Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգին երբեք չի կուրանում

Հոկտեմբեր 31,2019 13:00

Փորձեք 5 րոպե փակել ձեր աչքերն ու շարունակեք ապրել, ասես ոչինչ չի եղել։ Մթությունը, որտեղ պատկերները երեւակայությունդ է նկարում, սարսափ է ներշնչում։ Դժվար է պատկերացնել կյանքն առանց գույների, առանց հարազատ մարդկանց դեմքեր տեսնելու, իսկ Ռազմիկ պապն արդեն 3 տարի է՝ մթության մեջ է ապրում։ Կուրացել է սթրեսից՝ սիրելի կնոջ մահից հետո։

86-ամյա Ռազմիկ պապը Ավան վարչական շրջանի առաջին բնակիչներից է, կարելի է ասել՝ հիմնադիրներից մեկը։ Երբ դեռ Ավանը միայն այգի է հիշեցրել, պապն այնտեղ առաջին տուն կառուցողներից է եղել։ 26 տարեկանում արդեն 2 տուն է ունեցել։

Ճակատագիրը Ռազմիկ պապին Լիդայի նման կին է շնորհել, ում մասին պապն այնքան սիրով եւ կարոտով է պատմում. «Անընդհատ հիշում եմ կնոջս, անընդհատ։ Անգամ մեկ-մեկ հարսիս՝ Սոնային Լիդա եմ ասում, հետո արագ ավարտում խոսքս»:

Պապը հաճախ է երգում, երբեմն այնքան բարձր, որ հարեւանները եւս լսում են նրա ձայնը։ Երգելիս էլ մատներով ձեռնափայտի վրա «նվագում» է եւ երաժշտություն ապահովում իր համար։
Հիշում է, որ կինն էլ էր երգում։ Իր 3 հարսների նշանադրեքներին երգել է։ Մինչ պապը փորձում է հիշել կնոջ սիրելի երգը, հարսը՝ Սոնան, սկսում է երգել.
«Ալ երեսդ ալլա ես, Բացված կարմիր լալա ես…»։

Ռազմիկն ու Լիդան անսպառ սիրով ամուսիններ են եղել։ Կյանքում ե՛ւ ուրախ, ե՛ւ տխուր օրեր են ունեցել:

Ամենածանր օրերը եղել են, երբ Լիդան արդեն անկողնային հիվանդ է եղել, եւ Ռազմիկ պապը 8 ամիս գրեթե չի քնել՝ օր ու գիշեր խնամելով հյուծված կնոջը. «Այնքան էր նիհարել, որ երբ լողացնում էի, մտածում էի՝ կվնասեմ։ Կաշին ու ոսկորն էին մնացել։ Հետո մի քանի օր լավ զգաց իրեն. զրնգուն ձայն ուներ։ Մի օր էլ սրսկումից վայրկյաններ առաջ զարկերակը շոշափեցի եւ տեսա, որ մահացել է»:

Պապի տրամադրությունը կտրուկ փոխվում է կնոջ մասին խոսելիս։ Առանց բառերի էլ ակնհայտ է այն վիշտն ու կորուստը, որ նստվածք էին տվել Ռազմիկ պապի այնքան երիտասարդ եւ կենսախինդ հոգում։
Թեեւ պապը չի տեսնում, սակայն հեշտությամբ հասկանում է, թե ինչ արտաքինով մարդ է իր առաջ կանգնած. բավական է միայն ձեռքդ սեղմի, համբուրի այտդ, եւ դու դրոշմված ես նրա մտքում՝ քո ողջ էությամբ։
Պապը սիրում է լավ ուտելիքներ. «Ինչ լավ բան կա, սիրում եմ (ծիծաղում է)։ Բայց տղամարդը անպայման պետք է կնոջ եփած ճաշը ուտի։ Խոհանոցում պետք է կին լինի՝ օջախի զարդ, որ դու քեզ տղամարդ զգաս»։
Պապը զբաղվում է այգեգործությամբ եւ կենդանիներ պահելով։ Տնից այգի տանող երկար պարան ունի, որի օգնությամբ գնում է այգի, մշակում հողը, կերակրում հավերին եւ անգամ կառուցում ինչ-որ նոր բան։ Հետո վերադառնում է տուն՝ նույն այդ պարանից բռնած։

Այժմ պապի միակ երազանքը թոռանը՝ Արգիշտիին ամուսնացած տեսնելն է։ Երիտասարդներին էլ խորհուրդ է տալիս. «Առաջին հերթին մարդը պետք է աշխատասեր լինի։ Եթե այդպես եղավ, նաեւ հոգին բարի կլինի, հյուրասեր։ Պետք է ընկածին ձեռք մեկնես, որ նրա կրած ծանրությունը զգաս։ Քիչ զբաղվել այդ սմարթֆոններով։ Ստեղծել քոնը։ Քչից ձգտել շատին, բայց ձգտել եւ ստեղծել»։

Որպես վերջաբան պապն ասաց, որ ժամանակը չի բուժում։ Քանի դեռ կաս, ապրում ես, ժամանակը միայն մեղմացնում է ցավը, սակայն լիովին մոռանալ անհնար է։

Ռազմիկ պապը տվեց իր համարն ու ասաց, որ սպասելու է մյուս այցիս։ Համբուրեց այտս իր աղջկան տալիք ջերմությամբ եւ վերջում ավելացրեց. «Միակ օգուտս սա մնաց…»։

Սյուզի ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031