Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր մտահոգությունն էր հայտնել ՀՀ կառավարության, ԱԺ-ի ու մյուս կողմից ՍԴ-ի միջեւ եղած կոնֆլիկտի հետ կապված: Նա ասել է, որ Հրայր Թովմասյանը հարվածների տակ է: Այս եւ այլ թեմաներով «Առավոտը» զրուցեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:
– Պարոն Բաբաջանյան, բաց տեքստով ՀՀ իշխանություններին ասվում է, որ հետ կանգնեն այս գործընթացներից, դուք ինչպե՞ս կարձագանքեք այս գնահատականներին, քանի որ դուք էլ, կարելի է ասել, մասնակցում եք Հրայր Թովմասյանին «հարվածի տակ գցելու օպերացիային»:
– Նախ, ես մասնակցում եմ, ոչ թե ինչպես դուք ձեւակերպեցիք, Հրայր Թովմասյանին «հարվածի տակ գցելու օպերացիային», այլ ես իմ համեստ կարողություններով ու ԱԺ պատգամավորի լիազորություններով փորձում եմ աջակցել Հայաստանում Սահմանադրական արդարդատության վերականգնմանը: Իմ նպատակը ոչ թե Հրայր Թովմասյանին հետապնդելն է, այլ երկրում սահմանադրական ճգնաժամի հաղթահարումը: Ինչ վերաբերում է Ջիանի Բուքիքիոյի հայտարարություններին, ապա դրանք մենք կարող ենք եւ ընդունում ենք ի գիտություն, նրա մտահոգությունները գոյության իրավունք ունեն, սակայն դրանք իմպերատիվ հանձնարականներ չեն, որոնցով մենք պետք է առաջնորդվենք: Այդ հայտարարություններում կա սուբյեկտիվիզմի զգալի չափաբաժին, որը կարծում եմ, պայմանավորված է նաեւ նախկին իշխանության ներկայացուցիչների՝ միջազգային կառույցների հետ իրենց նախկին կապերի գործադրմամբ ներկայումս վարվող ինտենսիվ աշխատանքով: Ես, ինչպես ասացի, ի գիտություն եմ ընդունում հեղինակավոր այդ կառույցի ղեկավարի հայտարարությունները, հույս հայտնելով, որ նա եւ իր ղեկավարած հաստատությունը եւս ի գիտություն կընդունեն այն փաստարկներն ու հիմնավորումները, որոնք դրված են Հայաստանում սահմանադրական արդարադատության վերականգմանն ուղղված գործընթացում:
– ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատմական որոշում ընդունեց՝ 405 ձայնով վավերացրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձեւը: Այս որոշումն ինչի՞ արդյունք եք համարում, ի՞նչ է տալու այն մեզ, ո՞րը պետք է լինի մեր հետագա գործողությունը:
Կարդացեք նաև
– Այդ որոշումը բացառապես թուրք-ամերիկյան հարաբերությունների, այդ հարաբերություններում ներկայումս արձանագրված լարվածության արդյունքն էր, Սիրիայում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետեւանքը: Որքան էլ ցավալի, սակայն իրողություն է, որ Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձեւը որեւէ առնչություն չունի հայկական գործոնի, հայկական լոբբիի, առավել եւս Հայաստանի պետության կողմից իրականացված քաղաքականության, գործադրված ջանքերի հետ, որքան էլ փորձ է արվում հակառակ տպավորությունը ստեղծել: Այդքանով հանդերձ բանաձեւի ընդունումը չափազանց կարեւոր քայլ էր մեզ համար եւ անկախ նրանից՝ ինչ ճակատագիր կունենա այն, կվերավերացվի Սենատի, առավել եւս Սպիտակ տան կողմից, այն կմնա առնվազն որպես պատմական փաստ առ այն, որ ամերիկյան ներկայացուցչական մարմինը, ընդ որում երկկուսակցական մասնակցությամբ նման փաստաթուղթ է ընդունել: Մեր գործողություններում այս բանաձեւի ընդունումից հետո ոչինչ չպետք է փոխվի, մենք պետք է վարենք պրոակտիվ արտաքին քաղաքականություն, այդ թվում Հայոց ցեղասպանության եւ ցեղասպանությունների միջազգային կանխարգելման ուղղությամբ, ցավոք մենք այդպիսի քաղաքականություն դեռեւս չենք վարում: Մենք պետք է չափազանց ակտիվ քաղաքականություն վարենք հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման, ամրապնդման ուղղությամբ, մենք պետք է ԱՄՆ-ի հետ ունենանք այնպիսի ամուր հարաբերություններ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերն ընդունվեն ոչ թե որպես Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ, այլ որպես Հայաստանին ուղղված բարեկամական քայլեր: Ցավոք, հայ-ամերիկյան հարաբերությունների ուղղությամբ նման քաղաքականություն եւս տեսանելի չէ: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կհաջորդի սրան, ապա պետք է ուշադրությամբ հետեւել թուրք-ամերիկյան, նույնքան ուշադրությամբ՝ նաեւ ռուս-թուրքական հարաբերություններում արձանագրվելիք զարգացումներին, որովհետեւ ավանդաբար ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ ճնշումները վերջինիս մղում են դեպի ՌԴ-ի հետ սերտացման, ինչը մեզ համար որեւէ դրական հեռանկար չի խոստանում: Առաջիկայում թուրք-ամերիկյան հարաբերությունների դինամիկայից է կախված լինելու Ներկայացուցիչների տան ընդունած բանաձեւի ճակատագիրը. Եթե ԱՄՆ-ը Թուրքիայից ստացավ այն, ինչի համար բանեցվում են այս ճնշումները, բանաձեւն այդպես էլ կմնա Ներկայացուցիչների տանը ու չի հասնի Սենատ, հակառակ դեպքում չպետք է բացառել անգամ Սպիտակ տան կողմից այդ բանաձեւի վավերացումը:
– Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում ռազմական ներուժը գրեթե կրկնապատկվելու է, այդ մասին հայտարարություն եղավ: Հաշվի առնելով, որ 2012-ին արդեն պայմանագրային անձնակազմի թիվը կրկնապատկվել էր այդ ռազմաբազայում, այսպես շարունակաբար ռուսական ռազմական ներկայության ամրապնդումը Հայաստանում ի՞նչ վտանգ է իր մեջ պարունակում: Ո՞ւմ շահերից է բխում անձնակազմի թվի ավելացումը: Պայմանագրերով ֆիքսված չէ, թե որքան կարող է լինել անձնակազմի թիվը, սա նշանակում է, որ անվերջ կարող են մեծացնե՞լ ներկայությունը Գյումրիում, չկա՞ որեւէ սահմանափակում: Եվ, ի վերջո, Ռուսաստանը կարո՞ղ է այսպես ասած «միանձնյա» նման որոշում ընդունել՝ առանց մեր համաձայնության:
– Այս խնդիրն ունի ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական բաղադրիչ: Իրավական առումով մենք դեռեւս պատկան մարմիններից չենք լսել հիմնավորումներ, համապատասխան պայմանագրերին կատարված հղումներ, որոնք թույլ են տալիս կրկնապատկել ռազմակայանի ներուժը: Հույս ունեմ Հայաստանի իշխանություննները, համապատասխան մարմինները նման պարզաբանումներ կներկայացնեն, այլապես մենք ստիպված ենք լինելու արձանագրել, որ հերթական անգամ արդեն նոր Հայաստանի իշխանությունը պետության ինքնիշխանության հաշվին զիջման է գնացել Ռուսաստանին: Քաղաքական առումով ռազմակայանի ներուժի կրկնապատկման հիմնական ու գլխավոր շահառուն Ռուսաստանն է, որը փաստորեն կրկնապատկում է տարածաշրջանում իր վերջին ռազմական հենակետը: ՀՀ-ն լայն իմաստով դրա շահառուն չէ, քանի որ տակավին անհայտ է, թե ինչ է տալիս ռուսական ռազմակայանի ներկայությունը մեր երկրին: Այդ պայմաններում շատ ավելի են սրվում հարցերը, որոնք եղել են միշտ, սակայն որոնց մասին մեր քաղաքական դաշտում՝ հայտնի պատճառներով ընդունված չէ խոսել: Խոսքը վերաբերում է ռուսական ռազմակայանի տեղակայման վարձավճարներին, ընդհուպ այդ ռազմակայանի բավական մեծածավալ կոմունալ ծախսերին, որոնք կատարվում են մեր պետական բյուջեի, Հայաստանի հարկատուների հաշվին: Կրկնապատկել այդ ներուժը նշանակում է, որ կրկնապատկվելու են նաեւ այդ ծախսերը: Իրականում խնդիրը այդ ծախսերի ծավալը չէ, այլ երեւույթը՝ ինչու ենք մենք վճարում մեր իսկ երկրում այլ պետության ռազմական միավորի տեղակայման համար, որը սպասարկում է միայն ու բացառապես Ռուսաստանի կայսերապաշտական շահերը: Այս հարցերը պետք է քննարկվեն մեր քաղաքական օրակարգում, մենք պետք է քննարկենք ընդհուպ ռազմակայանի տեղակայման պայմանագրի վերանայման, այն Հայաստանի շահերին համապատասխանեցնելու հարցերը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.10.2019