Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիրքերում է». «Սասնա ծռերի» գործով մեղադրյալը դատարան չի գալիս, նիստերը տապալվում են

Հոկտեմբեր 31,2019 14:40

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած եւ մի շարք հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի գործով հերթական դատական նիստում այսօր  դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց. «Ամիսներ շարունակ չենք կարողանում նիստեր անել, որովհետեւ մեղադրյալ Վարդգես Գեւորգյանի (լուսանկարում) ներկայությունը հնարավոր չէ ապահովել: Քանիցս պաշտոնական գրություն ենք ուղարկել Պաշտպանության նախարարություն, որպեսզի հարցը կարգավորենք, Գեւորգյանը գա նիստի: Գիտենք, որ նա դիրքերում է լինում որոշակի ժամանակահատվածում: Նա գործող հրամանատար է: Գրել էի, որ նախարարը եւ նրա հրամանատարները միջոցներ ձեռնարկեն»:

Դատավորի փոխանցմամբ՝ օրեր առաջ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանից գրություն է ստացել, որում ասվում է, որ ավագ լեյտենանտ Վարդգես Գեւորգյանի՝ դատական նիստերին ամեն հինգշաբթի մասնակցելը խոչընդոտելու է մարտական հերթապահության նախապատրաստությանը եւ իրականացմանը, նաեւ՝ նրա կողմից ԶՈՒ ներքին ծառայության կանոնակարգով սահմանված պաշտոնեական պարտականությունների կատարմանը: Ըստ Արտակ Դավթյանի առաջարկած ժամանակացույցի, որը պայմանավորված է Գեւորգյանի ծառայությամբ, վերջինս կարող է նիստերի ներկայանալ ամիսը մեկ անգամ միայն, իսկ հոկտեմբերին՝ հենց այս օրը: ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտնել է նաեւ, որ ապրիլին լրանում է Վարդգես Գեւորգյանի զինծառայության պայմանագրի ժամկետը, ուստի նա հետագա մասնակցությունը կքննարկվի հաջորդիվ:

Գործով մեղադրող-դատախազ Հակոբ Ենոքյանն իրավիճակին այսպիսի գնահատական տվեց. «Սրա դեմ ոչինչ չենք կարող ասել, որովհետեւ հայրենիքի սահմանների պաշտպանությանն ուղղված գործողությունն է պատճառը, բայց ստացվում է, որ ԳՇ պետը առաջարկել է Գեւորգյանին ներկայացնել այդ թվում այս օրը, բայց նա չի եկել: Մենք կիսատ տեղեկություն ունենք, որ Գեւորգյանն այսօր պետք է գար, բայց անհայտ պատճառներով չի եկել: Գուցե հաջորդին գա, կամ լրացուցիչ տեղեկություն ստացվի, բայց նման իրավիճակում պետք է ոչ պատշաճ վարքագծի մասին խոսել»:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց՝ դատական նիստերի քարտուղարն առավոտյան Վարգդես Գեւորգյանի  կնոջ հետ է կապ հաստատել. «Կինն ասել է, որ երեկ է խոսել ամուսնու հետ, որը գտնվում է դիրքերում»: Դատախազը, սակայն, պնդեց՝ Գեւորգյանը դիրքերից չի եկել այն օրը, որը հրամանատարությունն առաջարկել է որպես նիստին ներկայանալու օր. «Որպեսզի իմ կասկածը փարատվի ոչ պատշաճ վարքագծի առնչությամբ, նորից ծանուցեք Գեւորգյանին եւ հրամանատարությունից պահանջեք պարզաբանում, թե ինչու այսօր չի եկել»: Մեղադրյալ Վարդգես Գեւորգյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը նկատեց, որ ԳՇ պետի գրությունը դատարանին հղվել է հոկտեմբերի 15-ին, իսկ երեկվա դրությամբ հայտնի է դարձել, որ սահմանին իրավիճակը լարված է: Ավետիսյանը վստահեցրեց, որ Վարդգես Գեւորգյանը նիստերից խուսափելու որեւէ միտում եւ պատճառ չունի:

Մեղադրյալ Կարո Եղնուկյանը կարծիք հայտնեց, որ Վարդգես Գեւորգյանը պարտավոր է ենթարկվել իր հրամանատարությանը. «Դատարանը պետք է հաշվի առնի, որ որոշ իրավիճակներ բացառություն են, թեեւ դատարանի որոշումը գերակա է: Այստեղ սահմանադրական խնդիր կա»:  Մեղադրյալների պաշտպաններից Տիգրան Հայրապետյանի կարծիքն իրավիճակի շուրջ տարբերվում էր. «Դատարանների հանդեպ հարգանքն այնքան է նվազել, որ ՊՆ-ից նման գրություն է ստացվում, դատախազն էլ նորմալ է վերաբերվում: Հետ գանք իրավական պետության մակարդակին»: Դատախազ Հակոբ Ենոքյանը չհամաձայնեց. «Չգիտեմ որտեղից Հայրապետյանը եզրակացրեց, թե մեր համար այդ գրությունը նորմալ է: Ասացի, որ ԳՇ-ի կողմից նման գրությամբ սահմանված ժամկետներն ազդելու են մյուս մեղադրյալների իրավունքների վրա: Նիստերը բնականոն պետք է ընթանան»: Լսելով կողմերի կարծիքները՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց նիստը հետաձգել, որպեսզի ապահովվի Վարդգես Գեւորգյանի ներկայությունը: Առաջիկա նիստը նոյեմբերի 28-ին է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031