Լրահոս
Օրվա լրահոսը

Համացանցային սպառնալիքների եւ շորթման համար կինը երկու ամսով կազատազրկվի

Հոկտեմբեր 31,2019 14:00

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Աննա Ասատրյանին մեղավոր էր ճանաչել երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, եւ պատիժները լրիվ գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել 2 ամիս ժամկետով կալանքը:

Նրա նկատմամբ ընտրված` ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Աննան, ըստ քրեական գործի նյութերի,  երկու անգամ Սարգիս Հովակիմյանի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով վերջինիցս պահանջել է գումար.

Նա տուժողի հետ ծանոթացել է 2018 թվականի ամռանը՝ «www.odnoklassniki.ru» կայքէջի միջոցով, ում հետ շփվել է նաեւ բջջային հեռախոսի տարբեր հավելվածների միջոցով: Շփման ժամանակահատվածում ամբաստանյալը ներբեռնել է Սարգիս Հովակիմյանի լուսանկարները, դրանց վրա կատարել է Հովակիմյանի անձն արատավորող գրառումներ, որոնք տեղադրել է «odnoklassniki.ru» կայքէջի լուսանկարներ բաժնում:

Չբավարարվելով դրանով, նա  անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին  լուսանկարներն ուղարկել էր Ս. Հովակիմյանին եւ այն ջնջելու դիմաց պահանջել է 40.000 ՀՀ դրամ գումար: Այս տարվա հունվարի 5-ին Ավան վարչական շրջանի «Լճի խաչմերուկ» կոչվող հատվածում Ս. Հովակիմյանը 40.000 ՀՀ դրամ գումարը, նախնական պայմանավորվածության համաձայն, տվել է Աննա Ասատրյանի կողմից ուղարկված անձին՝ վերջինս Աննայի մայրն էր: Մայրը ստանալով նշված գումարը, ջնջել է նշված էջը: Մեկ այլ դրվագով էլ, Աննա Ասատրյանն այս տարվա հունվարի 6-ին «Instagram» կայքէջում տեղադրել էր տուժող Հովակիմյանի լուսանկարները, որոնց վրա կատարել էր նրան արատավորող գրառումներ, այն ուղարկելով տուժողին,  դրանք ջնջելու համար պահանջել 60.000 ՀՀ դրամ գումար:

Տուժողը համաձայնել է, սակայն նախապես այդ մասին տեղյակ էր պահել ոստիկանությանը:  Ավանի «Լճի խաչմերուկ» կոչվող տարածքում ամբաստանյալի մորը գումարը փոխանցելու ժամանակ մոտեցել են ոստիկանության աշխատակիցները եւ նրան բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Ամբաստանյալն իրեն թե նախաքննության, թե դատաքննության ժամանակ լիովին մեղավոր էր ճանաչել եւ զղջացել է, տվել էր ինքնախոստովանական ցուցմունքներ։ Դատարանը հաշվի էր առել մի շարք հանգամանքներ, եզրահանգել, որ Ա. Ասատրյանի նկատմամբ պետք է նշանակել կալանքի ձեւով պատիժ, ինչը ոչ միայն բխում է Քրեական օրենսգրքի 10-րդ եւ 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման եւ պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից, այլ միտված է սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը եւ հանցագործությունների կանխմանը։

Տուժողն ամբաստանյալի նկատմամբ քաղաքացիական հայց չէր հարուցել, չուներ որեւէ պահանջ:

Աննա Ասատրյանը դիմել է վերաքննիչ բողոքով վերաքննիչ քրեական դատարան, պահանջում է մասնակիորեն` պատժի մասով բեկանել եւ փոփոխել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 2 ամիս ժամկետով կալանքի վերաբերյալ, նշանակել ազատությունից զրկելու հետ չկապված մեղմ պատիժ` տուգանք կամ ՀՀ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031