Լիբանանի Համազգային «Գասպար Իփէկյան» թատերախմբի ռեժիսոր Հակոբ Տեր-Ղուկասյանը, որը օրերս Գյումրիում էր․ Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանների մասնակցությամբ բեմադրել էր մեկ տարի առաջ կյանքից հեռացած լիբանանահայ թատերագիր Արա Արծրունու «Բարի լույս, պարոն Մատթեոս» ստեղծագործությունը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ թատրոնը Բեյրութում պահելու խնդիր կա։
«Մեզ շատ դժվար է այսօր օրերում՝ տնտեսական, ընկերային այս բարդ իրավիճակում թատրոնը պահելը։ Եվ ամեն տարի մեկ ելույթ կամ երկու տարբեր ելույթներ ունենք։ Մենք այստեղի պես չենք․ մեր ելույթներն ընդհանրապես իրար հետևից ենք խաղում չորս օր՝ հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ, կիրակի։ Տարի կա, որ երկու տարբեր պիեսներ ենք խաղում, տարի կա՝ մեկ պիես է, և ընդհանրապես հայրենիքից խումբ ենք հրավիրում ՝ կամ Գյումրիից, կամ համազգային թատրոնից, որ գան ու ելույթներ ունենան Բեյրութի մեջ։ Հիմա փորձում ենք ավելի աշխուժացնել, բայց ներկա տնտեսական և ընկերային պայմաններում շատ դժվար է։ Բայց տակավին կանք և կշարունակենք, ու փորձում ենք այնպես անել, որ դահլիճը լեցուն լինի, երբ որ խմբերը իրենց ելույթներով են գալիս», -ասաց Հակոբ Տեր Ղուկասյանը։
Ռեժիսորը նշեց, որ «Գասպար Իփէկյան» թատերախումբը երկու տարի է՝ համագործակցում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հետ, երկու անգամ Գյումրիում բեմադրություններ են ներկայացրել, իսկ այս տարի առաջարկ է եղել գալ Գյումրի, մնալ ու բեմադրություն անել Գյումրու թատրոնի դերասանների հետ։
Կարդացեք նաև
25 օրվա ընթացքում են պատրաստել «Բարի լույս, պարոն Մատթեոս» ներկայացումը։ Նա նշում է, որ Գինեսի ռեկորդների գրքում պիտի գրվի իրենց նախապատրաստական աշխատանքների մասին․ տեքստը նախապես ուղարկել էր, Գյումրի է եկել օգոստոսի 3-ին, իսկ 28-ին արդեն Բեյրութ է վերադարձել։
Գյումրեցի դերասաններից ընտրել է երեքին, նրանց հետ ռեժիսորը ծանոթացել էր Լիբանանում ունեցած հյուրախաղերից։ 40-ամյա Ջորջին մարմնավորում էր երիտասարդ դերասան Արսեն Սաղաթելյանը, 30-ամյա Սառային՝ Ջեմմա Ադամյանը, իսկ կայարանապետին՝ պարոն Մատթեոսին՝ Հովհաննես Հովհաննիսյանը։ Սյուժեն զարգանում է կայարանում, որտեղ իրար են հանդիպում առաջին իսկ շարժվող գնացք նստելու պատրաստակամ Ջորջը, որն իրեն հանձնում է ճակատագրին, իր համար միևնույնն է, թե ուր կտանի իրեն գնացքը, և հեղափոխական Սառան, որը հաստատակամորեն որոշել է մեկնել հյուսիս -արևմուտք։
Հակոբ Տեր Ղուկասյանը «Բարի լույս, պարոն Մատթեոս» ստեղծագործությունը մեկնաբանում է այսպես․ « Մարդիկ կան, որոնք ասում են ճակատագիր կա, դիպվածներ կան, որոնցով կուղղորդվի կյանքը, բայց մարդիկ էլ կան, որոնք ասում են՝ ո՛չ, ես եմ իմ կյանքի տերը, ես եմ որոշում ինչպես պիտի լինի, դիպված կամ ճակատագիր գոյություն չունի։Այս երկու գաղափարների բախումն է, որ Արան արտահայտել է տեքստի մեջ»։
Ռեժիսորը նշում է, որ սկզբում մի քիչ դժվար էր աշխատել Գյումրու թատրոնի դերասանների հետ։ «Առաջին շաբաթը մի քիչ դժվար էր, բայց հետո հմտացանք, որովհետև տարբեր դպրոցներ են՝ իմ բեմական դպրոցը մի քիչ տարբերվում է այստեղի բեմադրիչների բեմական դպրոցից, դերասանները ըմբռնեցին ինչ եմ ուզում, ինչն է պահանջված, աշխատաոճը»,-ասում ռեժիսորը։
Ներկայացումն արևմտահայերենով է, սկզբում մտավախություն է եղել լեզվական խնդրի հաղթահարման։
«Սկզբում՝ գրեթե երկու շաբաթ դժվարություններ ունեցանք, դժվարություններ կային բառերը հասկանալու, բայց բացատրվեց ու հաղթահարեցինք», -ասաց ռեժիսորը։
Նա չի բացառում, որ պրեմերիաներից հետո դերասանները խաղան արևելահայերենով, այս դեպքում, միգուցե ավելի լավ ընկալվի տեքստի իմաստը, քանի որ փիլիսոփայական մտքեր կան ստեղծագործության մեջ։
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնն առաջիկայում ևս պատրաստվում է հյուրախաղերով մեկնել Բեյրութ՝ մի քանի ներկայացումներով, որոնց մեկը «Բարի լույս, պարոն Մատթեոս»-ն է։
Կներկայացվի Թումանյանի հինգ հեքիաթների՝ «Բարեկենդանի», «Անխելք մարդու», «Անբան Հուռիի», «Կիկոսի մահի» և «Սուտլիկ որսկանի» հիման վրա բեմականացված «Հե՜յ, ջան, Շաշաստան» երաժշտական հեքիաթ-ներկայացումը, որը բեմադրված է խաղ-թամաշա սկզբունքով ու որտեղ գերիշխում է ազգային երգը, պարը և ծիսական խաղերը, պատանի հանդիսատեսի համար նախատեսված «Երեք խոզուկները»-և նաև «Փարիզը վտանգավոր քաղաք է» կոմեդիան։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ