Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի «անկանխիկ հասարակություն»

Հոկտեմբեր 31,2019 10:00

2000 թվականի աշնանը Հելսինկիում ես տեսա, թե ինչպես է ուղեւորը տաքսու վարորդին ուղեվարձ վճարում բանկային քարտով: Դա այն ժամանակն էր, երբ Հայաստանի տոնավաճառներում դեռ կային մարդիկ, որոնք բղավում էին՝ «դոլար-ռուբլի առնեմ», երբ աշխատավարձը մեծ մասամբ տրվում էր կանխիկ փողով, երբ հատուկենտ բանկոմատներ կային միայն մայրաքաղաքում:

Իսկ 2001 թվականին, երբ Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում ինձ հարցրին, թե ինչ գումար եմ հետս բերել, ես, հաշվելով այն, ասացի՝ 1000 դոլար, իսկ մաքսավոր աղջիկը զարմացած հարցրեց՝ «Cash?» եւ ուզում էր ինձ արդեն դուրս բերեր հերթից, բայց հետո նայելով դեմքիս, հասկացավ, հավանաբար, որ ես փողերի լվացմամբ դժվար թե զբաղվեմ եւ խնդրեց առաջանալ: Այդ պահին ես ոչ մի բանկային քարտ չունեի:

20 տարում առաջընթացն այս ոլորտում, իհարկե, ակնհայտ է: Նախ՝ քաղաքացիների մեծամասնությունը, այդ թվում՝ ես, իր աշխատավարձը ստանում է քարտով եւ մենք, բնականաբար, շահագրգռված ենք, որ վճարումներն ու առեւտուրը նույնպես լինեն անկանխիկ, որովհետեւ բանկոմատում կանխիկացնելու պարագայում մենք գումարներ ենք կորցնում:

Պետությունը նույնպես խիստ շահագրգռված է կանխիկ շրջանառության սահմանափակման մեջ, եւ, կարծես, պատրաստվում է այս առումով քայլեր ձեռնարկել: Մասնավորապես, հունվարի 1-ից Երեւանում 10 եւ ավելի աշխատողներ ունեցող ընկերությունները պարտավոր են իրենց աշխատավարձերը վճարել միայն անկանխիկ (եթե օրենքն ուժի մեջ մտնի): Պարզ է, որ երբ ես այդպես եմ աշխատավարձ ստանում, ապա իմ ցանկացած ծախս թափանցիկ է դառնում. ես կա՛մ պետք է դրանով առեւտուր անեմ, կա՛մ (որն ինձ համար պակաս ցանկալի է) բանկոմատում գումար կանխիկացնեմ՝ երկու դեպքում էլ իմ ծախսերը դառնում են թափանցիկ: (Հիշո՞ւմ եք, չէ՞, թե ինչպես են ամերիկյան ֆիլմերում հետախուզման մեջ գտնվող մարդիկ «բռնվում»՝ հենց որ իրենց քարտը հատնվում է բանկոմատում կամ տերմինալում):

Բայց խնդիրներն, իհարկե, շատ են: Վստահ եմ, շատ մարդիկ գերադասում են առեւտուր անել սուպերմարկետներում նաեւ այն պատճառով, որ այնտեղ հաստատ կարող են վճարել քարտով (ու նաեւ ստանալ ՀԴՄ կտրոն)՝ դա հավելյալ «մրցակցային առավելություն» է՝ կրպակների եւ փոքր խանութների հետ համեմատ, որտեղ, որպես կանոն, տերմինալներ չկան: Դրանք չկան նաեւ «օբյեկտների» մեծ մասում՝ ի հակադրություն քաղաքի կենտրոնում գտնվող «սոլիդ» սրճարանների եւ ռեստորանների: Չկան նաեւ բենզա եւ գազալցման «սովորական» կայաններում: Իսկ Երեւանից դուրս կա նաեւ որակյալ ինտերնետ կապի խնդիր՝ նույնիսկ այն դեպքում, եթե առեւտրային, սպասարկման եւ սննդի հիմնարկների տերերը մեծ ցանկություն ունեն թափանցիկ աշխատելու եւ անկանխիկ վճարումներ ընդունելու:

Մի խոսքով՝ եթե պարտադրանք կա, որ աշխատավարձը լինի անկանխիկ, ապա նույնպիսի պարտադրանք պետք է լինի, որ վճարումները նույնպես հնարավորություն լինի կատարել անկանխիկ: Թե չէ տուժելու են աշխատավարձ ստացողները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Աւելին ասեմ: Դուք «անկանխիկ» էք ուզում, մեզ մոտ՝ Գերմանիայում, արդէն կամաց-կամաց «անքարտ»-ի է գնում՝ մատնահետքով վճարելով: Հիմա, օրինակ, մեր REWE խանութներում (Երեւանի «Սիթիների» համարժէքն է) վճարելիս հեռախօսի համապատասխան յաւելուածը բացում ես, կոդը սքան անում կամ եթէ Apple Watch ունես, ձեռքիդ ժամացոյցը մոտեցնում, սքան ես անում: Ես վստահ եմ՝ շատ շուտով ժամացոյցի կամ հեռախօսի փոխարէն մատնահետքով ենք վճարելու:

    Յ.Գ. Ապագայի գողերը գողութիւն անելիս, մեր ցուցամատն են կտրելու տանեն, որ դրանով վճարում անեն 🙂

  2. Ruben says:

    Բանկային համակենտրոնացման ճամբարի հրաշալի գովազդ:

  3. Ruben says:

    «Մերժիր» Սերժին, որ մի օր հերթը հասնի կենտրոնական բանկին:

  4. Անուշ Կարապետյան says:

    Այդպիսով հեշտությամբ կարելի կլինի կառավարել այլախոհներին: Եթե առևտուրը և այլ գործառույթները կանխիկով հնարավոր չլինի, անցանկալի մարդկանց հնարավոր է զրկել գոյության որևէ միջոցից: Բոլոր գործառույթների թվայնացումը, իհարկե, հեշտացնում է կյանքը, բայց նաև լրիվ կախվածության մեջ է դնում անձի բոլոր տվյալներին տիրապետող կառույցներից:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031