Հարց. Լիբանանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ որո՞նք են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ելակետային մոտեցումները։
Պատասխան. Լիբանանը բարեկամ երկիր է, որի հետ Հայաստանը կապված է ջերմ և բազմաշերտ կապերով, և մենք լիահույս ենք, որ ներքաղաքական այս գործընթացներում կգտնվեն լավագույն ելքերն ու լուծումները՝ ի շահ Լիբանանի Հանրապետության հետագա կայունության ու բարգավաճման և ի բարօրություն Լիբանանի եղբայրական ժողովրդի։
Լիբանանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների ողջ ընթացքում Բեյրութում ՀՀ դեսպանությունը գործում է արտակարգ ռեժիմով և մեկն է այն դեսպանություններից, որի հյուպատոսական բաժինը այս ողջ ժամանակահատվածում շարունակել է ընդունելությունները և շուրջօրյա ծառայությունները ՀՀ քաղաքացիներին։
Ինչպես գիտեք, մեր դեսպանությունը հայտարարությամբ դիմել է ժամանակավորապես Լիբանան այցելած ՀՀ քաղաքացիներին՝ հորդորելով հեռու մնալ կուտակումներից և մարդաշատ վայրեր այցելելուց։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է լիբանանահայ համայնքին, ապա այն սահմանադրորեն է ներկայացված երկրի պետական կառուցներում և Լիբանանի ներքաղաքական գործընթացներին առնչվում է իբրև երկրի քաղաքական կյանքի բնականոն մասնակից և դերակատար։
Բեյրութում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է ինչպես համայնքային կառույցների ղեկավարների, այնպես էլ Լիբանանի իշխանությունների համապատասխան ներկայացուցիչների հետ։
ՀՀ ԱԳՆ