«Հոկտեմբերի 27-ի» զոհերից Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը տեղեկություններ չունի, որ ահաբեկիչները զենքը ԱԺ են մտցրել պատգամավորներից մեկի ծառայողական մեքենայով:
«Չգիտեմ՝ ինչ մեքենայով է, հնարավոր է մեքենայով լինի, հնարավոր է պատգամավորը իր հետ բերած լինի, բայց որ պատգամավոր է, կարծում եմ՝ կարող է գոյություն ունենալ այդ վարկածը , համապատասխանում է քրեական գործի իմ փաստացի տվյալներին, որոնք, Աստված տա, մի օր գործը վերաբացվի, ներկայացնեմ: Մեքենայով է, թե ինչով է, ես պնդել եմ ու դատաքննության ժամանակ հիմնավորել եմ, որ զենքը եղել է Աժ-ում, համենայնդեպս, որովհետեւ դատաքննության ընթացքում մանրամասն հարցաքննելով ահաբեկիչների պարագլխին՝ դատավարության կողմերն էլ հասկացան, որ այն ձեւով, ինչպես նկարագրում են, որ մտել ու զենքերը հանել են իրենց վրայից, քրեական գործի տվյալներով իրականությանը չի համապատասխանում: Դու կարող ես ասել՝ այդ ժամանակ արբանյակ, ինքնաթիռ իջավ, այդ նույն տրամաբանությամբ պատճառաբանում են՝ այսպես է եղել, բայց երբ մանրակրկիտ հարցաքննում ես, այլ բան է, ես դատարանում հիմնավորել եմ, որ զենքերը եղել են ԱԺ–ում, թե որտեղ են եղել, ես իմ կարծիքն ունեմ, երբ գործը վերաբացվի, ես ամեն ինչ կներկայացնեմ»,- Aravot.am-ին ասաց Աշոտ Սարգսյանը:
Նա նաեւ խորհուրդ տվեց «Հոկտեմբերի 27-ի» գործի մասին խոսել քրեական գործի նյութերը կարդացած անձինք. «Եթե այդ բոլոր հատորները չեն կարդացել, չեն ուսումնասիրել չեմ կարող նրանց ասածները մեկնաբանել, եթե Վահան Շիրխանյանը կարդացել է, ուրեմն մի բան հասկացել է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ