Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են հուշում Արթուր Վանեցյանի եւ Արայիկ Հարությունյանի «մտերմիկ» շփումները

Հոկտեմբեր 31,2019 14:30

«Այն պահից ի վեր, երբ արցախյան հարցերին նվազագույն պատշաճ խորությամբ անիրազեկ հեղափոխական իշխանությունը ձեռնամուխ է եղել Արցախի «անկախության» նոր թատերաշրջանի բեմադրմանը, հետպատերազմյան Արցախում թերեւս առաջին անգամ հաստատվել է խիստ անսովոր քաղաքական անորոշության մթնոլորտ»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը:

– Պարոն Քանանյան, Ձեր դիտարկումներով, ընտրություններին ընդառաջ ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում Արցախում: Շրջանառվող հիմնական թեկնածուների ներկապնակում պայքարը կզարգանա՞, թե՞ ֆորս-մաժորներ են հնարավոր:

– Ֆորս-մաժորային զարգացումները հնարավոր են միայն արտաքին ուժային միջամտության՝ Ադրբեջանի նախաձեռնած նոր պատերազմական արկածախնդրության դեպքում։ Մինչև հուլիս ամիսը ոմանք զգուշորեն կանխատեսում էին ներքին՝ ուղղորդված «հեղափոխական» ապակայունացման հնարավորությունը, Սամվել Բաբայանը սպառնում էր Ստեփանակերտի փողոցները հազարավոր մարդկանցով ողողել՝ Արցախի ընտրական օրենսգրքում՝ նրան թեկնածու առաջադրվելու իրավունք շնորհող փոփոխությունները չընդունելու դեպքում։

ֆորս-մաժորային տարբերակներից դուրս, արցախյան գործընթացները վերջնականապես տաղտկալիության ու քաղաքական բովանդակազրկության սահմանն են հատել։ Այն պահից ի վեր, երբ արցախյան հարցերին նվազագույն պատշաճ խորությամբ անիրազեկ հեղափոխական իշխանությունը ձեռնամուխ է եղել Արցախի «անկախության» նոր թատերաշրջանի բեմադրմանը, հետպատերազմյան Արցախում թերևս առաջին անգամ հաստատվել է խիստ անսովոր քաղաքական անորոշության մթնոլորտ։ Բակո Սահակյանին մեծահոգաբար թույլատրվել է պաշտոնավարել մինչև 2020 թվականի նախագահական ֊խորհրդարանական ընտրությունները։ Մինչև 2030 թվականը նախագահել վճռած Սահակյանի համար սա դառնագույն «նվեր» էր, որը նա խիստ հակասաբար է ընդունել։

2010 թվականից ի վեր Արցախում միակ ընդդիմադիր քաղաքական կառույցը՝ Հայկ Խանումյանի ղեկավարած «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, 2018 թվականի հունիսին փորձել է հեղափոխության ընթացքը տեղափոխել Ստեփանակերտ, բայց ապարդյուն… Ընդ որում, ձախողման հիմնական պատճառը ոչ այնքան Արցախում արագ հեղափոխական փոփոխություններին ձգտող քաղաքացիների սակավությունն էր, որքան՝ «Արցախի ներքին գործերի մեջ չմիջամտելու» պատրվակով սերժսարգսյանական մնացորդային տեղական վարչակազմին Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած անհարկի աջակցությունը։ ՀՀ նոր իշխանություններին անհեթեթաբար թվում էր, որ «անկախության» թատրոնն իսկապես կարող է թեթևացնել Երևանի բեռը բանակցային գործընթացում։ Նրանց թվում էր (ու թերևս այսօր էլ դեռ թվում է), որ Արցախում երևանյան նոր՝ «սպիտակ» իշխանության հետ ծագումնաբանական առնչություն չունեցող սև/գորշ արցախյան վերնախավի պահպանումը թույլ կտա ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափ «վերադարձնել» իբր Երևանից «անկախ» արցախյան կողմը, որն էլ պետք է իր վրա վերցնի «տարածքային զիջումների» պահանջը բնականորեն և անայլընտրանքաբար մերժելու հիմնական պատասխանատվությունը։ Այս իրավիճակից արագորեն որոշել է օգտվել հայաստանյան հեղափոխությամբ մեծապես անհանգստացած Ռուսաստանի Դաշնությունը, որի գործակալները սկսել են Ստեփանակերտ հաճախակի այցեր կատարել և սադրել իրավիճակը։ Բարեբախտաբար՝ ժամանակին, բայց դեռևս ոչ բավարար չափով ուշքի եկած պաշտոնական Երևանի աներևույթ միջամտությունները զգալիորեն կայունացրել են իրավիճակը։

– Հայաստանի իշխանությունների դերակատարումն, ըստ Ձեզ, որքանո՞վ է լինելու արցախյան ընտրություններում, թեկնածուներից ո՞ւմ դեմքով է «ներկայանալու» ՀՀ իշխանությունն ընտրություններում` Արայիկ Հարությունյա՞ն, ով համարվում է ՀՀ-ի հետհեղափոխական իշխանության դաշնակիցը, թե՞ Մասիս Մայիլյան, ում շուրջ կարծես կոնսոլիդացվում են հեղափոխությանն աջակից քաղհասարակության ներկայացուցիչները: Առաջադրվելու որոշման մասին է հայտարարել նաև Հայկ Խանումյանը։

– Պաշտոնական Երևանը շատ է կամենում արտաքին և ներքին լսարանին համոզել, որ նրանք ոչ մի դերակատարում չունեն և չեն ունենա։ Վտանգավոր իներցիոն կաղապարվածությամբ կամովին մտնելով «երկու հայկական պետությունների» անհեթեթ հայեցակարգի դաշտ՝ ՀՀ նոր իշխանություններն իսկապես էլ չէին կամենա միջամտել, այսօր էլ դեռ հույս են տածում, որ կհաջողվի գործնականում չմիջամտել… Բայց մի բան ակնհայտ է. եթե պաշտոնական Երևանն իր ունեցած օրինավոր իրավասությունների ու քաղաքականապես պարտավորեցնող պատասխանատվության շրջանակում ոչինչ չձեռնարկի, Արցախում նվազագույնս «ազատ» և «արդար» ընտրությունների մասին խոսելն իսկ ավելորդ կլինի։ Արցախում փոքր-ինչ չափով կազմաքանդված չէ ապապետական հիմունքների վրա գործող տեղական սերժսարգսյանական բազմատրոհ համակարգի ամենակենսունակ ու լավ կազմակերպված մերձքրեական ցանցը՝ ի դեմս «Ազատ Հայրենիք» կուսակցության և նրա առաջնորդ Արայիկ Հարությունյանի։ Հենվելով «հեղինակավոր» ազդեցիկ շրջանակների, տիրակորույս պետպաշտոնյաների և այլ պատեհապաշտների ստվար զանգվածի վրա՝ «վարչապետության» օրոք կուտակված ահռելի ֆինանսական միջոցների անխնա մսխմամբ արդեն մեկ տարուց ավելի ցուցամոլական քարոզարշավ իրականացնող Արայիկ Հարությունյանի իշխանատենչ ոտնձգությունները զրոյացնում են «արդար» ու «հավասար դիրքերից» ընտրությունների անցկացման նախադրյալները։ Եթե պաշտոնական Երևանը նվազագույն իսկ չափով հարգում և լուրջ է վերաբերվում՝ Արցախում արդար ընտրություններ երաշխավորելու իր խոստմանը, ապա առանց հապաղման պետք է վեր հանվեն ու քրեական մի շարք գործերի հիմք դառնան Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ տնտեսական չարաշահումների վերաբերյալ հանրահայտ և քննությամբ պարզվելիք դրվագները։ Ձեր հարցը ձևակերպելիս հիշատակեցիք հասարակության մեջ անարհեստավարժ քարոզչական ջանքերով ներարկվող այն պնդումը, թե Արայիկ Հարությունյանը ՀՀ ներկայիս իշխանությունների դաշնակիցն է։ Զավեշտալի է, որ ՀՀ այժմյան վարչախմբի բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ, իրոք, թերևս սոսկ անզգուշորեն, պարբերաբար նկատվում են Արայիկ Հարությունյանի հետ «մտերմիկ» շփումներում։ Այդպիսիներից էր, օրինակ, այժմ արդեն պաշտոնանկ Արթուր Վանեցյանը…

Մասիս Մայիլյանը 1993-2007 թվականներին եւ 2016 թվականից ցայսօր Արցախում պատասխանատու պետական պաշտոն զբաղեցրած եզակի գործիչներից է, որը ոչ միայն լիովին անհաղորդ է մնացել համակարգային կոռուպցիային, այլեւ մշտապես աչքի է ընկել մարդկային պարկեշտությամբ, համեստությամբ եւ պետական մտածողությամբ։ Մասիս Մայիլյանը հարգված եւ սիրված գործիչ է։ Ինքս պատիվ եմ ունեցել մասնակցելու 2007 թվականի նրա նախագահական ընտրարշավին։ Հավանական է, որ նախընտրական զարգացումների հաջորդական փուլերից մեկում նա դառնա հավասարակշռված քաղաքական փոփոխություններին ձգտող քաղաքացիական զանգվածի և ներարցախյան քաղաքական «համերաշխության» լայն համաձայնության առանցքային թեկնածու։

Ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունն, ինչպես նշեցիք, հայտարարել է, որ նախագահի թեկնածու է առաջադրելու կուսակցության նախագահ Հայկ Խանումյանին, որը Բակո Սահակյանի ավտորիտար կառավարման խավար տարիներին՝ միայնակ, ապա նվիրյալ նեղթիմային քաղաքական պայքարի՝ դասագրքերում զետեղվելուն արժանի օրինակելի մաքառմամբ, ի հեճուկս շարունակական քաղաքական ճնշումների և իր անձի դեմ բռնության, կարողացել է ստեղծել խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր քաղաքական կուսակցություն։

Սական բոլորս՝ Երևանում և Արցախում, պետք է հասկանանք և համեստորեն ընդունենք, որ Արցախի «նախագահական» ընտրությունները բուն ազգային-պետական օրակարգից դուրս՝ լավ կամ վատ, ազնիվ կամ սրիկա մարզային վարչարարի տեղական նշանակության ընտրություններն են։ Արցախում բուն և միակ օրակարգը Միացման ամբողջացումն է։

– Արցախի գործող իշխանությունների հավակնությունները ինչպե՞ս են դրսեւորվելու առաջիկա ընտրություններում: Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները ազդեցություններ ունե՞ն արցախյան ներքաղաքական գործընթացների վրա, ի՞նչ արդյունք կտան դրանք:

– Երկուսն էլ՝ Սերժ Սարգսյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ ունեն ռևանշիստական անհեռանկար հույսերով ապրող, բայց և միմյանցից որոշակիորեն զատորոշված աջակիցների զանգված։ Ընտրական գործընթացի շրջանակում այդ զանգվածը որոշակի ոչ էական դեր կունենա այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանի հրահանգով սահակյանամերձ «ուժայիններից»՝ Վիտալի Բալասանյանը, Արշավիր Ղարամյանը կամ համանման մեկն անձամբ կներքաշվի նախընտրական պայքարի մեջ։ Անխոնջ ջանքերով կատարյալ խեղկատակի կարգավիճակում հայտնված Բալասանյանից այս քայլն ավելի սպասելի է, քան զգալիորեն առավել աչալուրջ և իրականությունից նվազ չափով կտրված Արշավիր Ղարամյանի պարագայում։ Ամեն դեպքում, «նաղդ» հաշվարկով առաջնորդվող տարաստիճան իշխանավորներն ու ազդեցիկ մերձքրեական շրջանակները գեթ այս պահի դրությամբ կողմնորոշված են «Ազատ Հայրենիքի» օգտին։ Եթե մինչև ընտրությունները Երևանում ֆորսմաժորային բնույթի շատ քիչ հավանական արմատական փոփոխությունները տեղի չունենան, Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի միջամտությունը նախընտրական գործընթացների վրա վճռորոշ ազդեցություն չի ունենա։

– Սամվել Բաբայանի գործոնն ու դերակատարումն ինչպե՞ս կգնահատեք, մանավանդ, որ խոսակցություններ եղան, թե վերջինս ակտիվ գործունեություն է սկսել ծավալել Արցախում` ռուսական զինվորական շրջանակների հետ համագործակցելով, իսկ Սամվել Բաբայանն էլ խոսեց հարցի կարգավորման մասին, այսպես ասած, ռուսական մանդատի ներքո:

– Սամվել Բաբայանը ոչ միայն հրապարակավ չի հրաժարվել պետական դավաճանության հանցակազմ պարունակող «ռուսական մանդատի» մասին իր հայտարարություններից, այլև չի բարեհաճել հերքել հավանական ենթադրությամբ կրեմլյան հայտնի սադրիչ-գործակալ Մոդեստ Կոլերովի շարադրած և Բաբայանի ստորագրությամբ հրապարակված «կարգավորման» նախագիծը, որի համեմատ տխրահռչակ և իսպառ մերժելի «Մադրիդյան սկզբունքներն» իսկ աչքի կընկնեին հարաբերական հայանպաստությամբ։ Արդեն ասացի, որ Սամվել Բաբայանը սպառնում էր այս ամռանը բազմահազարանոց ցույցեր կազմակերպել, իսկ այժմ խոսվում է սոսկ նրա անունից հանդես գալիք ինչ-որ կուսակցություն հիմնելու մտադրության մասին… Ամենևին չեմ բացառում, որ ընտրությունների մոտենալուն պես նա իր ազդեցության գործակալներին հրահանգի ոչ հրապարակայնորեն աշխատել Արայիկ Հարությունյանի օգտին։

– «Սասնա ծռերի» գործունեությանը, նրանց քաղաքական հավակնություններին, Արցախը Հայաստանի մարզ հայտարարելու գործընթացն ինչպե՞ս եք գնահատում:

– Թույլ տվեք սահմանափակվել՝ ձեր հարցի երկրորդ հատվածին պատասխանելով։ Այստեղ ոչ մի «հավակնություն» չկա. կա քաղաքական և իրավական աներկբա և անվիճարկելի իրողության ամրագրում: Արցախը 1989թ. դեկտեմբերի 1-ի Միացման որոշմամբ և ՀՀ բոլոր սահմանադրությունների հիմքում ընկած՝ բարձրագույնս և անժամանցելիորեն պարտավորեցնող1990թ. Անկախության Հռչակագրի ուժով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի անքակտելի մասն է։ 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակումը և նույն թվականի դեկտեմբերի 10-ին կայացած «անկախության հանրաքվեն»՝ ԽՍՀՄ միութենական հանրապետությունների ինքնորոշման մասին, 1990թ. օրենքին համապատասխանելու անիմաստ փորձեր էին, որոնք հապճեպորեն թելադրվել են պաշտոնական Երևանի կողմից և որևէ դեպքում չեն կարող մեկնաբանվել, որպես Արցախի անկախացում Հայաստանի Հանրապետությունից։ Ընդ որում, «Արցախի քաղաքացիներ» իրավական հասկացությունը գոյություն չունի. գոյություն ունեն արցախաբնակ ՀՀ քաղաքացիներ, որոնք հայ և Հայաստանի ժողովրդի անբաժան մաս են, անգամ եթե ՀՀ նոր իշխանությունը նախորդների պես շարունակում է ոտնահարել նրանց՝ ՀՀ բարձրագույն իշխանությունը համապետական ընտրություններին մասնակցելու միջոցով ձևավորելու սահմանադրական իրավունքը…

– Շատ քննարկվեց-քննադատվեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը`«Արցախը Հայաստան է, եւ վերջ»: Մինչ այդ էլ պարոն Փաշինյանը խոսել էր Արցախի`բանակցային սեղան վերադառնալու մասին, համանախագահների քննադատությունից հետո այդ թեզն էլ չի շրջանառվում, ապա պարոն Փաշինյանը հայտարարեց, որ ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, ով գտնում է, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի համար, անուղղակիորեն Հայաստանին նաեւ հակամարտության կողմ հռչակելով: Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը Արցախի հարցում ինչպե՞ս եք գնահատում, բանակցային ի՞նչ կետում ենք կամ ի՞նչ հնարավորություններ ունենք` Ադրբեջանի չդադարող ագրեսիայի ֆոնին:

– Ստեփանակերտի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վե՛րջ» հնչած ազգալդյանական հաստատումը սոսկ պոպուլիստական բնույթ չի ունեցել՝ որչափ էլ հակառակն ապացուցելու ճիգ գործի լիովին «նալբանդյանական» մնացած ՀՀ ԱԳՆ համակարգը։ ՀՀ վարչապետը կարծես թե սեփական տհաճ ու անսպասելի փորձով համոզվել է, որ Արցախի «անկախության» թատրոնը ոչ միայն ի զորու չէ թեթևացնել ու ամրապնդել Հայաստանի բանակցային դիրքերը, այլև մեծապես վտանգավոր է ՀՀ ազգային անվտանգության և իր իսկ կառավարության համար։ Այլապես նա իր հանրահավաքային ելույթի սկզբում չէր վկայակոչի Արցախի՝ Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս լինելու պետականադիր հիմնարար իրավական ակտերը։ Բայց, ինչպես նախկին ռեժիմին քաղաքական գնահատական տալու, կուսակցությունների մասին նոր օրենք ընդունելու և ըստ այնմ օլիգարխիկ կուսակցությունները կազմալուծելու, անցումային արդարադատություն կամ վեթթինգն իրականացնելու չկայացած հավաստիացումներում, այնպես էլ արցախյան հայեցակարգի հարցում նա դեռ չի կարողանում դրսևորել պատշաճ քաղաքական սկզբունքայնություն և համարձակություն՝ դրանով իսկ սասանելով ոչ միայն Հայաստանի ազգային անվտանգությունը, այլև իր իսկ իշխանությունը: Միացման հայեցակարգը՝ տարածքային զիջումների անհնարինության մասին դիրքորոշման պես վաղուց ի վեր և անշրջելիորեն հաղթանակած է հայաստանյան հանրային դիսկուրսում։ Այն ոչ շատ հեռավոր ապագայում անխուսափելիորեն ինքնապարտադրվելու է որպէս ՀՀ պաշտոնական պետականադիր օրակարգ։ Պարզապես, ցանկալի է, որ այս ճանապարհին մենք անհարկի շատ տեղում չդոփենք:

 

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
31.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031