Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ գալիս են, առաջին դեմքը, որ տեսնում են, էդ դաժանացած, չարացած մարդու դեմքն է, ինչի՞ համար». Սինանյանը՝ սփյուռքահայերին «հուշտ անող» մաքսավորների մասին

Հոկտեմբեր 31,2019 14:11

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե հայրենադարձ ընտանիքներ կա՞ն՝ նա վստահեցրեց, որ այո. «Գիտեմ անձանց, ընտանիքների, որոնց ես ճանաչում եմ, գիտեմ, որ հայրենադարձվել են: Կան ընտանիքներ: Տարօրինակ բան եք դուք ասում, օրինակ, ես իմ ընտանիքի հետ հայրենադարձվել եմ»: Լրագրողների դիտարկմանը, որ ձեզ պաշտոն են տվել՝ հայրենադարձվել եք՝ Սինանյանը պատասխանեց. «Ես այնտեղ էլ պաշտոն ունեի, այնտեղ 900 մլն դոլարանոց բյուջեի ունեի, այստեղ պայքարում եմ 1,5 մլն-անոց բյուջեի համար»:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ զանգվածային հայրենադարձություն կլինի՝ նա պատասխանեց. «Դա հնարավոր է, նախադրյալները կան, պարզապես հաջորդ մի քանի տարվա ընթացքում պետք է հասնենք այդ կետին, հանենք բոլոր խոչընդոտները: Այնպես չի, որ հեղափոխություն եղավ ու ամեն ինչ փոխվեց մեկ տարվա մեջ: Կամ մենք որպես պետություն կայանում ենք, կամ չենք անում: Մենք այլընտրանք չունենք, մենք աշխատում ենք 2050-ի տեսլականի վրա, որի մեջ ժողովրդագրական մասում նշվում է, որ պետք է ունենանք առնվազն 5 մլն բնակչություն: Իհարկե, դա իրատեսական է, եթե աշխատենք»:

Երեկ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե անգամ իրեն ձերբակալեն ու ներգաղթ կլինի, թող ձերբակալեն, հարցին՝ դուք ինչպե՞ս եք գնահատում, եթե նրան ձերբակալեն, ներգաղթ կլինի՞՝ Սինանյանը պատասխանեց, որ դա իր թեզը չի, իրենք համակարգային փոփոխությունների մասին են խոսում. «Էս երկրում, էս հասարակարգում մարդուն հենց այնպես չեն ձերբակալի, պետք է պատճառներ ունենան»:

Թե որոնք են խոչընդոտում սփյուռքահային գալ ու հաստատվել Հայաստանում, ըստ Սինանյանի, սահմանապահների, մաքսավորների դեմքից սկսած՝ ամեն ինչ կարեւոր է. «Դե գնա ու սփյուռքահային բացատրի, որ գիտես, այն պագոնավոր սպան, որ նստած էր այնտեղ, Հայաստանի զինվորը չէր, հետեւաբար քեզ մարդ չի զգա: Մարդիկ գալիս են, Հայաստանի տարածքում են, մտնում են ներս, առաջին դեմքը, որ տեսնում են, էդ դաժանացած, չարացած մարդու դեմքն է, ինչի՞ համար: Դա սփյուռքահայի առաջին շփումն է  Հայաստանում ինչ-որ շնչող էակի հետ»:

Սինանյանն ասաց, որ զրոյից ռազմավարություն են ստեղծում, որը որպես ժառանգություն չեն ստացել:

Խոսելով Սիրիայում ռազմական գործողությունների մասին՝ Սինանյանն ասաց, որ թուրքերը, ըստ տեղեկությունների, որոշակի նախապայմաններ էին դրել, թե ով կարող է վերադառնալ, ով՝ չի կարող: Հայերն այն կատեգորիայի մեջ են, որոնք չեն կարող վերադառնալ: Այն տարածքները, որոնք թուրքերի կողմից վերահսկողության տակ են, չեն թողնում. «Չենք ճշտել, մեզ այսպես են հայտնել»:

Հարցրեցին, թե ԱՄՆ-ում հանրահավաքի իմաստը ո՞րն էր՝ Սինանյանն էլ պատասխանեց, որ ամերիկահայերի զգալի հատված տեսավ իր ազգային առաջնորդին. «Մասնակցել, լավ զգալ, հպարտ զգալ՝ որպես հայ, դա քի՞չ էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031