Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մարդիկ կարծում են, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը երկու ժամ զբաղեցնելը խաղ ու պար է, թող իրենք գնան անեն». Կիրո Մանոյան

Հոկտեմբեր 30,2019 17:25

«296 բանաձևի համաձայն՝ ԱՄՆ-ն պետք է պատշաճորեն ոգեկոչի Հայոց ցեղասպանության զոհերին, որ ԱՄՆ-ն չպետք է հանդուրժի Հայոց ցեղասպանության ժխտումը և մասնակից դառնա դրան և երրորդ՝ անհրաժեշտ է աշխատանք տանել, որ Հայոց ցեղասպանության մասին դասավանդվի դպրոցներում»,- անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի ընդունմանը՝ «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Ըստ Կիրո Մանոյանի՝ այս բանաձևն ավելի շատ ունի քաղաքական, քան իրավական արժեք, քանի որ 35 տարի պայքար էր մղվում, որ այս բանաձևը դրվի քվեարկության. «Վերջին անգամ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում բանաձևը քվեարկության դրվել էր լիագումար նիստի ժամանակ՝ 1985 թվականին, բայց դրանից հետո ակտիվացել են Թուրքիայի ջանքերը, ԱՄՆ գործադիր իշխանությունը հաճախ խոչընդոտել է, որ օրենսդիրը նման բանաձևեր չորդեգրի, և 1984-ից սկսած բանաձև չի քվեարկվել, չի բերվել-հասցվել քվեարկության ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Այս իմաստով էլ է պատմական բանաձևի ընդունումը»:

Հիշեցմանը՝ քննարկում են, թե այլ բանաձև պետք է ընդունվեր, մեկ այլն է ընդունվել, Կիրո Մանոյանն արձագանքեց և պարզաբանեց. «Այս բանաձևը, որ որդեգրվեց, 296 բանաձևն էր: Բայց նախորդ օրը համապատասխան հանձնաժողովը քննարկում էր, թե ինչպես պետք է որդեգրվի, պետք էր, որ լիագումար նիստն էլ նման որոշում ընդուներ: 655-րդ բանաձևը դա է, թե ոնց պետք է քվեարկվեր: Նախ դրա համար եղավ քվեարկություն, այն ուղիղ գծով բաժանված էր՝ ըստ քաղաքական կուսակցությունների: Դեմոկրատները կողմ էին, Հանրապետականները համաձայն չէին, բայց դա ավելի շուտ քաղաքական առևտուր էր»:

Այն մարդկանց, որոնք թերագնահատում են բանաձևի արժեքը, Կիրո Մանոյանն այսպես բնութագրեց. «Անշուշտ, հենց մեզ մոտ էլ կան ցինիկներ, որ ասում են, թե բանաձևն արժեք չունի, իզուր ճիգ են թափել: Նրանք թող գնան իրենց հասկացած ձևով իրենց աշխատանքը տանեն: Բայց պիտի ընդունել, որ աշխարհի գերհզոր պետություններից մեկի խորհրդարանի երկու պալատներից մեկը առնվազն երկու ժամ տրամադրեց երեկ այս հարցին: Եթե մարդիկ կարծում են, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը երկու ժամ զբաղեցնելը խաղ ու պար է, թող իրենք գնան անեն: Սա հացուպանիրի հարց չի լուծելու, բայց նաև քաղաքական ազդեցության հարց է: Ընդհանրապես սա ամերիկյան համայնքի, Հայ Դատի քաղաքական ուժի ցուցադրության հարցն էր»:

Հարցին՝ բանաձևը ենթադրո՞ւմ է, որ խնդիրն արդեն կարող է Սենատ տեղափոխվել, Կիրո Մանոյանը պատասխանեց. Օրինագիծ չէ, բանաձև է, այնպես չէ, որ ինքնաբերաբար կգնա Սենատ, բայց Սենատում արդեն ներկայացված է: Սենատում կա թիվ 150 բանաձև, որ նույն բանն է ասում, և կարևորն այն է՝ դա կմղի Սենատի անդամներին, որ իրենք ևս այս բանաձևը առաջ տանեն և չթողնեն, որ այդպես մնա Սենատի օրակարգի ցանկում: Կարող է քաղաքական մթնոլորտ էլ ստեղծել այս բանաձևը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031