«Նախ պետք է հասկանանք՝ ինչո՞ւ ժամանակին չի ստուգվել, կամ արդյոք պատշա՞ճ են ստուգվել ՇՄԱԳ-ում տեղ գտած տվյալները, երկրորդը՝ ես կարծում եմ, որ էլարդի փորձագետներին իրենց տված եզրակացության շուրջ հարցաքննելու կարիք կա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը՝ խոսելով Ամուլսարի հանքի շահագործման գործի մասին:
Հարցին՝ քննվելո՞ւ է այն հանգամանքը, թե բնապահպանության նախկին նախարարը որքանով է շահագրգռված եղել թույլտվություն տալու համար՝ ՔԿ ղեկավարը պատասխանեց. «Անշուշտ, այդ հարցին էլ կանդրադառնանք, ուղղակի մի բան ասեմ՝ բնապահպանության նախարարության ՇՄԱԳ-ի ՊՈԱԿ-ը, իրենք իրենց հերթին տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված ՇՄԱԳ-ը ուղարկում են շահագրգիռ մարմիններ: Նրանց ստացված եզրակացությունների հիման վրա է նա տալիս դրական կամ բացասական եզրակացություն: Նախարարն այդտեղ գործառույթ է ունեցել միայն հաստատել կամ չհաստատել: Դա այս պահին ձեռք բերված ինֆորմացիա է, ձեր կողմից նշված հանգամանքին կանդրադառնանք քննության ժամանակ»:
Հայկ Գրիգորյանը նաեւ ասաց. «Փորձաքննություն նշանակելուց հետո մենք պահանջել ենք այն բոլոր հնարավոր փաստաթղթերը, որոնք հնարավոր է նշանակություն ունենան գործի համար: Նրանք մեզ տրամադրվել են բնապահպանության նախարարության կողմից: Սակայն երբ ՀՀ վարչապետը բնապահպանության նախարարությանը հանձնարարեց էլ ավելի խորը ուսումնասիրել՝ արդյոք նոր ՇՄԱԳ պե՞տք է, թե՞ ոչ, ի հայտ եկան մի շարք փաստաթղթեր, որը փորձագետներին չէր տրամադրվել, որոնց առկայության մասին տեղյակ չենք եղել, եւ դա պայմանավորում է քննության նոր զարգացում»:
Թե ո՞վ է թաքցրել այդ փաստաթղթերը՝ Հայկ Գրիգորյանը չասաց, բայց նշեց, որ Իվանյանի հետ կապ չունի. «Ըստ ծառայողական քննության արդյունքների, Իվանյանը ոչ մի բովանդակային եւ փաստական կապ, շահագրգռվածություն չի ունեցել»:
Կարդացեք նաև
Քննչական կոմիտեի ղեկավարը նաեւ ասաց, որ իրենց աշխատակիցները օգտվել են 30% պարգեւավճարներից. «2019-ին մենք քննել ենք 26 հազար 37 գործ, դա՝ 9 ամիսների ընթացքում,ինչը գերազանցում է 2017-ի, 2018-ի ամբողջ տարվա ծավալը, 53 քրեական գործ փոխանցվել է: Սա պետք է հուշի, թե ինչ ինտենսիվությամբ են աշխատել քննիչները, 76 գործով ավելի է դատարան ուղարկվել, կարճված գործերով ցուցանիշները շատ ավելի բարձր են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ