ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը
Հոկտեմբերի 30-ին ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դահլիճում ավարտական վկայականներ է հանձնել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 4-րդ հոսքի շրջանավարտներին։
Շուրջ 60 շրջանավարտներ նախորդող ամիսների ընթացքում ունկնդրել են 40-ից ավելի բանախոսություններ քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, ինչպես նաեւ հմտությունների զարգացման թեմաներով։
2016 թվականին հիմնադրված՝ ՀՀ-ում առաջին կուսակցական քաղաքական դպրոցն ունի շուրջ 400 շրջանավարտ, որոնք տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են կամ անկուսակցականներ։ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում ստացած գիտելիքները և հմտությունները նրանք օգտագործում են իրենց գործունեության ամենատարբեր բնագավառներում, այդ թվում՝ հասարակական-քաղաքական դաշտում:
Կարդացեք նաև
Վկայականները հանձնելուց հետո նախագահ Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ քաղաքական դպրոցն ավարտելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ. «Վստահ եմ, որ դուք այստեղ ձեռք բերած ձեր գիտելիքները տարբեր կուսակցություններում, ինչո՞ւ ոչ՝ նաև հասարակական կազմակերպություններում կօգտագործեք ի բարօրություն մեր երկր
Հայաստանը միշտ էլ, հիմա առավել ևս, կարիք ունի խելացի, մասնագիտական լավ ունակություններ ունեցող, ճիշտ և ժամանակին որոշումներ կայացնող և որ ամենակարևորն է՝ իր հայրենիքն անսահման սիրող մարդկանց: Մեր հայրենիքի առջև այսօր բազմաթիվ խնդիրներ են ծառացել, և ես վստահ եմ, որ դուք անկեղծորեն կլծվեք այդ խնդիրների լուծման գործին: Հավատացեք, որ այդ խնդիրների լուծումը պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուրն իր ոլորտում, իրեն վստահված բնագավառում կարողանա կատարել իր առջև դրված խնդիրները: Սա է կարևորը»,- միջոցառման բացման խոսքում ասել է Սերժ Սարգսյանը, ընդգծելով, որ լավ տոն և ճիշտ մոտեցում չէ, երբ իրենց աշխատանքը պատշաճ չկատարողները՝ վերևում կառավարողները լինեն, թե միջին ու ստորին օղակի պաշտոնյաները, ֆունկցիոներները, մեղքը գցում են միմյանց վրա կամ ժողովրդի,- «Մեզնից որևէ մեկն իր վարքը և իր գործունեությունը չպետք է պայմանավորի այլոց վարքով, այլոց գործունեությամբ: Եթե իրոք ուզում ենք ծառայել մեր երկրին՝ մենք պետք է ունենանք մեր սկզբունքները, մեր մոտեցումները, և դրանք պետք է կարողանանք իրագործել»:
«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հինգերորդ հոսքի ընդունելության մեկնարկը կտրվի նոյեմբերի 1-ին։
Միջոցառման ավարտին շրջանավարտներից մեկի հարցին, թե չի՞ վախենում նախագահը, որ մի օր էլ երկրում ապօրինությունների շղթան կհասնի իրեն և իրեն էլ կձերբակալեն՝ նկատի առնելով, որ երկրում գնալով շատանում են քաղաքական հետապնդումները, ապօրինի ձերբակալությունները, ընդդիմադիր գործիչների և լրատվամիջոցների դեմ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ այսքան զրպարտություններից հետո ինչի՞ վրա պետք է զարմանա.
«Ինչպես հայտնի է` ոչ մի բանից չի վախենում միայն կատարյալ հիմարը: Ես 1988-ից հետո, իրոք, վախեցել եմ `վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը` Լեռնային Ղարաբաղը, ինչը, իհարկե, շատ մեծ ու իրական վտանգ կբերեր մեր հայրենիքի մնացած ու վերջին մասի համար: Բայց հազարավոր, տասնյակ հազարավոր նվիրյալների հետ միասին նայելով այդ վախի աչքերի մեջ՝ մենք կարողացել ենք հաղթահարել այդ վախը՝ պատերազմի ձեզ հայտնի արդյունքներով:
Հիմա ես վախենո՞ւմ եմ, թե՞ չեմ վախենում: Հիմա էլ եմ վախենում. վախենում եմ անպատասխանատու պոպուլիստների` մեր հայրենիքի համար կործանանար քաղաքականությունից: Իմ անձի հետ կապված վախենալու որևէ բան չունեմ: Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը կհամարվեն ամբողջովին բացահայտված, եթե ինձ ձերբակալելով մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, եթե ինձ ձերբակալելով Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, ապա թող ձերբակալեն: Գիտեք, ինչպես ասացի, միայն կատարյալ հիմարը չի վախենում ոչ մի բանից: Իմ կարծիքով՝ վախկոտ են համարվում այն մարդիկ, ովքեր ինչ-որ ազդեցությունների հետևանքով հաճախ փոխում են իրենց որոշումները: Ես որոշում փոխող չեմ, երբեք չեմ փոխել իմ որոշումը: Եթե իմ բացակայությունը հասարակությունից կնպաստի, որ տնտեսական հեղափոխությունը շատ մեծ թափ ստանա և հայրենադարձների հոսքն այնքան մեծանա Հայաստան, որ մենք դրանով ուղղակի հպարտանանք, թող ձերբակալեն: Ավելին չեմ ուզում ասել, որովհետև, ինչպես հայտնի է, ես խոստացել եմ պարզ ու անկեղծ զրույց ունենալ մեր քաղաքացիների հետ, և դրա ժամկետը մոտենում է»,-ասել է ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: