիկյանը հայտարարեց, որ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը քաղաքական բանտարկյալներ են. «Իրավաբանական հանրույթում հայտնի անձանց կողմից նրանք որակվել են որպես քաղբանտարկյալներ, քանի որ նույնաբովանդակ այլ իրավիճակներում որևէ քրեաիրավական գործընթաց չի նախաձեռնվել, մինչդեռ Նարեկի ու Սարգիսի նկատմամբ ունենք հարուցված շինծու քրեական գործ. նրանք կալանավորվել են այն հիմքով, որ քննիչը իրավականորեն մերկ ներկայացրել է միջնորդություն կալանավորման վերաբերյալ՝ բաղկացած երեք թերթից»:

Վահե Եփրիկյանը հայտնեց, որ ասուլիսից հետո պատրաստվում է ՀՀ գլխավոր դատախազին ներկայացնել հաղորդում հանցագործության մասին և ակնկալելու է, որ դատախազությունը ձեռնամուխ լինի ձեռք առնել բոլոր միջոցները Ստեփան Սաֆարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար:

Փաստաբանը նշեց, թե ի դեմս Ռոբերտ Քոչարյանի ճնշումներ են իրականացվում անձանց նկատմամբ. «Իշխանությունը մեկուկես տարի հասարակությանը պահում է յուրատեսակ թմբիրի մեջ: Սկզբում թալանը, հետո սպանությունները, հետո մարտի 1-ը… Իշխանությունը տեսնում է՝ մարտի 1-ի էյֆորիան այլևս չի սնում հասարակությանը, ուստի նման պայմաններում պարբերաբար տեղեկատվական դաշտ են նետվում տարբեր անձինք, օրինակ՝ Վահան Շիրխանյան, Արման Բաբաջանյան, որոնք սկսում են խոսել, թե հոկտեմբերի 27-ում մեղավոր է Ռոբերտ Քոչարյանը: Եթե իշխանությունը ձեռնամուխ է եղել քրեական գործի բացահայտմանը, և եթե հոկտեմբերի 27-ով առկա են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հաշվի չեն առնվել, քրեական դատավարությամբ նախատեսված է նաև այդ մեխանիզմը: Թող նոր հանգամանքի ուժով հասնեն քրեական գործի վերաբացմանը և նոր քննություն իրականացնեն: Բայց նման որևէ գործընթաց չի նախաձեռնվել, միայն հասարակությանը պահում են ինչ-որ լարված մթնոլորտում՝ ակնկալելով հանցագործության սլաքներն ուղղել դեպի Ռոբերտ Քոչարյանը»:

Այն մասին, որ Արման Բաբաջանյանը հանդիպեց «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբավորման ղեկավար
Նաիրի Հունանյանին և հայտարարություններ են հնչում նրա հետ համագործակցելու առումով, Վահե Եփրիկյանն այսպես մեկնաբանեց. «Ինչպես ՍԴ դատավորներին օրինական կաշառք են առաջարկում, այնպես Նաիրի Հունանյանի հետ հանցավոր պայմանավորվածության են ցանկանում գալ, քանի որ այսօրվա իշխանությունների համար կորզել, ստանալ Ռոբերտ Քոչարյանի դեմ որևէ ցուցմունք, անգին է. նրանք պատրաստ են գնալ յուրաքանչյուր քայլի, միայն թե խելամտությունից դուրս որևէ ցուցմունք կորզեն Ռոբերտ Քոչարյանի դեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031