«Մարդ 12 տարի սովորում է հայոց լեզու, բայց չի կարողանում մոր ծնունդը գեղեցիկ շնորհավորել, սիրելի մարդուն լավ խոսք ասել»:
Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Արսեն Վարդանյանը վերջերս ցավով նշել է, որ «Մարդ 12 տարի սովորում է հայոց լեզու, բայց չի կարողանում մոր ծնունդը գեղեցիկ շնորհավորել, սիրելի մարդուն լավ խոսք ասել» (Aravot.am, հոկտեմբեր 19,2019): Իսկապես համընդհանուր մտահոգության խնդիր է։ Եվ պատահական չէ, որ կառավարությունը նույնպես ուղիներ է որոնում խնդիրը լուծելու համար։
Հանրապետությունում ավանդույթ է դարձել ցանկացած բարեփոխում, առավել եւս՝ եթե այն վերաբերում է կրթությանը, սկսել կարծիքներ ներկայացնելուց։ ԿԳՄՍ նախարարությունը Հայոց լեզու եւ գրականություն, Հայ. ժող. պատմություն եւ համաշխարհային պատմություն առարկաների վերաբերյալ օրերս տեսակետ ներկայացրեց, որպեսզի բուհերում այդ առարկաների ուսուցումը դառնա կամավոր, հավանաբար փորձելով ստանալ մանկավարժների, մասնագետների ու կրթական փորձագետների կարծիքը եւ ընդհանրացված կարգով հասարակական կարծիք կազմել։ Ճիշտ է, այդ հարցում իսկապես խնդիր կա, բայց եկեք ոչ թե «կողմ» եւ «դեմ» բանակների բաժանվենք, այլ մասնակցենք քննարկմանը եւ գտնենք խնդրի երկարաժամկետ լուծման օպտիմալ ուղիները, մանավանդ արդեն չունենք մի այնպիսի կառույց, ինչպիսին նախկինում Կրթության ազգային ինստիտուտն էր, որը կարող էր հարցին տալ սպառիչ պատասխան (ի դեպ, համանման կառույցի անհրաժեշտություն իսկապես զգացվում է)։ Ինչպես տեսնում ենք բուհերում, նույնիսկ նեղ մասնագիտացված ֆակուլտետներում նշված դասընթացների ուսուցման նպատակահարմարության վերաբերյալ բեւեռացված կարծիքներ են ներկայացվում։ Եթե խորանանք «կողմ» եւ «դեմ» կարծիքների կողմնակիցների պատճառահետեւանքային բացահայտումների մեջ, ապա, նախեւառաջ, կնկատենք մասնագետների մոտիվացվածությամբ պայմանավորված տեսակետներ, որոնք հաճախ չեն տեղավորվում ազգային հետաքրքրության շրջանակում։
Այս երկու խումբ դասընթացների «ճակատագիրը» չի կարելի որոշել միմյանց փոխկապակցված. դրանք ունեն տարբեր նշանակություն։
Կարդացեք նաև
Վերը նշված պատմական ուղղվածություն ունեցող դասընթացները բուհական ծրագրերում պարտադիր պահպանելու կողմնակիցները հավանաբար շահագրգռվածություն են ցուցաբերում նախեւառաջ աշխատատեղերը չկորցնելու նկատառումներից ելնելով։ Նրանք չեն փորձում նույնիսկ քննարկել այդ դասընթացների ուսուցման արդյունավետության բարձրացման խնդիրները. չէ՞ որ նշված դասընթացները ուսանողության շրջանում քիչ հետաքրքրության են արժանանում։ Նախ` հանրակրթական դասընթացներից ուսանողները այս կամ այն չափով իրազեկված են ուսուցանվող նյութի մասին, ուստի ուշադրության կենտրոնում պահում են մասնագիտական դասընթացները, ինչի համար բուհ են ընդունվել։ Չխտացնելով գույները՝ նկատենք, որ այդ դասընթացների ծրագրային բովանդակությունը մեր կարծիքով փոփոխության է ենթակա թեկուզ հենց այն պատճառով, որ հանրակրթական եւ բուհական ծրագրերը միմյանցից պետք է էապես տարբերվեն, հատկապես միեւնույն թեմատիկայի ուսումնասիրման խորության տեսակետից։ Սա նշանակում է, որ բուհական ծրագիրը պետք է չկրկնի հանրակրթականին, մինչդեռ դրանց միջեւ էական տարբերություններ հաճախ չեն նկատվում։ Պատմական ուղղվածության դասընթացների ծրագրերը առավելագույն չափով անհրաժեշտ է հարմարեցնել մասնագիտական կրթական ծրագրերի պահանջներին, որպեսզի ուսանողները ցուցաբերեն բարձր մոտիվացվածություն։
Մյուս կողմից, դպրոցական ծրագիրը բավականին բարդ է եւ ուսուցման մեթոդական առումով քիչ հետաքրքրություն է առաջացնում աշակերտի մոտ։ Ինչպես նյութը միապաղաղ եւ բավականին սառը ներկայացվել է խորհրդային դասագրքերում, գրեթե նույնությամբ էլ կրկնվում է այսօր։ Ավելին, ուսուցման ավանդապաշտ մեթոդիկայով զինված այսօրվա ուսուցիչը եւ դասախոսը իրենց տեսական-նկարագրական, առավելապես միայն դասագրքային նյութի շրջանակներում (հաճախ հեքիաթի հիշեցնող) պատմողական մեթոդիկայով ձանձրացնում են սովորողներին։ Դա հետեւանք է այն բանի, որ մի քանի տասնյակ տարի առաջ մշակված ծրագրերից ընդամենը դուրս են թողնվել նախկին քաղաքականացված նյութերը, չնայած առանձին դեպքերում էլ նոր նյութեր են ներառվել նույնիսկ էֆեմերային քաղաքական կյանքի տեւողություն ունեցող կուսակցությունների վերաբերյալ։ Պատմական ուղղվածության առարկաները բովանդակային առումով բացառիկ ընդգրկուն են, դժվար է որոշել նյութի ծավալը կամ իրադարձության ներկայացման մասշտաբները։ Ամենանշանակալից նյութը լիարժեք ներկացնելու գործում դժվարություններ են առաջանում։ Դասընթացը պետք է ավելի շատ ազգային-դաստիարակչական ու հայրենասիրական արժեքային համակարգի խնդիրներ քննարկի։ Օրինակ՝ միայն Ապրիլյան պատերազմում մեր զինվորների ցուցաբերած սխրանքները մանրամասն ներկայացնելու դեպքում շատ ավելի օգտակար գործ կկատարենք, քան պատմական այս կամ այն իրադարձության մանրակրկիտ ուսումնասիրությունը, որի նկատմամբ աշակերտը առանձնապես հետաքրքրություն չի էլ ցուցաբերում։ Ընդ որում, իրադարձային կամ պատմական ցանկացած նյութ այսօր կարելի է ստանալ ժամանակակից տեղեկատվական համակարգերից, եթե, իհարկե, անհրաժեշտություն առաջանա, որը քիչ հավանական է։
Ավելի բարդ է մայրենի լեզվի ուսուցման խնդիրը։ Մեր բանասեր-լեզվաբան հեղինակներին դեռեւս չի հաջողվել մշակել ու կիրառել բանավոր եւ գրավոր խոսքի զարգացման մեթոդական այնպիսի եղանակներ, որ կնպաստեն դպրոցական հասակից մայրենիով ճիշտ գրելուն եւ խոսելուն։ Այդ ինչպե՞ս է, որ անգլերենին կամ ֆրանսերենին կարելի է տիրապետել նույնիսկ ամիսների ընթացքում, իսկ մեզ լիարժեք չի հաջողվում օտարերկրացիներին ութ ամսում ուսուցանել մայրենի լեզվի բանավոր խոսքը, երբ այդ գործում ներգրավում ենք նույնիսկ բացառիկ փորձված մասնագետներին (այն էլ շաբաթական ութ ժամ ծրագրային պահանջով)։ Եթե մայրենի լեզուն դպրոցում ուսուցանում ենք տասներկու տարի եւ լիարժեք ծրագրային պահանջների կատարման չենք հասնում, ինչպես կարելի է այդ բացը բուհում լրացնել մեկ տարում, այն էլ շաբաթական երկու ժամ բեռնվածությամբ։ Մեր կարծիքով մայրենի լեզվի ուսուցման դպրոցական ծրագիրը նույնպես բավականին բարդ է եւ գիտական բովանդակություն ունի, բնականաբար, գործածելիս դժվարություններ են առաջանում։ Անհրաժեշտ է հանրակրթական ծրագիրը էապես բեռնաթափել եւ տարբերակել բուհական ծրագրերից։ Ավագ դպրոցի համապատասխան հոսքից սկսել մասնագիտացման մայրենի լեզվի ուսուցումը, իսկ բուհերում մայրենի լեզուն խորությամբ ուսուցանել մասնագիտական ֆակուլտետներում, եւ հայագիտական ուղղվածություն չունեցող մասնագիտություններում գործարկել լեզվի պրակտիկ գործածության համարժեք ծրագրեր։ Օրինակ՝ տնտեսագիտական, ճարտարագիտական, բժշկական եւ այլ ուղղության մասնագետներ վերապատրաստող ֆակուլտետներում անհրաժեշտ է օգտագործել այդ մասնագիտությունների բնույթին եւ յուրահատկություններին բնորոշ գործնական հմտություններ զարգացնող ծրագրեր։ Բացի այդ, ուսուցման եղանակները պետք է փոխել ստեղծագործաբար. ինքնուրույնաբար նյութի յուրովի վերլուծության ու վերաշարադրման, տեքստերի մտքային եւ կառուցվածքային հետազոտության ու ամփոփման, երկխոսության, ինքնաշարադրման եւ փոխկապակցված մասնագիտական բովանդակային տեքստերի կազմման ու բազմաթիվ այլ եղանակներով անհրաժեշտ է հայոց լեզվի եւ գրականության ուսուցումը էապես դարձնել արդյունավետ։ Դրա համար կպահանջվի նաեւ հանրակրթական եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական պլանները բեռնաթափել, կառուցվածքայնորեն օպտիմալացնել, գոնե տեսական եւ գործնական պարապմունքների ժամաքանակները կրկնապատկել։
Որպես ամփոփում՝ նկատենք, որ դասարանից դասարան, կրթական մեկ ծրագրից մյուսը, սովորողները հանձնում են ավարտական եւ ամփոփիչ քննություններ, եւ բոլորն էլ դրական միավորներ են հավաքում։ Պետք է ենթադրել, որ նրանք յուրացրել են կրթական ծրագրերի պահանջը (ամենալուրջ խնդիրը այստեղ է, եւ այս մասին պետք է մտածել), բայց արդյունքում շատ վատ են խոսում եւ չափազանց վատ են գրում։ Եթե հետեւենք ֆեյսբուքյան, այսպես ասած, գրավոր խոսքին, կհամոզվենք, որ մեր հանրակրթական տասներկու տարիները օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, մեղմ ասած, լավ չենք անցկացրել։ Նկատենք նաեւ, որ այդ բացը բուհերի կարճաժամկետ ծրագրերով էլ հնարավոր չի դառնում վերացնել։
Հետեւաբար, սկսած դպրոցի ցածր դասարաններից, այնպիսի փոփոխություններ պետք է իրականացնել, որ բուհերում այդ խնդիրը չդառնա քննարկման առարկա. ե՛ւ մայրենիի, ե՛ւ պատմական առարկաների ուսուցումը ու սովորողի մնացորդային գիտելիքի ապահովումը հիմնական եւ ավագ դպրոցի կրթական ծրագրերի խնդիրն է։ Եթե շրջանավարտը ստացել է հասունության ատեստատ, նշանակում է՝ տիրապետում է մայրենի լեզվի եւ պատմական առարկաների ծրագրային բոլոր պահանջներին։ Ցավոք, հենց այստեղ ինչ-որ բան այն չէ. պետք է սկսել այստեղից։
Սուրեն ՕՀԱՆՅԱՆ
Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր
«Առավոտ» օրաթերթ
30.10.2019