Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի օր կգաք ինձ մոտ, ես ձեզ ցույց կտամ այն ամենը, ինչով դուք խախտում եք տարրական լրագրողական էթիկան». Տիգրան Հակոբյանը՝ լրագրողին

Հոկտեմբեր 31,2019 13:48

Հանրային հարթակում մտահոգություններ կան «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հետ կապված, առ այն, որ դա մասնավոր հեռուստաընկերություններին կարող է կանգնեցնել մեծ պրոբլեմի առաջ եւ մենք կվերադառնանք բրեժնեւյան ժամանակներին, երբ եթերում կար ընդամենը մեկ ալիք եւ այդ ալիքը պետական էր: ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանում բացի պետական մուլտիպլեքսից, լինելու է մասնավոր մուլտիպլեքս. «Ցավոք, ներկա օրենքում այդ մուլտիպլեքսը կառուցելու համար այնպիսի պայմաններ են դրված, որը ներդրողների համար շահավետ չի: Պետք է ավելի մեղմ պայմաններ սահմանել ե՛ւ պետտուրքի, ե՛ւ Հայաստանի ծածկման առումով, որ այս ոլորտ գան մասնավոր ներդրողներ: Այսօր արդեն մշակվող օրենքում այդ հնարավորությունը կստեղծվի, որ Հայաստանում գործի եւս մեկ մուլտիպլեքս: Շատ ժամանակ խոսում են մի քանի մուլտիպլեքսի մասին, բայց պետք է հիասթափեցնեմ: Խնդիրը իշխանությունների ոչ հոժարակամ վերաբերմունքի մեջ չի, խնդիրն այն է, որ Հայաստանը չունի այդ չափի հաճախականություններ, որպեսզի կարողանա մի քանի մուլտիպլեքս ունենա: Մենք պատերազմող երկիր ենք, արտաքին վտանգների առնչվող, մեր մոտ դիապազոնների մի մասը հատուկ ծառայություններինն է, կամ ՊՆ աշխատակիցներինը: Բայց մեկ մասնավոր մուլտիպլեքս պետք է ունենանք, որտեղ կհեռարձակվեն այն ԶԼՄ-ները, որոնք մրցույթը չեն հաղթահարել ու չեն կարող թվային պետական մուլտիպլեքսով հեռարձակվել: Հանրային թվային մուլտիպլեքսում հեռարձակվելու համար բոլոր հեռուստաընկերությունները, որոնք պատրաստ են, ցանկություն ունեն հեռարձակվելու, պետք է համապատասխանեն շատ հստակ չափորոշիչների՝ պետք է հանրօգուտ ծրագրեր հեռարձակելու պարտավորություն ունենան»:

Լրագրողները հարցրեցին Ստյոպա Սաֆարյանի՝ որոշ ԶԼՄ-ների առջեւ դրած արգելքից: Տիգրան Հակոբյանը պատասխանեց. «Ես իմ եզրակացությունն ասել եմ, ավելացնելու բան չունեմ, բայց դա չի նշանակում, որ ես ողջունում եմ Թիվի 5-ի որդեգրած քաղաքականությունը»: Նա ասաց, որ ցանկացած քաղաքակիրթ երկրում ցանկացած հեռուստաընկերության լրատվական հաղորդումները համապատասխանում են որոշ օբյեկտիվ ստանդարտների՝ չեզոքության, օբյեկտիվության եւ այլն:

Դիտարկմանը, որ եթե ԶԼՄ-ն ապատեղեկատվություն է տարածում, թող դատի տան՝ նա պատասխանեց, որ ամեն ինչ դատի տալով չի: Թիվի 5-ի լրագրողը հետաքրքրվեց՝ ե՞րբ եւ ինչպե՞ս են խախտել այդ ստանդարտները, ապատեղեկատվություն ե՞րբ են տարածել, որեւէ օրինակ կարո՞ղ է ասել՝ Տիգրան Հակոբյանը պատասխանեց. «Եթե ուզում եք իմանալ, մի օր կգաք ինձ մոտ, ես ձեզ ցույց կտամ այն ամենը, ինչով դուք խախտում եք տարրական լրագրողական էթիկան»: Ըստ Տիգրան Հակոբյանի, կա  մամուլի ազատություն եւ կա բնակչության օբյեկտիվ,  անաչառ, բազմակողմանի լրատվություն ստանալու իրավունքը, երբ որ այդ երկու հիմնարար իրավունքները մտնում են հակասության մեջ, ուրեմն պետք են ինչ-որ չափորոշիչներ, որոնք այդ բախումն ինչ-որ չափով կնվազեցնեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031