Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւս մեկ որոշում է կայացրել ընդդեմ Հայաստանի հանրապետության: Որոշումը վերաբերում է պետական կարիքների համար հանրային գերակա շահի զոհերին:
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել հօգուտ ամուսիններ Վերսանդիկ Հակոբյանի եւ Հեղինե Ամիրխանյանի: Վերսանդիկ Հակոբյանը 2007-2012 թվականներին ԲՀԿ խմբակցության պատգամավոր է եղել, նա նաեւ «Երեւանի շամպայն-գինիների գործարանի» սեփականատերերից է:
Ըստ ՄԻԵԴ հրապարակած որոշման, ամուսիններին սեփականության իրավունքով պատկանող Երեւան քաղաքում (Աբովյան փողոցի սկզբնամասում, Հյուսիսային պողոտայի հարեւանությամբ) տունը՝ 124.52 քմ, եւ հողատարածքը՝222 քմ, 2005 –ին որպես հանրային գերակա շահ օտարվել է: Դիմումատուներն՝ ամուսիններն այդ գույքը գնել են 2001 թվականին 84,466.500 դրամով, սակայն նրանց կառավարությունը փոխհատուցում է առաջարկել ընդամենը 55-60 միլիոն դրամ: Ամուսինները չեն համաձայնել իրենց գույքի օտարման դիմաց առաջարկվող փոխհատուցման գումարի չափի հետ, բողոքել են սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքը սխալ գնահատելու եւ փոխհատուցման ցածր գումար առաջարկելու կառավարության որոշման դեմ: 2006-ին նրանց գույքն օտարվել է, սպառելով ներպետական ատյանները, սեփականատերերը բողոք են ներկայացրել ՄԻԵԴ, հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին՝ խախտվել է իրենց արդար դատաքննության իրավունքը, եւ թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածին՝ խախտվել է սեփականության պաշտպանության իրավունքը։
Ըստ ՄԻԵԴ հրապարակած որոշման, եվրոպական դատարանը քննելով բողոքները, որոնք վերաբերում են Հայաստանի դեմ մի շարք այլ գործերով ներպետական օրենսդրության նույն դրույթների կիրառմանը, որոշել է՝ գույքի օտարման գործընթացն ապօրինի է եղել եւ հաշվի առնելով այդ ամենը, ՄԻԵԴ-ը որոշել է՝ ՀՀ-ն պարտավոր է դիմումատուներին վճարել, ընդհանուր առմամբ, 259 հազար եվրո, որից՝ 250 հազարը՝ պատճառված նյութական վնասի համար, 6 հազար եվրո՝ ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցման համար, 3 հազար եվրո՝ դատական ծախսերի։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ