ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիայի գործողությունները Սիրիայում, ՌԴ-ից զենք գնելն ու ԱՄՆ-ի շահերին հակասող քայլերը կոշտ քննադատության արժանացան
«Կարծում եմ, Կոնգրեսի անդամները կուշտ են Թուրքիայի պահվածքով, գործողություններով, որոնք հակասում են ԱՄՆ-ի շահերին: Այնպես որ, եթե նախկինում Կոնգրեսի որոշ անդամներ հաշվի էին առնում Թուրքիայի կառավարության դիրքորոշումը, որը սխալ քայլ էր, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության ճանաչման բարոյական կշիռը, ապա վաղը թուրքական լոբբին Կոնգրեսում շատ կողմնակիցներ չի գտնելու»,- այսպիսին էր ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆի կարծիքը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ձայների ճնշող մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձեւի ընդունումից ժամեր առաջ: Նա համահեղինակն էր Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ 296 բանաձեւի:
Հոկտեմբերի 29-ին ողջ հայության ուշադրությունը կենտրոնացած էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընթացող լսումներին, որտեղ կոնգրեսականները Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի պարտավորության մասին թեմայով ունեցան բազմաթիվ ելույթներ, յուրաքանչյուրը՝ մի քանի անգամ մոտենալով ամբիոնին:
Ելույթները չէին սահմանափակվում՝ «Հերթը Միացյալ Նահանգներինն է» ու «պետք է վերականգնվի պատմական արդարությունը», կամ՝ հիշեցվում Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հիշողությունները: Ելույթները խիստ քաղաքական էին, առնչվում էին նաեւ այսօրվա Թուրքիային ու նրա ղեկավար Էրդողանի գործողություններին: ԱՄՆ-ի դաշնակիցը ՆԱՏՕ-ում Ռուսաստանից զենք է գնում, Սիրիայում դիմում է անընդունելի քայլերի, ԱՄՆ-ի շահերին հակասող քաղաքականություն է վարում, այսպիսի շեշտադրումներով ելույթներ էին հնչում վերջերս Թուրքիայի կողմից Սիրիայի քրդերի դեմ գործողությունների կոշտ քննադատությամբ ու 1915 թվականի եւ մերօրյա զարգացումների միջեւ զուգահեռների անցկացմամբ:
Կարդացեք նաև
Նկատենք, բանաձեւի ընդունման դեմ հատուկ հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունը, որի կարծիքով՝ «1915թ. իրադարձությունների մասին պնդումները հիմնված չեն իրավական կամ պատմական փաստերի վրա»: Սակայն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձեւը: Բանաձեւի օգտին քվեարկեց 405 կոնգրեսական, որոնցից 226-ը ներկայացնում են Դեմոկրատական կուսակցությունը, 178-ը՝ հանրապետականներ են, մեկը՝ անկախ օրենսդիր: Դեմ են արտահայտվել հանրապետական 11 կոնգրեսականներ: Բանաձեւը Ներկայացուցիչների պալատի օրակարգ են ներկայացրել դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն ու հանրապետական Գաս Բիլիրակիսը:
Քվեարկությունից առաջ Ներկայացուցիչների պալատում ընթացավ երկու մասից բաղկացած քննարկում: Ելույթներով հանդես եկան մի քանի տասնյակ կոնգրեսականներ: Բանաձեւի համահեղինակ էին 137 օրենսդիր` երկու կուսակցություններից: Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ բանաձեւի համահեղինակ, դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն ընդգծեց, որ երբեւէ ուշ չէ ճանաչել Ցեղասպանությունը, սակայն այսօր այս քայլն էլ ավելի արդիական է՝ կապված Սիրիայում Թուրքիայի գործողությունների հետ: «Մենք չենք կարող ընտրել, թե մարդկության դեմ կատարած որ ոճրի ճանաչումը սատարենք, իսկ որը՝ ոչ: Մենք չենք կարող լռեցվել օտար տերության կողմից, սակայն այն, ինչ կարող ենք անել եւ պարտավոր ենք, փաստելն է, որ Օսմանյան կայսրությունը իրականացրել է այս սարսափելի հանցանքը հայերի դեմ: Սակայն նրանց արշավը տապալվել է: «Երբեք այլեւս» կոչի հետ մեկտեղ այսօր կարող ենք ասել «Երբեք այլեւս չենք լռելու»,- հայտարարեց կոնգրեսական Շիֆը:
Մեծամասնության ղեկավար, դեմոկրատ կոնգրեսական Սթենի Հոյերն իր ելույթում ափսոսանք է հայտնել, որ Թուրքիան չի հետեւել Գերմանիայի օրինակին եւ չի ճանաչել Ցեղասպանությունը. «Սա հակաթուրքական բանաձեւ չէ: Սա պատմական իրադարձության մասին բանաձեւ է, որը եթե չճանաչվի, ապա նման ոճիրները կարող են կրկնվել»:
Ի աջակցություն բանաձեւի՝ հանդես է եկել նաեւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, նա երախտագիտություն էր հայտնել այս օրինագծի առաջադրման համար՝ ընդգծելով, դրա կարեւորությունը: «Ինչպես գրում էին այդ օրերի միջազգային դիտորդները, դա ռասայական բնաջնջման ոճիր էր, որը մենք որպես ազատատենչ ժողովուրդ, բարոյապես պարտավոր ենք ճանաչել»,- նշել է խոսնակը:
Ելույթ ունեցող կոնգրեսականների թվում էին նաեւ հայկական արմատներ ունեցող կոնգրեսականներ Աննա Էշուն ու Ջեքի Սփիըրը, Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելն ու բազմաթիվ այլ կոնգրեսականներ: Ի դեպ, նույն օրը Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց մեկ այլ օրինագիծ, որով հավելյալ պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ՝ Սիրիայի քրդական ուժերի դեմ գործողություններ ծավալելու համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր թվիթերյան էջում, ողջունելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ պատմական քվեարկությունը. «Ողջունում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատմական քվեարկությունը։ Բանաձեւը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաեւ մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին։ Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու հիացմունքն ուղղված ամերիկահայերի սերունդներին, ում անձնազոհ քաղաքական ու հասարակական գործունեությունն ու հաստատակամությունն էին այս պատմական քվեարկության շարժիչ ուժն ու ոգեւորությունը։ Այլեւս երբեք»:
Նկատենք, որ ճանաչման հետ մեկտեղ բանաձեւը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ցեղասպանության ժխտման դեմ ու կրթական ծրագրերի միջոցով խրախուսել Ցեղասպանության մասին տեղեկացվածությունն ու հանրային ընկալման մեծացումը, այսինքն, Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունների տարածմանը՝ ԱՄՆ-ի բոլոր պետական դպրոցներում:
ՀՑԹԻ արտաքին կապերի եւ լրատվության բաժինն «Արմենպրես»-ին տրամադրել է բանաձեւի ոչ պաշտոնական թարգմանությունը: «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» (Affirming the United States record on the Armenian Genocide) վերնագիրը կրող փաստաթղթում նշվում էր. «Քանի որ Միացյալ Նահանգները կարող է հպարտանալ 1915-1923 թթ. Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի սպանությունը՝ Հայոց ցեղասպանությունը, ճանաչելու եւ դատապարտելու, ինչպես նաեւ հայերին, հույներին, ասորիներին, քաղդեացիներին, սիրիացիներին, արամեացիներին, մարոնիտներին եւ ցեղասպանությունը վերապրած այլ քրիստոնյաներին փրկություն ցուցաբերելու իր պատմական անցյալի համար,
Քանի որ 1913-1916 թթ. Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն կազմակերպել եւ առաջնորդել է բազմաթիվ երկրների պաշտոնատար անձանց բողոքի գործողություններն ընդդեմ այն, ինչը նա բնութագրել է որպես կայսրության կողմից «ազգի ոչնչացմանն ուղղված արշավ», եւ 1915թ. հուլիսի 16-ին Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռոբերտ Լանսինգի կողմից նա հրահանգ է ստացել, որ «Պետքարտուղարությունը հավանություն է տալիս հայկական հետապնդումների դադարեցմանն ուղղված …ձեր գործողություններին»,
Քանի որ նախագահ Վուդրո Վիլսոնը խրախուսել է «Մերձավոր Արեւելքի նպաստամատույց» կազմակերպության ձեւավորումը, որը հաստատվել է Կոնգրեսի ակտով եւ որը 1915-1930 թթ. ընթացքում հավաքել է 116,000,000 դոլար (2019 թ. արժեքով՝ ավելի քան 2,500,000,000 ԱՄՆ դոլար) եւ Սենատն ընդունել է այս կոտորածները դատապարտող բանաձեւեր,
Քանի որ Ռաֆայել Լեմկինը, որը 1944 թ. սահմանեց «ցեղասպանություն» եզրույթը եւ որը կանգնած էր ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ակունքներում, հայկական դեպքը վկայակոչում էր որպես 20-րդ դարի ցեղասպանության ակնառու օրինակ,
Քանի որ, ինչպես ներկայացված է Միացյալ Նահանգների Հոլոքոստի թանգարանում, Ադոլֆ Հիտլերը 1939 թ. իր հրամանատարներին առանց որեւէ դրդապատճառի Լեհաստանի վրա հարձակումը հրահանգելու ժամանակ ի չիք դարձրեց բոլոր առարկություններն՝ ասելով. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»՝ հիմք դնելով հրեաների Ողջակիզման համար,
Քանի որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ 1951 թ. մայիսի 28-ին Միացյալ Նահանգների Կառավարության կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարան ուղարկված գրավոր հայտարարության, նախագահ Ռոնալդ Ռեյգանի՝ 1981 թ. Ապրիլի 22-ի N 4838 հայտարարության եւ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների՝ 1975 թ. ապրիլի 8-ի N148 եւ 1984 թ. սեպտեմբերի 10-ի N247 համատեղ բանաձեւերի միջոցով,
Քանի որ «Էլի Վիզելի Ցեղասպանության եւ վայրագությունների կանխարգելման մասին» 2018 թ. օրենքով վայրագությունների կանխարգելումը սահմանվում է որպես Միացյալ Նահանգների ազգային շահ, ինչպես նաեւ հաստատվում է, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է Միացյալ Նահանգների կառավարության մակարդակով իրականացնել ռազմավարություն, որն ուղղված է հնարավոր վայրագությունների բացահայտմանը, կանխմանն ու արձագանքմանը՝ «դիվանագիտական արձագանքի եւ արտաքին օգնության արդյունավետ օգտագործումն ուժեղացնելու միջոցով՝ համապատասխան անցումային արդարադատության միջոցառումներին աջակցելու, ներառյալ նախկին ոճրագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով»:
Արձանագրելով վերոնշյալը՝ հաստատում ենք, որ Ներկայացուցիչների պալատի կարծիքով Միացյալ Նահանգների քաղաքականությունն է՝
1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` այն պաշտոնապես ճանաչելու եւ հիշատակելու միջոցով,
2) մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության կամ որեւէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավելու, ներառելու կամ որեւէ այլ կերպ առնչելու փորձերը, եւ
3) խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ մարդասիրական օգնության գործում Միացյալ Նահանգների դերի եւ մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջեւ առնչությունների վերաբերյալ կրթությունը եւ հանրային իրազեկվածությունը»:
Բանաձեւի ընդունումից հետո՝ համահեղինակ Ադամ Շիֆը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել էր. «Այս բանաձեւը համատեղ ջանքերի արդյունքն է թե՛ Սփյուռքի եւ թե՛ իրավապաշտպան կազմակերպությունների: Շատ կարեւոր է, որ պալատի բոլոր թեւերում գտնվող իմ գործընկերներն աշխատել են տեւական ժամանակ այս բանաձեւի ընդունման ուղղությամբ: Այս բանաձեւի ընդունումը ԱՄՆ-ին ճիշտ ուղու վրա կդնի` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին եւ խրախուսելով ցեղասպանության փաստերի վերաբերյալ տեղեկացվածության աճը: Այս արժեքներն այսօր արդիական են մարդու իրավունքների պայքարի ոլորտում: Եվ ես կարծում եմ, որ շատ կարեւոր բարոյական պարտավորություն է, որ ԱՄՆ-ը հստակ եւ անկեղծ խոսի 1915-1923թթ. մեկ եւ կես միլիոն հայերի կանխամտածված ոչնչացման մասին: Այսպիսով, սա թույլ կտա ԱՄՆ-ին վերահաստատել նախկինում ընդունած դիրքորոշումը: Մեզ չի հաջողվել դա անել Ներկայացուցիչների պալատում 1980-ականների կեսերից ի վեր: Այնպես որ, վաղուց էր սա անելու ժամանակը: Եվ ես հույս ունեմ, որ այս բանաձեւի ընդունմամբ կլուծվի յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցը, իսկ մեր քաղաքացիներին հնարավորություն կտրվի ավելի լայն տեղեկանալու պատմության այդ սեւ էջի փաստերի վերաբերյալ»:
Խոսելով այսօր Թուրքիայի գործողությունների մասին՝ կոնգրեսականն ասել էր. «Մենք արդեն իսկ հսկայական դժվարություններ ունենք Թուրքիայի հետ: Սիրիայում թուրքական ներխուժումն աղետ էր, որի արդյունքում ավելի քան 100,000 քրդեր տեղահանվեցին: Նախնական տվյալներով, դրա ընթացքում պատերազմական հանցագործություններ են կատարվել: Արդյունքում, ռուսական ուժերը ռեժիմի ուժերի հետ միասին գրավեցին Սիրիայի ամբողջ տարածքը, մարդկանց տները եւ ունեցվածքը: Դա նշանակում է, որ աշխարհում Ամերիկայի դիրքերին իսկապես լուրջ հարված է հասցվել: Մենք դավաճանել ենք կարեւոր դաշնակցին՝ քրդերին: Քրդերը կռվել են մեր կողմից: Նրանք զոհվել են մեր կողքին պատերազմելիս, որպեսզի հաղթեն Դաեշին: Նրանք Դաեշի դեմ պայքարող առավել արդյունավետ մարտիկներից էին: Եվ նրանց մեջքով շրջվելը կարծում եմ, ամոթ էր: Այնպես որ, կարծում եմ, որ Թուրքիայի բոլոր գործողությունները սոսկ կործանարար բնույթ էին կրում, երբ խոսքը վերաբերում է Սիրիայի ներխուժմանը: Դա կարող է նաեւ Դաեշին վերակազմակերպվելու հնարավորություն տալ, որն աղետ կլինի Ամերիկայի, ինչպես նաեւ ողջ աշխարհի համար»: Շիֆի համոզմամբ՝ «Կոնգրեսում մարդիկ հոգնել են Թուրքիայի պահվածքից, Ռուսաստանի եւ Իրանի հետ դրա գործարքներից, եւ ընդհանրապես դրա գործողություններից, որոնք, անշուշտ, Միացյալ Նահանգների շահերից չեն բխում»:
Այսպիսով, ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի գործողությունները Սիրիայում, Ռուսաստանից (C-400) հրթիռային համակարգեր ստանալն ու ԱՄՆ-ի շահերին հակասող գործողությունները որոշակիորեն ազդեցություն ունեցան կոնգրեսականների որոշման վրա՝ քվեարկության առումով:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.10.2019