Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վտանգավոր ելույթներ ընդդեմ Հայաստանի ու Արցախի՝ Պուտինի ողջույնի ներքո

Հոկտեմբեր 31,2019 12:00

Պաշտոնական Երեւանը կոչ է անում հարգել Հելսինկյան Եզրափակիչ ակտը, ԼՂ խնդրի խաղաղ հանգուցալուծման առանցքային սկզբունքը՝ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքը:

Հոկտեմբերի 25-26-ը Ադրբեջանի մայրաքաղաքում կայացել է Չմիավորման շարժման անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 18-րդ գագաթաժողովը: Հայաստանն ունի դիտորդի կարգավիճակ, սակայն ինչպես արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն է պարզաբանել՝ Հայաստանի մասնակցությունը Բաքվում ընթացող գագաթաժողովին նպատակահարմար չէր:

Չմիավորված երկրների շարժումը, որը մեծությամբ երկրորդ միջազգային կազմակերպությունն է ՄԱԿ-ից հետո, ձեւավորվել է 1961-ին՝ նախկին Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադում: Կազմակերպությանն անդամակցել են այն երկրները, որոնք «սառը պատերազմի» օրերին որոշել են չմիանալ գերտերությունների առաջնորդած կառույցներին՝ ՆԱՏՕ-ին կամ Վարշավյան պակտին: Խորհրդային Միության փլուզումից ու Վարշավյան պակտի լուծարումից հետո, կազմակերպությանն անդամակցել են նաեւ նախկին խորհրդային մի շարք հանրապետություններ, այդ թվում՝ Ադրբեջանը, որը ստանձնեց կառույցի նախագահությունը:

Գագաթաժողովի նպատակով Բաքու ժամանած Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն առիթը բաց չի թողել անդրադառնալու ղարաբաղյան հակամարտությանը եւ հերթական անգամ Թուրքիայի կողմից «եղբայրական Ադրբեջանին» աջակցելու թեմային: Նա հայտարարել է. «Ադրբեջանի վիշտը մեր վիշտն է, Ադրբեջանի ուրախությունը՝ մեր ուրախությունը», «…կանենք հնարավորն ադրբեջանական հողերն ազատագրելու համար»: «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ միշտ քննարկում է Ղարաբաղյան հարցը: Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն արդյունք չէր տալիս, Թուրքիայի նախագահը նշում էր, որ Ռուսաստանը միջնորդի կարգավիճակով կարող է լուծում տալ հարցին: Ճիշտ է, Սոչիում վերջին հանդիպմանն այդ հարցն օրակարգում չի եղել»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք ամեն ինչ կանեն խնդրի լուծման համար, եւ որ նախագահ Էրդողանն էլ Պուտինին ասել է, որ «Ռուսաստանի՝ ավելի շատ ջանք ներդնելու դեպքում հարցը կլուծվի»:

Թուրքիայի արտգործնախարարը նշել է նաեւ, որ Ղարաբաղյան հարցի լուծումն «օգտակար կլինի նաեւ Հայաստանի համար, քանի որ Հայաստանը հիմա մեկուսացված է տարածաշրջանում»: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն, ըստ էության, բխում է նաեւ Երեւանի շահերից: Եթե Հայաստանը չի ցանկանում մեկուսացված երկիր մնալ, պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ»,-ասել է նա՝ ընդգծելով, որ եթե Ռուսաստանը ավելի շատ ջանք գործադրի, հակամարտությունը կարող է կարգավորվել:

Այսպես, պաշտոնական Անկարայի եւ Բաքվի հույսը՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի անարդյունավետության» ֆոնին, կրկին Ռուսաստանն է, ավելի ճիշտ՝ Պուտինից ակնկալվող ջանքերը՝ «օկուպացված հողերը ազատագրվելու» ուղղությամբ:

Ըստ ամենայնի, առաջիկայում Բաքուն ու Անկարան միահամուռ ուժերով փորձելու են թեժ պահել միջազգային հարթակներում Արցախի թեման՝ նպատակ ունենալով հայկական կողմի արձանագրումները, որ՝ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ փոխզիջումների, հօդս ցնդեցնելու:

Նկատենք, որ Ռուսաստանը Չմիավորված երկրների այս շարժմանը չի անդամակցում, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսք էր հղել գագաթաժողովի մասնակիցներին: «Ռուսաստանը հետեւողականորեն աջակցում է արդար, բազմաբեւեռ աշխարհակարգի կայացմանը»,-նշել է Պուտինը, փաստելով, որ կազմակերպության ներկայիս հավաքն անցնում է դժվարին միջազգային իրավիճակում, երբ մի շարք տարածաշրջաններում ռազմական հակամարտությունների սրացում է նկատվում: Ողջույնի տեքստը հրապարակել էր Կրեմլի պաշտոնական կայքը: Պուտինը համոզմունք էր հայտնել, որ ապագայում Չմիավորված երկրների շարժման եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը կնպաստի անվտանգության ամրապնդմանը, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գլոբալ մակարդակում:

Բայց սա էլ ամենը չէ: Շարունակելով խոսել Հայաստանի ու հայերի մասին՝ Թուրքիայի արտգործնախարարն ասել է, թե Թուրքիան «բռնել» է «Քրդական աշխատավորական կուսակցության»-ը (ՔԱԿ) հարող հայ «ահաբեկիչների»: Ըստ Չավուշօղլուի՝ ավելի վաղ «հայ «ահաբեկիչները» սպանել են թուրք դիվանագետներին», հետեւաբար՝ «որտեղ կա ահաբեկչություն, իրենք այնտեղ հայեր են տեսնում»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ իր հերթին շարունակում է վերջին ամիսների մարտավարությունը՝ բոլոր ամբիոններն օգտագործելով Հայաստանի քաղաքականությունը քննադատելու համար: Բաքվում բացելով Չմիավորման շարժման պետությունների 18-րդ գագաթաժողովը՝ նա ասել է. «Լեռնային Ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է, եւ այս հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Ելույթ ունենալով 158 երկրներից ու միջազգային կազմակերպություններից ժամանած բարձրաստիճան հյուրերի առջեւ, Ալիեւը կրկին խոսել է «ադրբեջանական հողերի օկուպացիայի», «փախստականների ու բռնի տեղահանվածների» մասին՝ մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին: «Փորձելով ջնջել ադրբեջանական հետքերը՝ Հայաստանը միտումնավոր փոխում է բոլոր տեղանունները, ինչպես նաեւ վերաբնակեցման ապօրինի քաղաքականություն վարում եւ օկուպացված տարածքներում զբաղվում ապօրինի տնտեսական գործունեությամբ», – ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նշել է Ալիեւը:

Հայտնի է, որ գագաթաժողովում ոչ հայանպաստ փաստաթղթեր են ընդունվել: Դրանցից մեկում՝ «Բաքվի հռչակագրում», գագաթաժողովի մասնակիցները՝ 120 երկրի ներկայացուցիչներ, իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանի՝ «տարածքային ամբողջականությունը վերականգնելու ջանքերին»:

«Նորություն չէին նման տոնայնությունն ու դիրքորոշումը: Մենք նման մոտեցումներ լսել ենք նաեւ այլ ձեւակերպումներով»,-լրագրողների հետ ճեպազրույցում հոկտեմբերի 28-ին անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե «հայերն ահաբեկիչներ են եւ աջակցում են Սիրիայի քրդական ահաբեկչական խմբավորումներին», եւ որ Թուրքիան սատարում է Ադրբեջանի՝ «Լեռնային Ղարաբաղի իր տարածքները վերադարձնելու» պատրաստակամությանը, նկատել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը. «Սա իրենից ներկայացնում է անվտանգության խնդիր, այն լուրջ խնդիր է: Մենք վերահաստատում ենք մեր մոտեցումը, որ նման դիրքորոշումը դատապարտելի է, անընդունելի եւ արտահայտում է այն խորքային մտավախությունը, որ սա վտանգ է ՀՀ-ի համար Թուրքիայի կողմից՝ անվտանգության համատեքստում: Ժխտում եմ այդ տեսակետը եւ դատապարտում»:

Նույն օրը, պաշտոնական Երեւանն արձագանքեց Չմիավորման շարժման պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 18-րդ գագաթաժողովում ընդունված Եզրափակիչ փաստաթղթի վերաբերյալ: «Մենք դատապարտում ենք այն հանգամանքը, որ գագաթաժողովը հյուրընկալող եւ Շարժման ներկայիս նախագահող Ադրբեջանը եւս մեկ անգամ նախընտրեց չարաշահել իր անդամակցությունը Շարժմանը՝ Գագաթաժողովի Ամփոփիչ փաստաթղթում առաջ մղելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խեղաթյուրող, ծայրահեղ կողմնակալ պնդումներ։ Ունենալով դիտորդ-պետության կարգավիճակ Չմիավորման շարժման մեջ՝ Հայաստանը չէր կարող որեւէ կերպ ներգրավվել կամ հավանություն հայտնել գործընթացին, ինչը բացահայտորեն ցուցադրում է հյուրընկալող պետության՝ հարթակը չարաշահելու մանիպուլյատիվ մտադրությունը։ Հայաստանը ափսոսանք է հայտնում, որ Ամփոփիչ փաստաթղթի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեւակերպումները հակասում են Շարժման հիմքում ընկած սկզբունքներին»։

Այնուհետեւ ՀՀ ԱԳՆ-ն հավելել էր. «Ադրբեջանում եւ Արցախում հայերի նկատմամբ զանգվածային վայրագություններ իրականացրած Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետեւողականորեն վարել են անհանդուրժողականության եւ ատելության քաղաքականություն, այդ թվում՝ հայերին սպանության համար դատապարտված ոճրագործների հրապարակային հերոսացման միջոցով, որոնք շարունակաբար ռազմական ագրեսիայի փորձեր են ձեռնարկել Արցախի դեմ, ուղղակի եւ անմիջական պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգությանը սպառնացող ռիսկերի ստեղծման համար: Նրանք եւս մեկ անգամ ցուցադրեցին իրենց մոտ հանձնառության բացակայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացող խաղաղ գործընթացին՝ ներկայիս բանակցային գործընթացը խաթարելու նպատակով գործի դնելով «համաժողովային առուծախի» իրենց փորձը»:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ամփոփել էր, որ մեր երկիրը վճռականորեն աջակցում է Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքները՝ ազատորեն որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը՝ առանց սահմանափակման եւ հարկադրանքի, ազատորեն ապահովել իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը, եւ որ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը: «Հայաստանը կոչ է անում Չմիավորման շարժման անդամ պետություններին ցուցադրել պատասխանատվություն եւ հարգանք բանակցությունների նկատմամբ եւ գործել խաղաղ գործընթացի ոգուն, տրամաբանությանը եւ ուղուն համահունչ՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, ՄԱԿ Կանոնադրության եւ Հելսինկյան Եզրափակիչ ակտի վրա, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման առանցքային սկզբունքներից մեկը հանդիսացող ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի վրա»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031