Լրահոս
Օրվա լրահոսը

Անի համայնքի ղեկավարն աշխատակազմի քարտուղարի և վարորդի օժանդակությամբ հափշտակել է իրեն վստահված համայնքի խոշոր չափերի գույքը

Հոկտեմբեր 31,2019 10:39

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Անի համայնքի ղեկավարի և աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  Անի համայնքի ղեկավարը, իրավասու լինելով իր լիազորություններն իրականացնել աշխատակազմի, համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով, ընդունել որոշումներ, արձակել կարգադրություններ, կազմել արձանագրություններ, լիազորված լինելով տնօրինել համայնքի բյուջեի միջոցները` ապահովելով դրանց նպատակային օգտագործումը, ստորագրել ֆինանսական փաստաթղթեր, պաշտոնեական դիրքն օգտագործելով, աշխատակազմի քարտուղարի և ծառայողական մեքենայի վարորդի օժանդակությամբ, հափշտակել է իրեն վստահված համայնքի խոշոր չափերի գույքը, կատարել պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ Մարալիկ քաղաքի բնակիչը, ում հետ նա գտնվում էր մտերիմ հարաբերությունների մեջ, աշխատում է ՀՀ դատական դեպարտամենտում` որպես կարգադրիչ, նրան աշխատանքի է ընդունել` որպես ծառայողական ավտոմեքենայի վարորդ:

Այնուհետև, տեղյակ լինելով, որ որպես վարորդ ձևակերպված անձը Դատական դեպարտամենտում աշխատած օրերին համայնքապետարանում աշխատանքի չի հաճախել, համայնքի ղեկավարը կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ ստորագրությամբ և համայնքապետարանի կնիքով հաստատել է համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի կողմից կազմված և վարորդի կողմից բոլոր աշխատանքային օրերին աշխատանքի հաճախած լինելու մասին կեղծ տվյալներ պարունակող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը: Արդյունքում՝ չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձ ավել հաշվարկված և փաստացի վճարված խոշոր չափերի գումարը վատնելու եղանակով հափշտակվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, աշխատակազմի քարտուղարին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վարորդին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031