Լրահոս
Օրվա լրահոսը

Դիահերձարանի նախկին տնօրենը բողոքարկել է մրցույթի արդյունքները․ Շիրակի մարզպետից դեռ պատասխան չի ստացել

Հոկտեմբեր 30,2019 17:27

7 տարի շարունակ «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Շահբազյանը բողոքարկել է հոկտեմբերի 22-ին Շիրակի մարզպետարանում այս հիմնարկի տնօրենի պաշտոնի թափուր հաստիքի համար անցկացված մրցույթի արդյունքները։

Մրցույթին մասնակցել են երեք թեկնածուներ՝ Արշակ Ալեքսանյանը, որն առաջին փուլից դուրս է մնացել, Աշոտ Շահբազյանն ու Գագիկ Մարկոսյանը։ Հաղթող է ճանաչվել Գագիկ Մարկոսյանը, որը Սիսանում աշխատել է դատաբժիշկ, որոշակի աշխատանքային փորձ ունի նաև Գյումրու «Էնրիկո Մատտեի» անվան պոլիկլինիկայում։

Աշոտ Շահբազյանը, համաձայն չլինելով ստեղծված հանձնաժողովի՝ իր գնահատման արդյունքներին (նա չի անցել երկրորդ՝ բանավոր փուլը) մեկ ժամվա ընթացքում գրավոր բողոք է ներկայացրել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին՝ խնդրելով կազմել նոր հանձնաժողով ու իր հարցի քննարկման ժամանակ մասնակից դարձնել նաև իրեն։

Սակայն, ըստ Աշոտ Շահբազյանի, մինչև օրս պաշտոնական պատասխան չի ստացել․ հարցը պիտի քննարկվեր հնգօրյա ժամկետում։

Նա երեկ գրավոր հարցում է ներկայացրել մարզպետին՝ հետաքրքրվելով, թե հինգ օրվա ընթացքում ձևավորվող հանձնաժողովը եկա՞վ, չեկա՞վ, ինչո՞ւ իրեն չեն հրավիրել։

Նա գրավոր հարցման մեջ նշել է․ «2019 թվականի հոկտեմբերի 22-ին իմ կողմից բողոքարկվել է նույն օրը Շիրակի մարզպետարանում «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցութային հանձնաժողովի կողմից իմ պատասխանների գնահատման արդյունքները՝ բողոքի քննարկմանը ինձ մասնակից դարձնելու խնդրանքով։ Մինչ օրս որևէ պատասխան և բողոքի քննարկմանը մասնակցելու հրավեր չեմ ստացել։

Խնդրում եմ հանձնարարել սեղմ ժամկետում ինձ գրավոր հայտնել, թե ի՞նչ ընթացքի մեջ է իմ կողմից ներկայացված բողոքը»։

Ըստ Աշոտ Շահբազյանի, մրցույթն անցկացվել է կոպիտ խախտումներով․ հանձնաժողովի 7 անդամները բացառապես մարզպետարանի աշխատակիցներ են եղել, մինչդեռ, ըստ ՀՀ կառավարության 07․07․ 2011 թվականի թիվ 992 N որոշման ընդհանուր դրույթների 1-ին գլխի 7-րդ կետի, ՀՀ մարզպետարանի ենթակայության կազմակերպության գործադիր մարմինների հանձնաժողովի աշխատանքներին որպես դիտորդ պարտադիր մասնակցելու է ՀՀ առողջապահական բնագավառի պետական լիազոր մարմնի ներկայացուցիչը, որը թեև քվեարկելու իրավունք չունի, սակայն մրցույթի արդյունքներն, ըստ օրենքի, կարող են բողոքարկվել նրա կողմից։

«Դիտավորյալ չհրավիրելով նշված ներկայացուցչին՝ մրցույթն անցկացնող հանձնաժողովը նպատակ է ունեցել քողարկել մրցույթի կողմնակալ արդյունքները և վերջինիս զրկել բողոքարկման իրավունքից։

Խախտվել է նաև ՀՀ Կառավարության 992 որոշման 3-րդ կետը, ըստ որի՝ ՀՀ մարզպետարանների ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետության սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի ընտրության մրցույթի թեստային առաջադրանքների և հարցազրույցի հարցաշարերը, հայտարարության տեքստի և մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները հաստատվում են առողջապահության բնագավառի լիազոր մարմնի ղեկավարի և մարզպետի հրամանով։

Վերոգրյալ ի հիման վրա՝ խնդրում եմ նշված խախտումները քննության առնել և օրենքով նախատեսված կարգով բողոքիս ընթացք տալ», -մարզպետին հասցեագրված բողոքարկման տեքստի մեջ նշել է Աշոտ Շահբազյանը։

Մենք այս թեմայի շուրջ պարզաբանում կստանանք նաև Շիրակի մարզպետարանից։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ «Ցայգ» հեռուստաընկերության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031