Հունվարի 1-ից մի շարք ապրանքատեսակների համար դարձյալ ավելանալու է ակցիզային հարկի դրույքաչափը, ինչը ենթադրում է նաեւ դրանց գների բարձրացում։ Իսկ ակցիզային հարկն այն հարկատեսակն է, որն ուղղակիորեն վճարում է սպառողը։ Պարզ ասած, քաղաքացին։
Մյուս կողմից՝ մեծ փոփոխություններ են սպասվում նաեւ Եվրասիական տնտեսական տարածքից։ Ավարտվում է Հայաստանին տրված արտոնյալ մաքսային ռեժիմի ժամկետը, և գործողության մեջ են մտնելու ավելի բարձր մաքսային տուրքերը, որոնք կիրառվելու են երրորդ երկրներից ապրանքների ներմուծումների ժամանակ։ Խոսքը ոչ միայն տրանսպորտային միջոցների, այլև բազմաթիվ այլ ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի մասին է։ Նոր կարգավորումները վերաբերելու են շուրջ 500 ապրանքատեսակների։
Ու դեռ չհաշված՝ ներքին շուկայից թելադրված գնաճը, որն անհամեմատ ավելի բարձր է լինում առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում։
Այս ամենը հաշվի առնելու պարագայում դժվար չէ պատկերացնել, թե ի՞նչ է նշանակում մարդկանց եկամուտների 5 տոկոս ավելացումը։ Բայց դա դեռ ամենը չէ։
Կարդացեք նաև
Հաջորդ տարվանից սկսած կառավարությունը պատրաստվում է աստիճանաբար հրաժարվել կենսաթոշակային ֆոնդերի վճարումների մասով իշխանափոխությունից անմիջապես հետո ստանձնած պարտավորությունից։ Արդեն 2020թ. գործող հարաբերակցությունը 1 տոկոսով կկրճատվի՝ ի վնաս աշխատողների։
Եվ ի՞նչ է մնում վարչապետի ասած «աշխատավարձի բարձրացումից»։ 200.000 քաղաքացիներից 198.000-ի եկամուտները Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում ավելանալու է հազիվ 4 տոկոսով։
Ահա սա է այն ազդեցությունը, որը եկամտային հարկի դրույքաչափի նվազեցումը թողնում է մարդկանց եկամուտների վրա։
Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ կառավարությունը չի բավարարվել նախարարների ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտներն այդքանով ավելացնելով, այլ կրկնապատկել է։ Ու այդ ֆոնին որոշել է կենսաթոշակներն ավելացնել 10 տոկոսով, ուսուցիչների աշխատավարձերը՝ 10 տոկոսով, ուժային կառույցների աշխատավարձերը՝ 10 տոկոսով, անտառապահների և անտառապետների աշխատավարձերը՝ 20 հազար դրամով, ու այսպես շարունակ։
Թե աշխատավարձերի այս մի քանի հազար դրամ ավելացումներն ինչքանո՞վ կփոխեն մարդկանց կյանքի որակը եւ ապրելու պայմանները, հավանաբար դժվար չէ պատկերացնել։ Այն, ինչ նախատեսվում է, անգամ մեծագույն ցանկության դեպքում անհնար է լուրջ ձեռքբերում համարել։
Լավ կլիներ, որպեսզի աշխատավարձերի բարձրացումների ու քաղաքացիների եկամուտների ավելացումների մասին խոսելուց առաջ վարչապետը մի պահ հետ գնար ու այդ ամենը գնահատեր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի աչքերով։ Հաստատ կառավարությանն ասելու շատ բան կունենար։
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում