Ի՞նչ քաղաքական եւ իրավական հետեւանքներ կունենա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձեւի ընդունումը`Aravot.am-ի հարցին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը պատասխանեց. «Բանաձեւի տեքստն իր մեջ պարունակում է կոչ եւ հետեւողականություն: Ընդհանուր առմամբ, ցեղասպանության դատապարտման առումով, ինքը կարեւոր քայլ է համարվում: Հետեւանքների առումով, բնականաբար, երբ ԱՄՆ-ը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա չի կարող միջազգային հարաբերությունների եւ Թուրքիայի տեսանկյունից, մնալ ուղղակի թղթի վրա, այն առումով, որ միջազգային ճանաչման ընդհանուր համատեքստում, սա շղթայի կարեւորագույն օղակներից մեկն է»:
Մեր զրուցակիցը, սա իսկապես պատմական որոշում է համարում, որը բազմաթիվ մարդկանց տարիների աշխատանքի արդյունք է: Կարծում է, որ բանաձեւի ընդունումը մեծ նշանակություն ունի թե հայ-ամերիկյան, թե հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին:
Բանաձեւն ընդունել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը: Իշխող խմբակցության պատգամավորից հետաքրքրվեցինք`ի՞նչ կանխատեսումներ ունի, Սենատում ի՞նչ արձագանք կստանա բանաձեւը: «Ես կարծում եմ, որ դա շարունակություն կունենա եւ հետագա գործընթացները կհաջորդեն ճանաչման այս կարեւոր գործողությանը»,- պատասխանեց Տաթեւիկ Հայրապետյանը:
Նկատի ունենալով անցյալի դառը փորձը, երբ հայկական հարցը մահակի դեր էր կատարում, աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումներում կա՞ «մանրադրամ դառնալու» մտավախությունը`հարցին էլ մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Ընդհանրապես, միջազգային հարաբերություններում եւ համաշխարհային քաղաքականության կոնտեքստում, բավականին դժվար է պայքարել արդարության եւ արդարության վերականգնման համար: Բնականաբար, տեսանկյունները կարող են տարբեր լինել, բայց ես կարծում եմ`մենք պետք է մեզ համար կարեւորագույն հարցերը կարողանանք նաեւ ճիշտ պահին, պատեհ ձեւով ներկայացնել: Ընդհանրապես, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, համարում ենք ցեղասպանությունների կանխարգելման գործընթացում կարեւոր քայլ: Մենք անցյալը փոխել չենք կարող, բայց անցյալին պատշաճ գնահատականներ տալը, հետագայում, դրա հետ առնչվող պատասխանատվությունների սահմանումը կարեւոր քայլ է`ապագայում նման ողբերգությունները կանխելու գործընթացում»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը թե այս պահին, թե ընդհանրապես, չի կարծում, թե ունենք «թույլ կետեր», որտեղ կարող ենք կորցնել`ի հաշիվ այս բանաձեւի:
Հետաքրքրվեցինք`այս զարգացումների ֆոնին փոխկապակցվածություն տեսնո՞ւմ է ՌԴ պաշտպանության նախարարի`երեկ ՀՀ կատարած այցի եւ ՌԴ ԱԳ նախարարի սպասվելիք այցի հետ, հնարավո՞ր են աշխարհաքաղաքական պայմանավորվածություններ, որոնք այս այցերի ընթացքում պարզապես հրամցվում են Հայաստանին: «Հաշվի առնելով ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների յուրահատկությունը, ռազմավարական բնույթը, այս այցերը լինելու են շարունակական: Իհարկե, միջազգային հարաբերություններն ազդում են գործընկերային հարաբերությունների, քննարկումների, դրանց բնույթի վրա, բայց այս պահին, մենք մի քանի ուղղություններով ընդհանուր գործընկերային հարաբերությունների թարմացում ենք անում, նաեւ ՌԴ-ի հետ հարաբերություններում եւ այդ այցերն ու շփումների ակտիվացումը պետք է դիտել այդ համատեքստում: Արտաքին քաղաքականության առումով, մենք պետք է դուրս գանք այն հոգեվիճակից, թե մենք փոքր պետություն ենք եւ մեզ վրա շարունակ ինչ-որ ճնշումներ են գործադրվում: Այո, մենք փոքր պետություն ենք, բայց մենք ունենք հստակ արժեհամակարգ, մեր առջեւ դրված խնդիրները, մեր պետական շահերը եւ, ի վերջո, մենք տարածաշրջանում այն պետությունն ենք, ով պատերազմից հետո շարունակում է պահպանել պատերազմում ձեռք բերած արդյունքները, շարունակում է հանդես գալ Արցախի մեր հայրենակիցների միակ երաշխավոր եւ այդ քաղաքականությունը լինելու է շարունակական»:
Հետագա զարգացումները, մեր զրուցակցի հավաստմամբ, հնարավորություն են տալու շատ ավելի հավակնոտ դիրքերից հանդես գալ, ինչի ուղղությամբ էլ իրենք աշխատում են:
Նա պնդում է, որ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Իրանի եւ աշխարհաքաղաքական մյուս կենտրոնների հետ ՀՀ-ի հարաբերությունները թույլ են տալիս «ուղիղ մեջքով» կանգնելու եւ հավասարը-հավասարի հետ խոսելու:
Զրույցի այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ